«ԲԱՐԴ ՄՐՑԱՇԱՐ ԷՐ, ՀԱՎԱՔԱԿԱՆԸ 57 ՄԱՐԶԻԿՈՎ ՆՎԱՃԵԼ Է 3 ՄԵԴԱԼ». ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՆԱՐԵԿ ԽԱՉԻԿՅԱՆ
ՍպորտՎերջերս, Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված Եվրոպական ամառային խաղերի «Փոքր Օլիմպիադայի» ժամանակ մեր երկրի մարզիկներից, «Հայաստանի ԻՖՄԱ մուայթայի» ֆեդերացիայի ներկայացուցիչ, ծնունդով Գավառի շրջանի Սարուխան գյուղից, 24-ամյա ՆԱՐԵԿ ԽԱՉԻԿՅԱՆԸ, հանդես է եկել 60 կգ քաշային կարգում և բրոնզե մեդալ նվաճել։
Iravunk. com -ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու զրուցել արդեն հայրենիք վերադարձած Նարեկի հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
«Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Մրցակիցներս բավականին ուժեղ էին։ Խմբի մեջ չկար որևէ միջին մակարդակի մարզիկ, բոլորն էլ շատ փորձառու, մեծ նվաճումներ ունեցող մարզիկներ էին։ Երկու մարզիկի հետ եմ մենամարտել։ Սկզբից ազգությամբ գերմանացի մարզիկի հետ, ում մենամարտի երկրորդ ռաունդի առաջին րոպեին նոկաուտի ենթարկեցի։ Ափսոս, հաջորդ մրցակցիս, որը ազգությամբ բելգիացի էր, 27-30 հաշվով պարտվեցի» ։
֊ Նարեկ, իսկ ինչպիսի մարզավիճակում էիր գտնվում։
- Որևէ վնասվածք չունեի ու շատ լավ մարզավիճակում էի գտնվում։ Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել այս մեդալը։ Բավականին բարդ մրցաշար էր, հավաքականը 57 մարզիկով նվաճել է 3 մեդալը, ինչը ևս մրցաշարի բարձր մակարդակի մասին է վկայում։ Նշեմ, որ մեր միջոցներով ենք մասնակցել, պետությունը եթե աջակցեր, լավ կլիներ։ Հաջողության հասնելու համար հիմնական շեշտը դրել էինք արագության ու դիմացկունության վրա։ Լեհաստան էինք մեկնել հաղթական տրամադրվածությամբ։
- Ինչ կտա քեզ այս նվաճումը։
- Մեծ փորձ, ոգևորություն, որպեսզի հետագայում էլ ավելի լավ մարզվեմ ու հասնեմ ավելի մեծ նվաճումների։ Ես սրանով չեմ սահմանափակվելու։ Այս նվաճումը ինձ տվեց նաև ճանաչում։
- Իսկ ինչ զգացողություններ առաջացան այս նվաճումից հետո? - Շատ աննկարագրելի զգացողություններ, որ բառերով չեմ կարող ասել, ուրախություն, հպարտություն, շատ մեծ ոգևորվածություն ։ Շատ հաճելի է, երբ կան երկրներ, որ մեզ չեն ճանաչում, սակայն մեր անցկացրած մենամարտերի, նվաճումների շնորհիվ ծանոթանում են մեր երկրի հետ։
- Նարեկ, իսկ հետագա ծրագրերի մասին ինչ կարող ես ասել։
- Դեկտեմբերին Թուրքիայի Անթալիա քաղաքում Եվրոպայի առաջնությանը պիտի մասնակցենք, սպասում ենք, որ կունենանք պետական աջակցություն, ֆեդերացիային հասանելիք ֆինանսավորումը կիրականացվի, որ կարողանանք մասնակցել։ Լիահույս եմ, որ ամեն ինչ լավ կլինի։ Նշեմ, որ Եվրոպական խաղերի ժամանակ, Օլիմպիական կոմիտեն մեզ աջակցեց մեծապես, ապահովեց մարզահագուստով ու ոչ միայն։ Մենք կարդարացնենք բոլորի հույսերը ու նորանոր մեծ նվաճումներ կգրանցենք։
- Նարեկ, հետաքրքիր է, իսկ սպորտից դուրս ազատ ժամանակ ունենում ես ու ինչով ես զբաղվում։
- Շատ քիչ, բայց լինում է, ընթերցանությամբ եմ զբաղվում, «Աստվածաշունչ» եմ կարդում։
Իսկ Նարեկի անձնական մարզիչը ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, այսպես բնութագրեց իր սանին. «Նարեկի ամենաբարձր որակը համարում եմ համարձակությունը և մեծ ձգտումը։ Նա չի վախենում չարչարվելուց, ծանր ու խիստ պարապմունքներից, այդ իսկ պատճառով էլ նման լավ արդյունքներ է գրանցում։ Մուայթայը, պետական մակարդակով աջակցության կարիք ունի։ Նարեկը, ամիսներ առաջ, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Քիքբոքսինգի Կովկասի տարածաշրջանային Ինտերնացիոնալ սպորտի միջազգային գոտու խաղարկությունում դարձավ ISKA CAUCASUS REGIONAL TITLE -ի հաղթող»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

