Շարժման պաշտոնական դիրքորոշո՞ւմը. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների հետ»
ՆերքաղաքականԴիվանագետների համահայկական խորհրդի անդամ Վահագն Մելիքյանն այսօրվա հանրահավաքում հնչեցրեց այս օրերին ակտիվորեն շրջանառվող մի քանի հարցերի պատասխաններ: Խոսքն այն մասին է, թե Հայաստանն իշխանափոխության դեպքում ինչ արտաքին կուրս պետք է որդեգրի եւ որքանով է դա ներկա իրավիճակի համահունչ:
Նախ, մոտ 50 փորձառու դիվանագետ ներկայացնող այս կառույցի գնահատմամբ, ներկա սահմանազատումը ինչպես նաեւ դրա տակ դրված Ալմա-Աթայի հռչակագրով առաջնորդվելը լիովին հակասում է ոչ միայն հայասըանյան, այլ նաեւ` միջազգային օրենսդրությանը: Այն է` այդ գործընթացն առաջ տանողները գործում են ապօրինաբար եւ ենթական են պատասխանատվության: Ինչի մասին, ի դեպ, «Իրավունքը» քանիցս պնդել է: Ըստ այդմ, սահմանազատման եւ Ադրբեջանի հետ «չընդհատվող բանակցությունները» պետք է առաջ տանել, բայց բացառապես օրենքի շրջանակներում եւ Հայաստանի անվտանգությունն ու շահերը մի կողմ չնետելու գերպայմանով:
Ինչ վերաբերում է առաջարկվող քաղաքական կուրսին, ապա երկու հիմնական թեզ, որը հնչեցրեց Մելիքյանը, բավականին հետաքրքիր են: Այդ թվում, Հայաստանի ներկա քաղաքականությունը պետք է արմատապես վերափոխել` «Բացառելով հակառուսականությունը, հակաարեւմտականությունը եւ ՀԱԿԱներով ձեւքավորված որեւէ այլ քաղաքական բովանդակություն»: Ապա նաեւ պետք է. «Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձերը եւ դիրքավորումները»: Այդ թվում. «Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների, ինչպես նաեւ խորացնենք մեր գործընկերությունը ուժային այլ կենտրոնների հետ»:
Սա նաեւ Բագրատ Սրբազանի դիրքորոշո՞ւմն է. եթե նրա ղեկավարած հանրահավաքի ամբիոնից է ասվում, թերեւս այդպես է: Ամեն դեպքում այն, ինչի մասին խոսվեց, Հայաստանի ներկա վիճակի որոշակի կարգավորման համար նախնական պարտադիր քայլերն են, բայց ոչ ամբողջական: Չնայած, հանրահավաքային հարթակից ամբողջական քաղաքական կուրս ներկայացնելն էլ հնարավոր չէ:

