«ՀԱՂԹԵԼ ԵՄ ԻՆՁԱՆԻՑ 15 ՏԱՐԻ ՄԵԾ ԻՐԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ԿԱՌԼԵՆ ԹԵՎՈՅԱՆ
ՍպորտIravunk. com - ի զրուցակիցն է երիտասարդ, խոստումնալից քիքբռնցքամարտիկ, Հայաստանի 10-ակի չեմպիոն, K1-ի Հայաստանի չեմպիոն, ծնունդով Շիրակի մարզի Արթիկ քաղաքից, 19-ամյա ԿԱՌԼԵՆ ԹԵՎՈՅԱՆԸ։
- Ողջույն, Կառլեն, ինչպե՞ս ես, կպատմես քո անցած մարզական ուղու մասին։
- Լավ եմ, շնորհակալ եմ։ Էջմիածնում մասնակցել եմ միջազգային մրցաշարի, որին մասնակցում էին շուրջ 10 երկրների ներկայացուցիչներ։ Հաղթեցի ազգությամբ իրանցի մրցակցիս։ Հանդես եկա 80 կգ քաշային կարգում։ Քիքբոքսինգի Հայաստանի 10-ակի չեմպիոն եմ, Եվրոպայի չեմպիոն, K1-ի Հայաստանի չեմպիոն։
40-ից ավելի մենամարտեր եմ ունեցել, 39 հաղթանակ տոնել, կրել 1 պարտություն։ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտի ուսանող եմ կինեզոթերապիայի բաժնում եմ սովորում։ Վերջին հաղթանակս լայն մասշտաբ ստացավ, հաղթանակս նվիրեցի 2015 թվականին Քարվաճառի Օմարի թեմերում հերոսաբար զոհված հայրիկիս հիշատակին, նա կամավորական, ֆիդայի էր և Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում հերոսաբար անմահացած եղբորս ՄՆԱՑԱԿԱՆ ԱՍՈՅԱՆԻ ու մանկությանս ընկեր ՍՈՒՐԵՆ ՍՈՍՅԱՆԻ պայծառ հիշատակին։ Այդ մենամարտը, շատ հիշարժան էր, քանի որ իրանցի մրցակիցս 15 տարով մեծ էր ինձանից, սակայն ես համաձայնվեցի ու հաղթեցի տեխնիկական նոկաուտով, ավելի ուժեղ մրցակից չկար։ 2016 թվականին էլ Վրաստանի Ուռեկի քաղաքում հաղթեցի ադրբեջանցի մրցակցիս։ Բայց, մեծ երազանք ունեմ, որ ադրբեջանցի մարզիկի կարողանամ հաղթել նաև պրոֆեսիոնալ ռինգում։ Կընդունեմ յուրաքանչյուր այդպիսի հայտ, ադրբեջանցի մարզիկի հետ կապված։ Ես արդեն համագործակցում եմ Հայաստանի K1 - ի ֆեդերացիայի հետ ու սկսում եմ իմ մարզչական կարիերան։
֊ Կառլեն, իսկ պետական աջակցության արժանացե՞լ ես երբևէ։
- Ճիշտն ասած չեմ ստացել այսքան ժամանակ որևէ աջակցություն պետությունից։ Սակայն, բարերարներ, հովանավորներ կան, ովքեր ինձ աջակցել են, ինչի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը։ Իսկ ինչ խնդիրների ես բախվել? - Շատ վնասվածքներ եմ ունեցել, սպորտում անհնար է, որ չլինի որևէ վնասվածք, կողերի, ձեռքերի։ Վիրահատություն էլ եմ ենթարկվել, շուրջ 1 տարի պառկել։ Այժմ էլ ունեմ վնասվածք, սպասում եմ առողջանամ, որ կրկին Հայաստանի հավաքականի կազմում հանդես գամ Քիքբոքսինգի կամ մուայթայի։
֊ Շնորհակալություն, Կառլեն բացառիկ հարցազրույցի համար։
- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն եմ մաղթում Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

