«ՊԱՊԻԿՍ ՄԻՇՏ ԱՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ԵՍ ՊԵՏՔ Է ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍ ՆՎԱՃԵՄ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ
ՍպորտՎերջերս Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունում Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Էջմիածնի շրջանի Արաքս գյուղից, 20-ամյա ՍՈՒՐԵՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ, 60 կգ քաշային կարգում նվաճել է չեմպիոնի տիտղոսը։
Iravunk. com-ի մարզական թղթակիցը, զրուցել է արդեն հայրենիք վերադարձած, Աշխարհի նորընծա չեմպիոնի հետ ։
- Ողջույն, Սուրեն ։Շնորհավորում ենք Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։ Երբ նոր ես նվաճում այդ տիտղոսը, այդ պահին, անկեղծ ասած, չես գիտակցում, թե ինչ ես ասել։ Սկզբից չէի հավատում։ Երբ նայում էի ոսկե մեդալին, գոտուն, անհավատալի լիներ կարծես, որ արդեն Աշխարհի չեմպիոն եմ, շատ ուրախացա, ու աննկարագրելի զգացողություններ առաջացան։ Հաղթանակս նվիրում եմ պապիկիս, երբ փոքր էի, նա ինձ միշտ ասում էր, որ ես պիտի Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեմ։ Նա միշտ ցանկացել է, փափագել է, որ ինձ տեսնի այս տիտղոսով։ Ինձ համար շատ կարևոր է, որ կարողացա պապիկիս ցանկությունը, երազանքը իրականացնել ու նվաճել այսքան բաղձալի տիտղոսը։
- Ինչպես անցավ մրցաշարը։
- Ընդհանուր 5 գոտեմարտ ունեցա։ 1/8 եզրափակչում 6։0 հաշվով հաղթել եմ ադրբեջանցի մրցակիցս Իլիկ Գուրբանովին, ընդ որում տուշեով։ Ես անցած տարի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում ծանր պարտություն էի կրել։ Գոտեմարտի վերջին քսան վայրկյանին միավոր տվեցի մրցակցիս ու այդպես հավասար հաշվով պարտվեցի։ Այս տարի միայն մեկ նպատակ էի դրել իմ առաջ, հասնել մինչև եզրափակիչ փուլ, չսխալվել ու հաղթել ։Մինչ այս վնասվածք ունեի, հենց այդ վնասվածքի պատճառով էլ պարտություններ եմ ունեցել։
- Նկատեցինք, որ եզրափակիչ գոտեմարտը բավականին լարված ստացվեց։
- Եզրափակիչ գոտեմարտում մրցակիցս ֆիզիկապես բավականին ուժեղ մարզիկ էր, սակայն տեխնիկայով զիջում էր ինձ։ 7։0 հաշվի ժամանակ այլ հնարք էի պատրաստել, սակայն չստացվեց, ես տուշեում հայտնվեցի ։Ներքևում կարողացա պաշտպանվել ու թույլ չտալ, որ մրցավարը տուշե գրանցի ։Նշեմ, որ մինչ օրս ես տուշեով պարտություն չունեմ։
- Իսկ կարող ես առանձնացնել, թե որ գոտեմարտը ավելի դժվար անցավ։
- Ամենադժվարը Եվրոպայի գործող չեմպիոն վրացի ըմբիշի հետ գոտեմարտն էր քառորդ եզրափակչում։ Մի ամիս առաջ Եվրոպայի առաջնության եզրափակչում պարտվել էի Անրի Խոզրեվանիձեին ու նա չեմպիոնի տիտղոսն էր նվաճել։ Իսկ այստեղ ինձանից ընդամենը չորս րոպե պահանջվեց, ու նրան 9։0 հաշվով հաղթեցի։ Եվրոպայի առաջնությանը այդքան էլ լավ չէի պատրաստվել, չէի հասցրել մարզավիճակս բարելավել, քանի որ ընդամենը մեկ շաբաթ ժամանակ ունեի վնասվածքից ապաքինվելուց, վերականգնվելուց հետո։ Ուժեղ էր նաև ադրբեջանցի հակառակորդս, բավականին բարդ գոտեմարտ ստացվեց նրա հետ։ - Շնորհակալություն, Սուրեն, մեզ հետ քո տպավորություններով կիսվելու համար։ Սպասենք հաջորդ հաղթանակիդ։
- Ես էլ անչափ զգացված եմ ու անխափան գործունեություն եմ մաղթում «Իրավունք» թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

