«Ժողովուրդ». Մարզպետը օր օրի հարստանում է. Դավթաշենում տուն է գնել
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականին։ Ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանի աշխատելաոճի մեջ է մտնում իշխանության բերել նրանց, ում ինքը հեշտ կղեկավարի եւ, վարչապետ լինելուց բացի, խամաճիկի պես կպարեցնի տարբեր դերերում:
Ղալումյանը նաեւ քաղաքական ուժի այն ընտրյալն է, որը եւս նախկինում բանկային համակարգի աշխատակից է եղել, ինչպես պաշտոնյաներից շատերը։
Ղալումյանը, ըստ 2022 թվականի հաշվետու տարվա հայտարարագրի, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մեկ հողամաս եւ բնակարան բազմաբնակարան շենքում, որոնք եղել են նվիրատվություններ 2008 թվականին Իջեւան քաղաքում։ Միանձնյա սեփականությամբ մի բնակարան էլ հայտարարագրել է 2001 թվականին, սակայն ձեռք բերման եղանակը հստակ նշված չէ։ Ղալումյանը 2010 թվականին Գանձաքարում գնել է արտադրական նշանակության շինություն՝ համատեղ սեփականությամբ։
2022 թվականին մարզպետը բնակարան է ձեռք բերել Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում, որն արժե 18 մլն 150 հազար դրամ. բնակարանը ձեռք է բերվել հիփոթեքով «Լավ-Սար» ՍՊԸ-ից։
Իսկ նախկինում ունեցած բնակարաններից մեկը վաճառել է 13 մլն 100 հազարով Ջանիկ Խառատյանին եւ Աննա Սարիբեկյանին։
2021 թվականին նա գնել է նոր մեքենա՝ 2007 թվականի արտադրության, Mitsubishi մակնիշի։
Նրա բաժնային արժեթղթերը եւ այլ ներդրումները կազմել են 1 մլն 313 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7 մլն 351 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 13 մլն 100 հազար եւ 15 հազար դոլար։ Մարզպետ Ղալումյանը տարեկան ստացել է 28 մլն 623 հազար դրամ եկամուտ, որից 12 մլն 879 հազարը աշխատանքի վարձատրություն է Տավուշի մարզի պետական կառավարման հիմնարկից, նա ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 606 հազար դրամ գումար՝ բնակարանի հիփոթեքը մարելու համար։
Նա վարկի մարմանն ուղղել է 2 մլն 163 հազար դրամ։
Հիշեցնենք նաեւ, որ իշխանության գալով՝ ՔՊ-ականները բացառում էին քավոր-սանիկ, խնամի-ծանոթ-բարեկամ կապով աշխատանքի ընդունումը: Անցան տարիներ, եւ բոլոր պաշտոններում խնամիներ են, քավոր-սանիկներ են, ինչպես Ղալումյանի դեպքում։ Հայկ Ղալումյանը, Նիկոլ Փաշինյանի հետ ունենալով քավորսանիկական կապ, դարձավ մարզպետ, իսկ եղբայրը մտավ Ազգային ժողով եւ դարձավ ՔՊ-ին պետք եկած ժամանակ պաշտպանող մունետիկ-պատգամավոր:

