«ԲԱՎԱԿԱՆԻՆ ԵՐԿԱՐ, ՇՈՒՐՋ 2 ՏԱՐԻ ԷԻ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԱՅՍ ՄՐՑԱՇԱՐԻՆ». ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
ՍպորտՎերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնության ժամանակ, բրոնզե մեդալ է նվաճել երիտասարդական հավաքականի անդամ Եվրոպայի փոխչեմպիոն ՄԵԺԼՈՒՄ ՄԵԺԼՈՒՄՅԱՆԸ:
Նա Iravunk. com-ի մարզական թղթակցի հետ բացառիկ զրույցում այսպես մեկնաբանեց իր մրցելույթները. «Հանդես եկա 61 կգ քաշային կարգում։ Մեկնարկային գոտեմարտում պարտվել էի չեզոք դրոշի ներքո ելույթ ունեցող ռուսաստանցի Բաշիր Մագոմեդովին։ Սակայն նա դուրս էր եկել եզրափակիչ, ինչի արդյունքում էլ ես սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էի ստացել։ Սփոփիչ գոտեմարտում 11-0 հաշվով, բացարձակ առավելությամբ հաղթեցի ազգությամբ ամերիկացի Խուլիան Չլեբովեին։ Բրոնզե մեդալի գոտեմարտում ուժերս չափեցի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Իվան Հրամիկայի հետ ու 11-0 հաշվով հաղթանակ տարա։ Չեմ կարող առանձնացնել, թե որ գոտեմարտը առավել դժվար անցավ, բոլորն էլ դժվար էին, որովհետև շատ ուժեղ էին մասնակիցները։ Բավականին երկար, շուրջ 2 տարի էի պատրաստվել այս մրցաշարին ։ Ամենամեծ նպատակս Օլիմպիական ոսկե մեդալը նվաճելն է։ Իսկ գարնանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Մ23 առաջնության ժամանակ նվաճել էի արծաթե մեդալ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն»։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

