Հարազատները, անձնական մարզիչը այցելել են Աղասիի շիրիմին, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել
ՍպորտՕգոստոսի 29-ը, հայ անվանի ծանրամարտիկ, Ծանրամարտի համաշխարհային ուսանողական խաղերի երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի բազմակի չեմպիոն ԱՂԱՍԻ ԿՈՐՅՈՒՆԻ ԱՂԱՍՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 35-տարեկան։ Աղասին մանկության տարիներից զբաղվել է ծանրամարտով։ Այս մարզաձևում նրա առաջին լուրջ նվաճումը եղել է 2010 թվականի հուլիսին, երբ Աղասին մասնակցեց ծանրամարտի Աշխարհի երկրորդ ուսանողական առաջնությանը ու դարձավ Աշխարհի չեմպիոն։ 2010 թվականի նոյեմբերին, Աղասին դարձել է Եվրոպայի երիտասարդական մինչև 23 տարեկանների տարիքային խմբի փոխչեմպիոն։ 2011-ին ևս, նա դարձել է Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն։ 2014-ի ապրիլին, Աղասին մասնակցելով Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, 85 կգ քաշային կարգի B ենթախմբում գրավել է առաջին տեղը։ 2014-ի նոյեմբերին, Աղասին մասնակցել է Ալմաաթիում ընթացող Ծանրամարտի Աշխարհի առաջնությանը և B խմբում զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։ Ափսոս, բախվելով անարդարությունների, Աղասին չկարողացավ մասնակցել նաև Օլիմպիական խաղերին։ 2017-ին, Աղասին հեռացել է մեծ սպորտից։ Նա հայ առաջին մարզիկն էր, որը Ունիվերսիադայում ոսկե մեդալ էր նվաճել Հայաստանի համար։ Ցավոք, 4 տարի առաջ, 2019-ի հուլիսի 8-ին, հուլիսի 5-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի պատճառով, կյանքից անժամանակ հեռացավ անվանի ծանրամարտիկը Աղասի Աղասյանը ։Հարազատները, անձնական մարզիչը Երվանդ Կիրակոսյանը, այսօր այցելել են Աղասիի շիրիմին, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել ։
Աղասիի եղբայրը ԳՐԻՇԱ ԱՂԱՍՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում նշեց.
«Եղբորս մասին կարելի է անվերջ խոսել, սակայն երկու բառով կասեմ, լավ մարդ, լավ եղբայր, շատ հոգատար հայր, ամուսին, շատ լավ մարզիկ ։Նա ազատ ժամանակ շատ էր սիրում զբաղվել ձկնորսությամբ» ։ Իսկ Աղասիի այրին ԱՐՄԻՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ նշեց.
«Շատ դժվար է առանց սիրելի ամուսնուս Աղասիի, նա շատ հոգատար էր բոլորիս նկատմամբ,բոլորին օգնության հասնող էր, շատ մեծահոգի, որքան էլ ժամանակ անցնի, ցավը մնում է ցավ ու չի սպիանում։ Որդուս անունը ևս Աղասի է, նա շուրջ երեք տարի պարապեց ակրոբատիկայով, բայց հիմա արդեն փոխել է մարզաձևը ու հաճախում է ձյուդոյի։ Հայրենիքին փառք ու պատիվ բերող իր մարզիկներին ԵՕՀՊՄ քոլեջը մեծարում ու պատվում է։ Եվ որպես կեսդարյա հաղթանակների խոսուն վկա, քոլեջի թանգարանը ի պահ է առնում տիտղոսակիր սաների թանկ հուշերն ու հուշանվերները։ Քանի որ Աղասին Երևանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի շրջանավարտ էր, մենք ընտանիքով հյուրընկալվեցինք քոլեջ, Աղասիի իրերը, հուշանվերները հանձնեցինք քոլեջին ։Քոլեջի տնօրեն Վաղինակ Գալստյանը հույս հայտնեց, որ մեր ընտանիքի համար, քոլեջը կմնա միշտ հարազատ օջախ, իսկ որդիս այս քոլեջի սան է, նա կշարունակի հայրիկի հաղթական ճանապարհը»։
Հ. Գ. ԱՂԱՍԻ ԱՂԱՍՅԱՆԸ, հայկական սպորտի ամենասկզբունքային, ուժեղ և արժանապատիվ մարզիկներից էր։ Նրա ոչ միայն սպորտային, այլև մարդկային որակները, օրինակ պիտի ծառայեն մեր հայրենակից մարզիկների համար։
Աստված հոգիդ լուսավորի, եղբայր...
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

