«44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՇՄՎԱԾ ԶԻՆՎՈՐԸ ԹՇՆԱՄՈՒՆ ՀԱՂԹԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ»
ՍպորտՀայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի պատվիրակությունը վերջերս Մոլդովայի Քիշնև քաղաքում 15 մարզիկով մասնակցել է հաշմանդամային բազկամարտի Եվրոպայի 24-րդ առաջնությանը ։Մեր բազկամարտիկները մրցել են ձախ և աջ ձեռքերով, նվաճելով 7 ոսկե, 5 արծաթե և 9 բրոնզե մեդալ։ Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել Սարգիս Ստեփանյանը, Սարգիս Հարությունյանը, Նաիրա Մեսրոպյանը, Սարգիս Խաչատրյանը և Գուրգեն Անտոնյանը, բրոնզե մեդալ է նվաճել Շահեն Բաբայանը։
Սարգիս Հարությունյանն ու Նաիրա Մեսրոպյանը ոսկե մեդալներ են նվաճել թե աջ, թե ձախ ձեռքի մրցումներում։
Iravunk.com-ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել ծնունդով Արցախից, 44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ, ով այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
- Մրցաշարը շատ լավ էր կազմակերպված, ինչպես որ պլանավորել էի, հենց այդպես էլ անցավ, հաղթեցի ազգությամբ թուրք մարզիկին ու Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցի։ Առաջին օրը ձախ ձեռքով հաղթեցի, իսկ երկրորդ օրը աջ ձեռքով։ Շատ ուրախացա, որ կարողացա հաղթել թուրք մրցակցիս, շատ աննկարագրելի էին զգացողություններս։ Հանդես եկա 55 կգ քաշային կարգում։ Սա արդեն երկրորդ անգամ է, որ դառնում եմ Եվրոպայի չեմպիոն, անցած տարի էլ եմ հաղթել կրկին թուրք մարզիկի։ Ես նաև Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր եմ։ 22 տարեկան եմ, այժմ Երևանում եմ գտնվում, քանի որ Արցախ չեմ կարող գնալ ճանապարհի փակ լինելու պատճառով։ Ծնվել եմ Արցախի Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում։ 1,5 տարվա ծառայող էի, երբ սկսվեց 44-օրյա դաժան պատերազմը։ Ծառայել եմ Մարտակերտում, մարտական հերթապահության անցել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մարտական դիրքում։ Հոկտեմբերի 28-ին ծանր վիրավորվել եմ ու տեղափոխվել Մարտունու հոսպոտալ, բայց ճանապարհին շտապօգնության մեքենան շրջվում է, մեծ դժվարությամբ երկրորդ մեքենայով հասցնում են հիվանդանոց։ Հիշում եմ, բոլոր մանրամասներով, գիտակցությունս տեղն էր ։Հոսպիտալում, երբ ասել են, որ փրկվել եմ, դրանից հետո միայն կորցրել եմ գիտակցությունս։ Աչքերս բացել եմ Ստեփանակերտի հիվանդանոցում, երկու օր հետո էլ Երևան եմ տեղափոխվել։ Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրում մնացել եմ մինչև նոյեմբերի 21-ը, որտեղ էլ 3 վիրահատություն տարել։
- Սարգիս, ինչ հետագա ծրագրեր կան։
-Երկու ամիս հետո Ղազախստանում կկայանա Աշխարհի առաջնությունը։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

