Երազում եմ նվաճել Օլիմպիական ոսկե մեդալը
ՍպորտՕրերս, Երևանում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 տարեկանների ընտրական, միջազգային մրցաշար, նվիրված ՀՀ վաստակավոր մարզիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՅԱՆԻ հիշատակին։ Լոռու մարզը ներկայացնող ՄԵՆՈՒԱ ՅԱՐԻԲԵԿՅԱՆԸ հաղթող է ճանաչվել, նա տևական դադարից հետո, կրկին վերադարձել է սպորտ հաղթանակով։
Iravunk.com-ին հաջողվեց կապ հաստատել ու բացառիկ զրույց ունենալ Մենուայի հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.
«Երեք գոտեմարտ ունեցա, այնպես ստացվեց, որ բոլոր մրցակիցներս մեր երկրից էին, թեև մրցաշարին մասնակցում էին նաև Իրանի ու Վրաստանի ներկայացուցիչներ, առաջատար ըմբիշներ։ Հաղթել եմ բոլոր մրցակիցներս։ Չեմ կարող առանձնացնել, թե որ գոտեմարտը անցավ առավել դժվար, որովհետև բոլորն էլ ունեին իրենց դժվարությունները, հեշտ գոտեմարտ չստացվեց։ Նշեմ, որ ես նախկինում հանդես եմ եկել 74 կգ քաշային կարգում, հիմա արդեն փոխել եմ քաշային կարգս ու 79 - ում հանդես եկա։ Երկարատև դադարից հետո, շատ հաճելի է սպորտ վերադառնալ հաղթանակով։
- Մենուա, իսկ ո՞րն էր պատճառը երկար դադարի։
- Ծնկի, ուսերի վնասվածք ունեի, դա էր հիմնական պատճառը։ Շուրջ հինգ ամիս չեմ պարապել, ապաքինվեցի ու կարճ ժամանակում, նման լավ արդյունք ցուցաբերեցի, ինչի համար էլ շատ ուրախ եմ։
- Մի փոքր էլ պատմիր քո մասին, որ տարիքից ես սկսել զբաղվել սպորտով:
- Ծնվել ու այժմ էլ բնակվում եմ Վանաձոր քաղաքում։ Սպորտով, ազատ ոճի ըմբշամարտով, սկսել եմ զբաղվել 5 տարեկանից։ Պարապմունքներս անցկացնում եմ Վանաձորի Օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցում ։Այժմ 21 տարեկան եմ։ Պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր եմ, բանակայինների մեծահասակների Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Անձնական մարզիչներս են Ժորա և Ժիրայր Հովհաննիսյանները։
- Իսկ ո՞րն է քո հաջողության գրավականը։
- Տքնաջան պարապմունքները, երբեք չհանձնվել, պայքարել մինչև վերջ։ Նշեմ, որ ես իմ մարզական կարիերայի ընթացքում գոտեմարտեր եմ ունեցել նաև ազգությամբ թուրք և ադրբեջանցի մարզիկների հետ, և հաղթել եմ և պարտվել։ Նրանց հետ գոտեմարտելը մեծ պատասխանատվություն է առաջացնում։ Երազում եմ նվաճել Օլիմպիական ոսկե մեդալը։
- Մենուա, իսկ առաջիկա անելիքները որոնք են:
- Հիմա հավաքականի անդամների հետ գտնվում ենք Օլիմպավանում, այստեղ ուսումնամարզական հավաքների ենք մասնակցում, որպեսզի հոկտեմբերի 23-29-ը կարողանանք լավ հանդես գալ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայանալիք Աշխարհի առաջնությանը։
- Մենուա, հետաքրքիր է, սպորտից դուրս ազատ ժամանակ ունենում ես արդյոք ու ինչով ես սիրում զբաղվել:
- Իհարկե ունենում եմ։ Սիրում եմ արշավներ կազմակերպել ընկերներիս հետ, մեր Լոռվա գեղատեսիլ բնության գրկում, անտառներում, Դեբեդ գետի ափերին։ - Շնորհակալություն, Մենուա, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Ես էլ շատ զգացված եմ, որ լուսաբանում եք մեր նվաճումների մասին, անխափան գործունեություն Ձեր թերթին։ Հավելենք, որ Լոռու մարզը, այս մրցաշարին ներկայացել էր 10 ըմբիշով։ Ոսկե մեդալ է նվաճել նաև ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ 70 կգ,իսկ ԱՐԵՆ ՍԵՐՈԲՅԱՆԸ 61 կգ և ՄԻՀՐԱՆ ԱՄԻՐՅԱՆԸ 86կգ բրոնզե մեդալ են նվաճել։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

