«Ժողովուրդ». Պետությունը բուժհաստատություններին 3 մլրդ դրամ պարտք ունի. Անահիտ Ավանեսյանի հերթական ձախողումը
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ քաղաքական դաշտը կենտրոնացել է «Սրբազան շարժման» վրա, այլ ոլորտներում աղետալի վիճակ է։ ԱԺ-ում 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պարզվեց, որ պետությունը բուժհաստատություններին պետպատվերի դիմաց մոտ 3 մլրդ դրամ պարտք ունի։ Նաեւ սա է եղել պատճառը, որ ժամանակին մի շարք բուժհաստատություններ չեն կարողացել վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը, որովհետեւ պարզապես չեն ֆինանսավորվել. իսկ չեն ֆինանսավորվել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու Անահիտ Ավանեսյանը, հանուն սեփական PR-ի, որոշել են պետպատվերի ծրագրում փոփոխություններ կատարել՝ առանց հնարավորություններն ու ռիսկերը հաշվի առնելու։
Անահիտ Ավանեսյան նախարարի ձախողումների մասին բազմիցս ենք խոսել, փաստեր ներկայացրել. սա նրա հերթական ձախողումն է, երբ անգամ ֆինանսների նախարարության գործընկերների նախազգուշացումները հաշվի չեն առել, ու արդյունքում ահռելի պարտք է կուտակվել: Բուժհաստատությունները ֆինանսավորում չեն ստացել, ինչի արդյունքում չեն կարողացել վճարել աշխատավարձեր։ Անահիտ Ավանեսյանն էլ, ստացվում է, ոլորտից գլուխ չի հանում եւ մտնում է մի ծրագրի տակ, որը ռիսկային է։ Կամ էլ, միգուցե, ոլորտից գլուխ հանում է, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի PR-ի համար պետք են պոպուլիստական ծրագրեր, այդքան կամք կամ ցանկություն չունի՝ հակադրվելու եւ խնդիրների մասին խոսելու։ Ամեն դեպքում նախարարի պաշտոնում Ավանեսյանի «երկարակեցության» գաղտնիքը Փաշինյանին ոչ մի դեպքում չառարկելն ու նրան անվերապահորեն ծառայելը, ակտիվ կուսակցական լինելն է՝ շատերի կարծիքով։
Իսկ արդյունքում՝ տուժում է պետությունը, տուժում է առողջապահական ոլորտը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են աննախադեպ երեւալ, ձեւացնել, թե մարդկանց ծառայում են, բայց իրականում՝ խնդիրներ ստեղծում»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

