Շատ էի ուզում նվաճել ոսկե մեդալը. բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Դավիթ Սիմոնյան
ՍպորտԵրևանում ավարտված Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության ժամանակ, չեմպիոնի տիտղոսը նվաճել է, ծնունդով Կոտայքի մարզի Զովունի գյուղից ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԸ։ Նա ճանաչվել է նաև Եվրոպայի առաջնության լավագույն մարզիկ։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե մեդալ է նվաճել, թիմային հաշվարկում զբաղեցնելով երրորդ տեղը։ Բրոնզե մեդալ է նվաճել նաև կանանց հավաքականը 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը։ Iravunk.com-ին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել միակ ոսկե մեդալը նվաճած Եվրոպայի նորընծա չեմպիոնի հետ։
- Ողջույն, Դավիթ։ Շնորհավորում ենք տպավորիչ հաղթանակի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 86 կգ քաշային կարգում։ Երեք մենամարտ ունեցա։ Առաջինը ազգությամբ հունգարացի մարզիկի հետ էի պայքարում, շատ լավ պատրաստված, պինդ մարզիկ էր։ Ի դեպ, նշեմ, որ նախկինում նրա հետ էլի եմ ունեցել մենամարտ ու հաղթել։ Երկրորդ մենամարտում մրցակիցս ռումինացի էր, նա ևս լավ պատրաստված ուժեղ մարզիկ էր, նրան ևս հաղթել էի նախկինում։ Եզրափակչում մրցակիցս իտալացի բռնցքամարտիկ էր Ջոնաթան Պիսանոն։ Նրան չէի ճանաչում, կամային բարձր հատկություններով օժտված մարզիկ էր, սակայն ես 5-0 հաշվով հաղթեցի։ Առաջին ռաունդում նոկդաունի ենթարկեցի ու ամբողջ մարտի ընթացքում ունեցա բացահայտ առավելություն։
- Կարո՞ղ ես առանձնացնել, թե որ մենամարտը առավել բարդ տրվեց։
- Եզրափակիչ մենամարտը իտալացի մարզիկի հետ։ Պայքարը իսկապես շատ թեժ էր, քանի որ ոսկու համար էր։ Հենց երրորդ մենամարտում ես զգացի, որ հաղթանակը շատ մոտ է։
- 16 տարեկան ես, արդեն Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն։ Ի՞նչ կտա քեզ այս հաղթանակը։
- Շատ մեծ ճանաչում, մեծ հպարտություն, որ կարողացա իմ երկրում ուրախացնել հարազատներիս, ընկերներիս, իմ ամբողջ հայ ազգին, հնչեցնելով երկրիս հիմնը, ծածանելով եռագույն դրոշը։ Ինձ մեծ փորձ ու վստահություն կներշնչի այս հաղթանակը։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, զոհված զինվորներին, իմ եղբայրներին։ Մենք մեր անմահ հերոսների շնորհիվ կարողացանք անցկացնել այսպիսի գեղեցիկ, անմոռանալի առաջնություն Երևանում, հեշտ չի կազմակերպել նման մրցաշար։
- Իսկ հաղթանակից հետո՝ ի՞նչ զգացողություններ առաջացան։
- Անբացատրելի զգացողություններ առաջացան, որ հիմա դժվարանում եմ ասել։ Իսկապես, շատ էի ուրախացել, հատկապես շատ էի ուզում նվաճել ոսկե մեդալը, քանի որ ոչ մի ոսկի չկար նվաճած մեր երկրի համար։
- Հետաքրքիր է՝ Ձեր ազգի մեջ կա՞ն մարզիկներ։
- Իհարկե, մորեղբայրս ու հայրս ըմբշամարտով են զբաղվել, անվանի ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանն էլ իմ հարազատն է։ Ես սկզբից քրոջս հետ լողի պարապմունքների էի գնում, հետո թողեցի լողը ու սկսեցի բռնցքամարտով զբաղվել։
- Իսկ ազատ ժամանակ ունենո՞ւմ ես, ինչո՞վ ես սիրում զբաղվել։
- Այո, ունենում եմ, հրաձգությամբ ու լողով եմ զբաղվում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

