«ՄՐՑԱԿԻՑՍ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԶԻԿ ՉԷ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ Է» ԵՎՐՈՊԱՅԻ ԵՌԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՍպորտԱպրիլի 19-ին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ փառահեղ հաղթանակ տոնեց մեր լավագույն ըմբիշներից ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն։ iravunk.com֊ի հետ զրույցում Արսենը, մեկնաբանելով իր փայլուն հաջողությունը նշեց.
«Եզրափակչից առաջ դրական էի տրամադրված։ Մրցակիցս սովորական մարզիկ չէր, Աշխարհի չեմպիոն է։ Մի քիչ անհանգստություն ունեի, սակայն հենց մտա գորգ, ամեն ինչ անցավ։ Այդ ժամանակ էլ կապ չուներ, թե ում դեմ եմ պայքարելու, պատրաստ էի հաղթել։ Ինձ չեմպիոն էի տեսնում, դրա համար էլ վստահ եկա ու առավելության հասա։
Առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում հաղթելուց հետո հույզերս բոլորովին այլ էին, երկրորդ անգամ շատ ուրախ էի, բայց սպասում էի այս մեկին, որ ինձ ապացուցեմ, իզուր չեմ գիշեր - ցերեկ մարզվել, տքնաջան պարապել։ Ամեն ինչ անելու եմ, որ այս տարի նաև Աշխարհի չեմպիոն դառնամ։ Շնորհակալ եմ մարզիչներիս, իմ կողքին լինելու համար, ընկերներիս, ինձ ոգևորելու համար, հայրենակիցներիցս, ջերմ շնորհավորանքների համար, դեռ շատ երկար ճանապարհ ունենք միասին անցնելու։ Ես մինչև վերջ հավատում եմ իմ մարզիչներին, իրենց շնորհիվ ենք իրականացնում մեր երազանքները։ Սպասված մեդալ էր ինձ համար, անբացատրելի զգացողություններ ունեցա, երբ ձեռքիս մեջ շոշափեցի երրորդ ոսկե մեդալը։ Շատ ուրախ եմ և երջանիկ։ Հաջորդ անգամ արդեն քաշային կարգս փոխելու եմ ու 57 կգ քաշային կարգում եմ հանդես գալու»։
Հիշեցնենք, որ եզրափակիչ մրցամարտում Արսենը 61 կգ հաշվով հաղթելով Ալբանիայի ներկայացուցիչ, Աշխարհի չեմպիոն Զելիման Արսկարվին, հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն։ Հայ ըմբիշը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 7։0 հաշվով հաղթել էր ազգությամբ թուրք Էմրահ Օրմանօղլուին։ Կիսաեզրափակչում էլ Արսենը տուշեով, այսինքն ժամանակից շուտ հաղթեց Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակցին Արման Էլոյանին։ Շատ ուրախալի է, որ Արսենից առաջ մեր մյուս լավագույն ըմբիշը ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԸ, դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Այսինքն, հեռավոր 1994 թվականից հետո, 29 տարի անց, Հայաստանն ունեցավ միանգամից երկու չեմպիոն Եվրոպայի առաջնության ժամանակ։ Փառք ու պատիվ մեր չեմպիոններին, նման գեղեցիկ հաղթանակների կարիք, մեր ազգը շատ ունի։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

