Ամենադժվարը անցավ չեխ մարզիկի հետ պայքարը
ՍպորտՎերջերս Չեխիայի Չեսկա Լիպա քաղաքում կայացած Ուժային եռամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ հաջող են հանդես եկել մեր երկրի մարզիկները։ Հաղթողի տիտղոսը նվաճել են Նշան Մալխասյանը, Հայկ Բարսամյանը և Սարգիս Ստամբոլցյանը։
Iravunk. com-ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ ուժային եռամարտի Հայաստանի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, երիտասարդների Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ՍԱՐԳԻՍ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ, ով այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
«Հանդես եկա 110 կգ քաշային կարգում։ 250, 230 և 130 կգ եմ բարձրացրել, ընդհանուր 610 կգ։ Շուրջ 14 մասնակից կար իմ քաշային կարգում, ազգությամբ լեհ, գերմանացի, սլովակ, հույն, չեխ։
Ամենադժվարը անցավ չեխ մարզիկի հետ պայքարը։ Հաղթանակս նվիրում եմ Արցախում շրջափակված մարդկանց ու լիահույս եմ, որ լավ է լինելու ամեն ինչ»։
- Սարգիս, կպատմես քո անցած մարզական ուղու մասին։
- Ծնունդով Կոտայքի մարզի Պտղնի գյուղից եմ։ Սովորել և ավարտել եմ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզչամանկավարժական ֆակուլտետի ծանրամարտի բաժինը։ 11 տարեկանից սկսել եմ զբաղվել սպորտով, ծանրամարտի պարապմունքների հաճախել։ 2013 թվականին ինստիտուտում կայացած մրցաշարի ժամանակ ճանաչվել եմ հաղթող։ 2015-ից սկսեցի զբաղվել նաև ուժային եռամարտ մարզաձևով։ 2017-ի մայիսին Ուկրաինայի Լուցք քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ գրավեցի առաջին տեղը։ Այնուհետև Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած երիտասարդների Աշխարհի առաջնությունում գրավեցի առաջին հորիզոնականը։ 2017 թվականին միջազգային Օլիմպիական ԿՀՄ-ի կողմից արժանացել եմ միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման ։ 2018-ին Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում գրավեցի առաջին տեղը։
- Սարգիս, իսկ առաջիկա ծրագրերի մասին ինչ կարող ես ասել։
- Սեպտեմբերի 19-23-ը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կկայանա Աշխարհի առաջնությունը։
- Ուժային եռամարտը /Պաուերլիֆթինգը/ ինչքանո՞վ է մեզ մոտ տարածված։ Այն ինչ է իրենից ներկայացնում։
- Ուժային եռամարտը մեր երկրում վերջին տարիներին բավականին տարածված մարզաձև է համարվում։ Մի այնպիսի մարզաձև է, որը տարբերվում է բոլոր մարզաձևերից իր աննկարագրելի ծանր կիլոգրամներով։ Եռամարտի մի օրվա մարզումը քեզանից խլում է ամբողջ էներգիայիդ գրեթե 80 տոկոսը, վերականգնվելու համար քեզ պետք է 3-5 օր։ Իր մեջ ներառում է երեք տարբեր վարժություններ կքանիստ, պառկած դիրքից սեղմում դեպի վեր և պոկում գետնից մինչև գոտկատեղը։Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահը Գագիկ Տոնոյանն է, նա ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մեր երկրում զարգանա, մեծ մասսայականություն վայելի այս մարզաձևը։
- Իսկ ինչ խորհուրդ ունես մատաղ սերնդին։
- Խորհուրդ կտամ կտրվեն հեռախոսներից, սմարթֆոններից, քանի որ տեսողության վրա էլ է բացասական ազդեցություն ունենում և զբաղվեն սպորտով, լինեն կոփված, կարողանան տիրապետել հնարքների, ֆիզիկապես ուժեղ, առողջ լինեն։ Ցավոք, շրջապատված ենք թշնամի երկրներով, պիտի պարապենք, լինենք շատ ուժեղ, հզոր ու տոկուն։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

