Ինչ գնով և ում վերահսկողությամբ Հայաստանն Ադրբեջանին կտա Սյունիքի ճանապարհ-միջանցքը . «Ժողովուրդ»
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Սյունիքի մարզում միջանցք բացելու թեման, կարծես թե, փակված չէ։ Բանն այն է, որ բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները շարունակում են բարձրաձայնել եւ խոսել այդ միջանցքի մասին՝ յուրաքանչյուր հայտարարության մեջ յուրաքանչյուրը նկատի ունենալով իր մտքինը:
Մինչեւ հիմա Նիկոլ Փաշինյանը չի հերքել, որ ճանապարհ է տալու, սակայն խուսափում է միջանցք ձեւակերպումից։ Այս առումով Բրյուսելում հոկտեմբերի վերջին կայանալիք հանդիպումը ճակատագրական է, եւ հենց այնտեղ է որոշվելու, թե որ փաստաթղթի հիման վրա կտրվի միջանցք-ճանապարհը: Բացի այդ, կորոշվի՝ ինչ նոր արհավիրք է սպասվում, եթե հայկական կողմը հրաժարվի որոշում կայացնելուց։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես նշել է, թե ճանապարհների ապաշրջափակումը կարող է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար։ Ամերիկյան կողմը խոսում է Հայաստանի ինքնիշխանության պահպանման մասին։ «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը», – սեպտեմբերի 21-ին ասել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Նման հայտարարություններ հաճախ անում է նաեւ եվրոպական կողմը: «ԵՄ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- երեկ էլ նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մոցելան: Այսպիսով, իրավիճակը ցույց է տալիս, որ կա աշխարհաքաղաքական կոնսենսուս, որ Հայաստանը պետք է Ադրբեջանին տա այդ միջանցքը, բայց Արեւմուտքը չի ցանկանում, որ դա որեւէ դեպքում լինի ռուսական վերահսկողության ներքո։ Այնուամենայնիվ, պե՛տք է լինի: Թե ինչ գնով եւ ում վերահսկողությամբ, պարզ կդառնա այս ամսվա վերջին Բրյուսելում։
Այսինքն՝ անգամ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանին հանձնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում լուծել ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցը: Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել 2021թ. զավթած՝ ՀՀ ճանաչված սահմաններից մոտ 140 քառ. կիլոմետր տարածքները: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի կառավարման անկարողության մասին»:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

