«ԵՐԿԱՄԱՐՏԻ 313 ԿԳ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄՆԱՑԱԿԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՍպորտՀայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, 81 կգ քաշային, ծնունդով Արարատ քաղաքից ՄՆԱՑԱԿԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտված Ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում, բրոնզե մեդալ է նվաճել, երկամարտի 313 կգ արդյունքով /138+175/, Աբրահամյանը հանդես գալով Մ20 տարեկանների պայքարում, նաև փոքր արծաթե մեդալ է նվաճել, հրում վարժությունում գլխավերևում պահելով 175 կգ ծանրաձողը։ Ավելի վաղ, Գառնիկ Չոլակյանը /61կգ /, ոսկե մեդալ էր նվաճել Մ23 տարեկանների պայքարում, Ալեքսանդրա Գրիգորյանը 58 կգ, Սեյրան Խուդանյանը 55 կգ և Մերուժան Եղոյանը 61 կգ, բրոնզե մեդալ են նվաճել Մ20 տարեկանների մրցումներում, իսկ Տիգրան Կարապետյանը 67 կգ և Գոռ Սահակյանը 73 կգ, դարձել են արծաթե մեդալակիր։ Եվ ահա, Iravunk. com-ի մարզական թղթակցին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ բրոնզե մեդալ նվաճած ՄՆԱՑԱԿԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ։
֊ Ողջույն, Մնացական ։ Կպատմես, ինչպես անցավ մրցաշարը։
- Հանդես եմ եկել 81 կգ քաշային կարգում։ Հրում վարժության ժամանակ 175 կգ ծանրաձողն եմ բարձրացրել ու փոքր արծաթե մեդալ նվաճել, իսկ պոկումի ժամանակ 138 կգ։ Երկամարտի 313 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեցի։ Մեջքի վնասվածք էլ ունեի, լրիվ չէի ապաքինվել,հենց դա էլ խանգարեց ավելի լավ հանդես գալու համար, բուժումների եմ գնում ։Մինչ մրցաշարը, ուսումնամարզական հավաքների ենք մասնակցել Ծաղկաձորում, այնուհետև Օլիմպավանում։
- Մնացական, իսկ ո՞րն է քո ամենամեծ երազանքը։
֊ Ամենամեծ երազանքս է նվաճել Օլիմպիական ոսկե մեդալը։
- Իսկ առաջիկա ծրագրերի մասին ինչ կասես։
- Աշխարհի առաջնությունը պիտի լինի, Մեքսիկայում։ Մեջքս բուժեմ, եթե հասցնեմ, ապա կմասնակցեմ ։
- Մնացական, հետաքրքիր է, երբ ես սկսել զբաղվել սպորտով։
- 6 տարեկանից եմ սկսել պարապել այս մարզաձևով ծանրամարտով ու չեմ սխալվել, շատ հոգեհարազատ դարձավ ինձ այս մարզաձևը, սկզբից անձնական մարզիչս հայրս էր Համլետ Աբրահամյանը, այժմ Դավիթ Մուրադյանն է։ Ես ունեմ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչում, Ծանրամարտի Հայաստանի, Եվրոպայի փոխչեմպիոն եմ։
֊ Շնորհակալություն, Մնացական, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն «Իրավունք» թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

