Կալանավորել են ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին. ինչն է պատճառը
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողություններով բացահայտվել են Ա.Ա․-ի կողմից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր:
Բացի այդ, Ա.Ա․-ն 2010թ․ հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012թ․ մայիս հանձնել նրան։ Դրա դիմաց 2010-2011թթ․ վերջինիցս որպես կանխավճար Ա․Ա․-ն ստացել է 34.000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն մինչև 2015թ․ սեպտեմբեր, տարբեր պատճառաբանություններով, նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ նա խարդախությամբ հափշտակել է 34.000 ԱՄՆ դոլար գումար՝ հիշյալ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:
Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, հորդորում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

