«ԱՄԵՆԱԲԱՐԴԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄԱՐԶԻԿԻ ՀԵՏ ԳՈՏԵՄԱՐՏՆ ԷՐ». ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՅՈՒՐԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ
ՍպորտՎերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնության ժամանակ, բրոնզե մեդալ է նվաճել Արարատի մարզադպրոցի սան Եվրոպայի կրկնակի բրոնզե և արծաթե մեդալակիր ՅՈՒՐԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ:
Iravunk. com -ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ ՅՈՒՐԻԻ հետ։
- Շնորհավորում ենք, Յուրի, այս նվաճման առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 45 կգ քաշային կարգում։ Ընդհանուր չորս գոտեմարտ ունեցա։ Այնպես ստացվեց, որ բոլոր գոտեմարտերը ավարտվեցին 8։0 հաշվով։ Սկզբից հաղթեցի ազգությամբ լեհ մրցակցիս, այնուհետև Խորվաթիայի ներկայացուցչին, հետո վրացի մրցակցիս, ափսոս կիսաեզրափակչում պարտվեցի ադրբեջանցի մրցակցիս։ Եթե հաղթեի նրան, ապա եզրափակչում ռուս մարզիկի հետ կգոտեմարտեի, ում նախկինում հաղթել եմ։
- Յուրի, ամենաբարդը որ գոտեմարտը կարող ես համարել:
- Կիսաեզրափակիչը, ադրբեջանցի մարզիկի հետ ։
- Յուրի, երբ ես սկսել զբաղվել սպորտով:
- 5 տարեկանից եմ սկսել զբաղվել սպորտով։ Անվանի ըմբիշ Արմեն Նազարյանը իմ հարազատներից է, հենց նրանից էլ ոգեշնչվել եմ։ Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզադպրոցի սան եմ։Պարապում եմ և այդ մարզադպրոցում և Արարատի մարզադպրոցում։ Անձնական մարզիչներս են Հարութ Հովհաննիսյանը և Ռոբերտ Ասրյանը։ Ես մինչև 15 տարեկանների Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիր եմ, մինչև 17 տարեկանների արծաթե մեդալակիր։ Ուսումնամարզական հավաքների ենք մասնակցել Ծաղկաձորում, Օլիմպավանում և Իրանի մայրաքաղաք Թեհրանում։
- Իսկ պետական աջակցություն ստանում ես։
֊ Մեկ անգամ ստացել եմ։
- Յուրի, հետաքրքիր է, ինչը խանգարեց, որ չկարողացար հաղթել ադրբեջանցի մարզիկին:
- Շատ էմոցիաներ ունեցա, բնական է մեզ համար թշնամի երկրից էր, անկեղծ ասած շտապեցի, որ վաղաժամ հաղթեի, շանս տվեցի նրան, նա էլ պահը բաց չթողեց, օգտվեց, այդպես չստացվեց հաղթել։ Սակայն, Աշխարհի առաջնությանը կուղղեմ սխալս, հոգեբանորեն ավելի լավ կտրամադրվեմ, որպեսզի չեմպիոնի տիտղոսը նվաճեմ։ Յուրի, իսկ երբ կկայանա Աշխարհի առաջնությունը։ Հուլիսի 31֊ից օգոստոսի 7֊ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։
- Ի՛նչ նպատակներ ունես:
- Երազում եմ նվաճել Օլիմպիական ոսկե մեդալը։
- Շնորհակալություն, Յուրի, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ անչափ զգացված եմ, որ չեք անտեսում ու լուսաբանում եք մեր նվաճումների մասին, մենք շատ ունենք կարիքը։ Անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

