«Հաղթել եմ երեք ադրբեջանցի ու մեկ վրացի մարզիկների» ՔԻՔԲՈՔՍԻՆԳԻ, ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ
ՍպորտIravunk. com-ի զրուցակիցն է Քիքբոքսինգի խառը մենամարտերի /MMA /և k1 - ի պրոֆեսիոնալ մարզիկ, ծնունդով Գավառից, 18-ամյա ԼԵՎՈՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ։
- Ողջույն, Լևոն։ Ե՞րբ սկսեցիր զբաղվել սպորտով:
- Սպորտով սկսել եմ զբաղվել 11 տարեկանից։ Սկզբում չէի պատկերացնում, որ կկարողանամ խորանալ սպորտի մեջ, զուտ հաճախել եմ իմ համար սիրողական մարզվելու։ Հետո հասկացա, որ ստացվում է մոտս ու քիչ - քիչ սկսեցի մրցաշարերի մասնակցել։
- Իսկ ո՞րն է քո հաջողության գրավականը։
- Քրտնաջան աշխատանքը, շատ հաճույքներից զրկվելը ու միայն պարապմունքների մեջ խորանալը։ Կուզենամ, որ երկրից դուրս շատ մրցումների մասնակցեմ ու հաղթեմ, մեր երկրի դրոշը բարձր պահեմ։ Հանդես եմ գալիս 65-67կգ քաշային կարգերում։
- Ազատ ժամանակ ունենո՞ւմ ես սպորտից դուրս:
- Ունենում եմ, հիմնականում անցկացնում եմ ընկերներիս, հարազատներիս հետ։
- Լևոն, իսկ որտե՞ղ ես անցկացնում պարապմունքներդ։
- Պարապում եմ Գավառում, այժմ մենակ եմ պարապում։ Ցավոք, անձնական մարզիչս մահացավ ու նրա մահից հետո, երկու պրոֆեսիոնալ մենամարտերիս լրիվ մենակ եմ պատրաստվել։ Ներկայացնում եմ «Ղուլինյան» մարզական ակումբը։ 2017 թվականից սկսած, զբաղեցրել եմ հետևյալ պատվավոր հորիզոնականները, 2017-ին Հայաստանի բազմակի չեմպիոն, 2018-ին Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև հաղթելով երեք ադրբեջանցի և մեկ վրացի մարզիկների, դարձել եմ Կովկասի չեմպիոն /k1 /մարզաձևով ։2019-ին Հայաստանի չեմպիոն, ինչպես նաև հաղթել եմ մեկ վրացի և մեկ ադրբեջանցի մարզիկների դարձել եմ Եվրասիայի չեմպիոն, 2020֊2021թթ. Հայաստանի կրկնակի չեմպիոն, պրոֆեսիոնալ գոտու հաղթանակով, 2023֊ին կրկին հաղթանակած վերադարձա պրոֆեսիոնալ գոտու հաղթնակով /k1 / մարզաձևով ։
- Ինչ ես մտածում այն պահին երբ ռինգ ես մտնում:
- Միայն ու միայն հաղթանակի մասին եմ մտածում։ Ինձ տրամադրում եմ միայն հաղթանակի համար։
- Հետաքրքիր է, կա՞ որևէ անվանի մարզիկ, որ նրանից ոգևորվել ես ու զբաղվել սպորտով:
- Շատ մարզիկներ կան, որ հետևում եմ իրենց։ Դիտում եմ նրանց անցկացրած մենամարտերը, բայց կոնկրետ մարզիկ չկա, ումից ոգևորված լինեմ:
- Եթե սպորտով չզբաղվեիր, ինչո՞վ կզբաղվեիր։
- Չգիտեմ, եթե Աստված քեզ այս շնորհն է տվել, երևի հենց սրա համար էլ նախատեսված ես։ Ճիշտն ասած, ուրիշ մասնագիտության մասին չեմ էլ մտածել։ Մեզ մոտ Գավառում մարզադահլիճ ունենք, որը ապահովված է ողջ մարզական գույքով, պարապմունքները լիարժեք իրականացնելու համար։ Մի փոքր խումբ ունեմ, սաներիս հետ էլ եմ պարապմունքներ անցկացնում, փոխանցում իմ տարիների կուտակած մարզական գիտելիքները, փորձը, հմտությունները, կարողությունները։
- Լևոն, կարող ես ասել տարբերությունը երբ Հայաստանում ես ունենում մենամարտ և Հայաստանից դուրս այլ օտար երկրում:
- Անկեղծ ասած երկու դեպքում էլ պատասխանատվությունը շատ մեծ է։ Երկրից դուրս մենամարտերին դու պիտի գիտակցես, որ քո երկիրն ես ներկայացնում ու մենամարտում ես տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև թուրք և ադրբեջանցի մարզիկների հետ ու պատասխանատվությունը շատ մեծ է, երբ մենամարտում ես ուրիշ ազգի մարզիկի հետ ու տեսնում կողքից քո հայ ժողովրդի ոգևորությունը, դա արդեն ամեն ինչ է մարզիկի համար։ Կովկասի առաջնության ժամանակ, մենամարտել եմ 3 ադրբեջանցի մարզիկի հետ ու երեքին էլ հաղթել եմ։ Ինչպես նշեցի, երբ ուրիշ երկրում ես մենամարտում, այն էլ ադրբեջանցու հետ, չես կարող բացի հաղթանակից, ուրիշ բանի մասին մտածել, չէ որ դու դրանով քո ազգի անունն ու պատիվն ես բարձր պահում։
- Շնորհակալություն, բացառիկ հարցազրույցի համար։
- Ես էլ եմ շնորհակալ, որ լուսաբանում եք մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն եմ մաղթում:
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

