Սպերցյանը միջազգային մակարդակի ֆուտբոլիստ է. Սյոմին
ՍպորտՄոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Ամստերդամի «Այաքս» հնարավոր տեղափոխության մասին:
«Բոլոր ֆուտբոլիստները, որոնք խաղում ենք «Այաքսում», աճ են գրանցում և հետագայում հայտնվում են ավելի ուժեղ ակումբներում: Կարծում եմ, որ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այն ֆուտբոլիստներից է, որը շատ բաների կարող է հասնել կարիերայում:
Նա պետք է որոշի՝ հեռանալ, թե ոչ: Սպերցյանը լավ է խաղում և՛ ակումբում, և՛ Հայաստանի հավաքականում: Նա միջազգային մակարդակի ֆուտբոլիստ է, այդ իսկ պատճառով էլ կարծում եմ, որ նա կաճի և կկարողանա ամրապնդվել «Այաքսում»»,- Սյոմինի խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այաքսը» 8.5 + 2 միլիոն եվրո է առաջարկել «Կրասնոդարին»՝ Սպերցյանի տեղափոխության դիմաց, ինչպես նաև տրանսֆերի վերավաճառքից 10 տոկոս եկամուտ: Բայց «Կրասնոդարը» այս առաջարկը մերժել է։

