«... Ու ՀԵՆՑ ԵՐՐՈՐԴ ՌԱՈՒՆԴՈՒՄ ԷԼ ՀԱՂԹԵՑԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿԻՆ». ԹԵՔՎԱՆԴՈՅԻ ՀՆԳԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ՍՈՒՐԵՆ ԱՅԴԻՆՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի զրուցակիցն է Թեքվանդոյի Հայաստանի հնգակի չեմպիոն, Եվրոպայի մրցանակակիր, 23-ամյա ՍՈՒՐԵՆ ԱՅԴԻՆՅԱՆԸ։ Հաշվի առնելով մարզաձևի հանդեպ աճող հետաքրքրությունը, փորձեցինք նաև պարզել, թե ինչ է այն իրենից ներկայացնում։ Այն համարվում է կորեական մարտարվեստ։ Մարտերի ժամանակ մրցակիցներին թույլատրվում է հարվածել ձեռքերով և ոտքերով, կատարել գցումներ։ Հաղթանակը տրվում է տեխնիկական հնարքների համար ստացած միավորների քանակով, նոկաուտով և մրցավարների որոշմամբ։ Մարզիկները հագնում են կիմանո, կրում են բռնցքամարտիկի լանջապանակ /կրծքապանակ /, իսկ դաստակները փաթաթում են էլաստիկ վիրակապով։
- Սուրեն, իսկ ինչ առանձնահատկություններ ունի այս մարզաձևը։
- Ակտիվ օգտագործել ոտքերը և ձեռքերը մարտում։ Հնում, թեքվանդոյի գերխնդիրը եղել է ձիավորին թամբից գցելը։ Տեկվանդո անունը կազմված է երեք բառից Տե-ոտք, Կվոն - բռունցք, Դո - արվեստ։
- Կարող ես պատմել քո ունեցած ամենահիշարժան մենամարտի մասին։
- 2018 թվականին էր, Իրանում։ Ասիայի առաջնության ժամանակ 25։21 հաշվով հաղթել եմ ադրբեջանցի մրցակցիս, որը Աշխարհի առաջնության մեդալակիր էր։ Հանդես եմ եկել 54 կգ քաշային կարգում։ Պայքարը իսկապես շատ թեժ էր ընթանում։ Ինձ մոտ մի գերբնական ուժ առաջացավ, ես կարծես լրիվ անջատված լինեի, միայն հաղթանակի մասին էի մտածում ու հարվածների տարափ անում մրցակցիս։ Մենամարտը երեք ռաունդանոց էր, ու հենց երրորդ ռաունդում էլ հաղթեցի ադրբեջանցի մարզիկին։ Մրցավարներից երկուսը ադրբեջանցի էին, նրանք փորձում էին կողմնապահություն անել, սակայն դա նրանց չհաջողվեց, քանի որ իմ հաղթանակը բացահայտ ակնհայտ էր, ու մյուս երկու մրցավարները թույլ չտվեցին իմ հաղթանակը գողանալ։ Նշեմ, որ ադրբեջանցի շատ երկրպագուներ էլ կային այդտեղ, նրանք ուզում էին անախորժություններ սարքել, բայց դա նրանց չհաջողվեց։ Ես մեր եռագույն դրոշը ծածանեցի հաղթանակից հետո, որը երբեք չեմ մոռանա ու շատ հպարտ եմ։
- Իսկ ինչ խնդիրների ես բախվել։
- Բավականին շատ վնասվածքներ եմ ունեցել, սպորտում անհնար է առանց դրա։ 2015-ին ձեռքս ճաքել էր Եվրոպայի առաջնությունից առաջ, բայց այդպես մասնակցել եմ, 2017-ին էլ աջ ոտքի վնասվածք ունեի, այդպես մասնակցեցի ու Հայաստանի չեմպիոն դարձա։ ՌԴ Կազան քաղաքում Եվրոպայի առաջնությանը անարդար վերաբերվեցին մրցավարները, իմ հաղթանակը գողացան ու տվեցին ռուս մարզիկին, քանի որ ՌԴ - ում էր մրցաշարը, իբր 11։9 հաշվով ինձ հաղթեց, սակայն ես էի հաղթել։
- Սուրեն, իսկ պետական աջակցության արժանանում ես։
- Ցավոք, ոչ, չեմ արժանանում։ Կուզենամ, որ մեր երկրում սպորտի վիճակը, մեր մարզիկների վիճակը ավելի լավ լինի։ Հայ ազգի մեջ կա մի մեծ գերբնական ուժ, որը չկա ուրիշ ոչ մի ազգի գենի մեջ։ Պետությունը պետք է ուշադրություն դարձնի, ֆինանսապես աջակցի, որպեսզի վիտամիններ կամ այլ կարիքներ, ծախսեր հոգալու համար չլքենք մեր երկիրը։ Անկեղծ ասած, ես շատ երկրներից ՌԴ -ից, Իրանից ստացել եմ հրավերքներ իրենց երկրի դրոշի ներքո հանդես գալու համար, նկատել են իմ մարտերը, սակայն ես հրաժարվել եմ, սպասելով դրական վերաբերմունքի։ Ցավոք, չկա որևէ տեղաշարժ։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

