Եթե մի 15-20 տարի պայքարեն, կարծում եմ, որ կհաջողեն. Հովիկ Աղազարյանը շարժման մասին
ՆերքաղաքականՀիմա շատ դժվար կլինի հասարակության լայն շրջաններին կոնսոլիդացնել ու գալ իշխանափոխության այն ձևով, որով ուզում են այս շարժման իսկական շահառուները։ Իրենք ընտրություններով չեն ուզում գալ, որովհետև գիտեն, որ այդ ճանապարհով չեն կարող իշխանություն վերցնել, դրա համար իրենց միակ տարբերակը հեղաշրջումն է, հիմա թե որքա՛ն արյունով, դա այլ հարց է, բայց այդ հեղաշրջմանը ժողովուրդը բացարձակապես չի աջակցում,-անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոսի շարժմանը, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, հավելելով.
– Դե եթե մի 15-20 տարի պայքարեն, կարծում եմ, որ կհաջողեն, չնայած այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կարող է վարչապետ չլինի, բայց հիմա չեն հաջողի։ Որովհետեւ նրանք արժեզրկել են բոլոր բացասական ու դրական բառերը, արժեզրկել են «դավաճան» բառը, «հերոս» բառը, արժեզրկվում է «հայրենիք» բառը, այդ ամենն արժեզրկվում է, արժեզրկվել է նույնիսկ հայհոյանքը, արդեն այն աստիճանի անիմաստ տեղեր են օգտագործվում հայհոյանքները, որ ողջ հասարակությունն իմունիտետ է ձեռք բերել դրա նկատմամբ։ «Դավաճան» բառն է արժեզրկվել, երբ որ դու ինչ-որ մեկին ասում ես՝ դու դավաճան ես, հաջորդ պահին պետք է դիմես ֆիզիկական գործողության, այ, որպեսզի դու ստիպված չլինես դիմել ֆիզիկական գործողության, պետք է ասես՝ ձեր քայլը դավաճանական է, բայց եթե դու ասում ես՝ դու դավաճան ես, ու քո կյանքը չես տալիս, որ ինձ ոչնչացնես, կներես, ուրեմն դա անլուրջ է։
– Պարո՛ն Աղազարյան, այսինքն՝ կարծում եք, որ ընդդիմությունը պետք է նման քայլի դիմե՞ր, երբ իշխանությանը նման որակում էր տալիս։
– Բոլոր նրանք, ովքեր ինձ համարում են դավաճան ու հաջորդ պահին ինձ չեն սպանում, դավաճանն իրենք են։
– Ընդդիմությունն էլ ասում է, որ ամեն ինչի արժեզրկումը սկսել է ձեր քաղաքական թիմը՝ 2018-ից սկսած։
– Բնականաբար ես համաձայն չեմ իրենց հետ, բայց եթե իրենք գտնում են, որ այդպես է, իրենք պետք է այդ ամենը հասցնեն ժողովրդին ու կատարեն Սահմանադրությամբ ու օրենքներով նախատեսված ճանապարհով իշխանափոխություն: Թող անեն այդ քայլերը, ո՞վ է իրենց խանգարում իրացնել իրենց սահմանադրական իրավունքը։
– Ասում են՝ իշխանությունն է խանգարում, երբ խաղաղ ցուցարարների դիմաց կարմիրբերետավորների պատ է կանգնեցնում։
– Բա բերետավորներն ինչի՞ համար են, նրանց կարո՞ղ է մենք ենք հորինել։ Ոստիկանական ուժերը կոչված են հասարակական կարգ ու կանոնը պաշտպանելու համար, ու ես գտնում եմ, որ իրենք շատ բարձր մակարդակով են իրականացնում իրենց պարտականությունը։ Ասում են՝ անվտանգության աշխատակիցներով եք ման գալիս, հա՛, խանգարում ենք իրենց իրավունքը հոկտեմբերի 27 իրականացնելու համար, դժվարացնում ենք իրենց գործը։ Թող այդ բոլոր մեղադրանքները, որ հնչեցնում են մեր հասցեին, հասցնեն մարդկանց օրինական եղանակով, թող անեն դա և հասնեն իշխանափոխության, խնդրեմ։

