«Աշխարհի առաջնության ժամանակ, վնասվածք էլ ունեի, սակայն հետո ապաքինվեցի». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՍպորտIravunk. com -ի մարզական թղթակիցը, զրուցել է վերջերս Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած, Ծանրամարտի Մ15 և Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության ժամանակ, արծաթե մեդալ նվաճած ծանրամարտիկ, ծնունդով Շիրակի մարզի Անուշավան գյուղից ՀՈՎՀԱՆՆԵՍ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Հովհաննես, կպատմես քո մրցելույթի մասին։
- Հանդես եմ եկել 81 կգ քաշային կարգում։ Հրում վարժության ժամանակ բարձրացրել եմ 172 կգ ծանրաձողը, իսկ պոկումի ժամանակ 140 կգ, երկամարտում 312 կգ արդյունքով, գրավեցի երկրորդ տեղը ու արծաթե մեդալի արժանացա։ Մրցակիցներս ազգությամբ վրացի ու ռումինացի ծանրորդներ էին։ Սա բավականին մեծ նվաճում էր ինձ համար, ինչի համար շատ ուրախ եմ։ Ուսումնամարզական հավաքների էինք մասնակցել Ծաղկաձորում և Օլիմպավանում։ Սրանով չեմ բավարարվելու, կոգևորվեմ ու կձգտեմ արդեն հաջորդ անգամ ոսկե մեդալին հասնելու համար։ Այս տարի, Ալբանիայում կայացած Երիտասարդների Աշխարհի առաջնության ժամանակ էլ չորրորդ տեղն էի գրավել։ 2021 թվականին դարձել եմ Հայաստանի պատանիների առաջնության չեմպիոն, 2022 - ին, երիտասարդների փոխչեմպիոն, նույն թվականին Լեհաստանում Եվրոպայի առաջնության 5-րդ տեղն եմ գրավել։ Աշխարհի առաջնության ժամանակ, վնասվածք էլ ունեի, սակայն հետո ապաքինվեցի։ Երազում եմ նվաճել ամենաբաղձալին Օլիմպիական ոսկե մեդալը։ Ունեմ նաև Հայաստանի սպորտի վարպետի կոչում։ Պարապմունքներս անցկացնում եմ Գյումրիի «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում» ։ Անձնական մարզիչս Վահան Բիչախչյանն է։ Այստեղ կան հարմար պայմաններ, պարապմունքները լիարժեք իրականացնելու համար։ Մենք, շատ լավ ենք գիտակցում, թե ինչպիսի լեգենդար մարզիկ է եղել Յուրի Վարդանյանը և ուզում ենք նրա նման մեծ հաջողությունների հասնել։
- Հովհաննես, հետաքրքիր է, իսկ Ձեր Անուշավան գյուղում կա մարզադահլիճ ։
- Կա, սակայն հին է, այժմ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, շուտով կկարողանանք այնտեղ էլ անցկացնել պարապմունքներ։
- Հովհաննես, տեղյակ եմ, որ հարազատ եղբայրդ Գևորգը ևս ծանրամարտիկ է։
- Այո, եղբայրս պատանիների Եվրոպայի չեմպիոն է, Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր, Աշխարհի բրոնզե մեդալակիր։Ես հենց նրանից էլ ոգեշնչվեցի ու սկսեցի զբաղվել սպորտով, ծանրամարտով: Ինձ շատ գրավեց այս մարզաձևը ու հիմա իմ առօյան էլ չեմ պատկերացնում առանց ծանրամարտի։
- Շնորհակալություն, Հովհաննես, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շնորհակալ, որ լուսաբանում եք մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն, Ձեր «Իրավունք» թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԱՐԳՍՅԱՆԸ

