«Հրապարակ». Կարեն Սարուխանյանի աստեղային ժամը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը լայն լիազորություններ է տվել, նա էլ որոշել է կադրային ջարդ անել Գյումրիում՝ դպրոցի պահակից սկսած, նշանակել իր ծանոթ-մտերիմներին։
Սարուխանյանի «հաղթանակին» նպաստել է նաեւ այն, որ ավագանու հեռացվող անդամներից 2-ն անցնում են քրգործերով․ Աղասի Մաթեւոսյանը` Համբարձում Մաթեւոսյանի հորեղբորորդին, մեղադրվում է ռուս զբոսաշրջիկներին կողոպտելու մեջ` անցած փետրվարին անգամ 2-ամսյա կալանք կրեց։ Երվանդ Խանամիրյանն էլ 50-ամյա Հ․ Մ․-ին հրազենային վնասվածք հասցնելու գործով է անցնում։ Խոսքը հայտնի պատմության մասին է, երբ արհեստավորին շան բունն էին նետել, ծեծել, կրակել։
ՔՊ-ում ասում են, որ Սարուխանյանն իրեն տեսնում է Գյումրու հաջորդ քաղաքապետ եւ հերթական ընտրություններից 2 տարի առաջ քաղաքում իր դիրքերն է ամրապնդում։ Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ ՔՊ-ին հաջողվել է նաեւ Սամվել Բալասանյանի հետ գալ համաձայնության, որ առաջիկա ԱԺ ընտրություններում իրենց օգտին աշխատի, եւ չի բացառվում, որ աշնանը անվստահության միջոցով հեռացնեն գործող քաղաքապետին՝ նրան փոխարինելով Բալասանյանի քրոջ դուստր Լուսինե Սանոյանով, ով զբաղեցնում է փոխքաղաքապետի պաշտոնը»:

