«Ժողովուրդ». ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շատ ենք խոսել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ, հաճախ զարմանք առաջացնող գործելաոճով հայկական ֆուտբոլը գլորվում է անդունդը: Պետությունից ստանալով հսկայական գումարներ՝ ՀՖՖ-ն սկսել է սպորտային միջոցառումներ հյուրընկալել ու դրանց անցկացման համար պետբյուջեից՝ հարկատուների հաշվին հարյուր միլիոնների գումարներ ստանալ, իսկ այդ միջոցառումներն ուղղակի կապ չունեն ֆուտբոլի զարգացման հետ: Օրինակ՝ ՀՀ կառավարությունը, մարտի 7-ի որոշմամբ, ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով ԿԳՄՍՆ-ին փոխանցեց 279 մլն 954 հազար դրամ: Մրցաշարը կայացավ, եզրափակիչ հանդիպումը մարդաշատ էր, սակայն կիսաեզրափակիչները՝ ոչ այնքան: Հասկանալի չէ, թե ինչու այդքան մեծ գումարներ տրվեց պետության կողմից մի միջոցառման, որը, մեծ հաշվով, ոչինչ չէր տալու: Իհարկե, միջոցառման կազմակերպիչնեը պատկառելի գումարներ աշխատեցին, բայց ֆուտբոլը չզարգացավ ու Հայաստանի ֆուտբոլային հեղինակությունը չաճեց:
Հարց է օրինակ՝ եթե այդքան գումար տրամադրվեր սպորտային այլ ֆեդերացիայի, ապա ինչքան դրական արդյունքներ կունենային. բայց ոչ՝ պետությունը միշտ պատրաստ է «անհասկանալի» գումարներ շաղ տալ որեւէ արդյունք չտվող ֆուտբոլի ֆեդերացիային, որտեղ որոշիչ պաշտոններում են ՀԺ-ի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը ու այժմ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնող, նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Վերջինս, ի դեպ, ջերմ անձնական հարաբերություններ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որը կառավարությունից խնդրեց այդքան մեծ գումար: Հիմա էլ ՀՖՖ-ն Production-ի վերածած Արմեններն իրենց հիմնական գործը ու հավաքականների խայտառակ ելույթները թողած՝ նոր զբաղմունք են գտել, այն է՝ Վրաստանի հետ համատեղ 2029 թվականին անցկացնել աշխարհի երիտասարդական առաջնությունը: Իհարկե, հաճելի է խոշոր միջոցառում հյուրընկալելը, սակայն պետությունը պետք է պարզաբանի, թե ինչու հարկատուների հաշվին խոշոր գումարներ է տալիս հատկապես ՀՖֆ-ին, ու որտեղ է հաշվարկը, ուսումնասիրությունը, որով պարզ կդառնա այդ գումարների արդյունավետությունը, դրա նպատակահարմարությունը եւ արդոք ինչ ընկերություններ են մասնակցելու միջոցառումների կազմակերպմանը, շինարարական աշխատանքներին եւ այլն:
Հ.Գ. Վրաստանի հարկատուները թերեւս հարցեր չունենան իրենց կառավարությանը, քանզի այնտեղ ֆուտբոլն իսկապես զարգանում է, ու ոլորտը գտնվում է պրոֆեսիոնալների ձեռքում: Մեր հարեւաններն այս տարի պատմության մեջ առաջին անգամ մասնակցում են Եվրոպայի առաջնությանը, նրանց տարբեր տարիքային հավաքականները հիանալի արդյունքներ են գրանցում, ու Վրաստանի ֆուտբոլը փայլուն ապագա ունի: Ինչ վերաբերում է մեզ, ապա, մեղմ ասած, ոչ փայլուն հանդիպումներ են անցկացնում թե՛ Հայաստանի մեծահասակների հավաքականը, թե՛ տարբեր տարիքայինների ու կանանց հավաքականները: Գրանցված արդյունքների մասին եւս մեկ անգամ անդրադառնալու կարիք, թերեւս, չկա. որոշ դեպքերում գործ ունենք խայտառակ հաշիվների ու արդյունքների հետ: Սրան զուգահեռ՝ Արմենների ղեկավարած ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է ակումբների հետ, մասնավորապես՝ նույնիսկ մարզադաշտ տրամադրելու խնդիր են ստեղծել Հայաստանի չեմպիոն «Փյունիկի»-ի համար. վերջինիս գլխավոր մարզիչը հայտարարեց, որ դիմել են ՈՒԵՖԱ-ին, որպեսզի ՉԼ խաղերը խաղան Թբիլիսիում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

