«Ժողովուրդ».2023-ին բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պետական բյուջեի փաստացի ամփոփ ցուցանիշների համաձայն՝ 2023 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջերի պակասուրդը կազմել է -179 մլն դրամ։ Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակման՝ պետական բյուջեի եկամուտները կազմել են 2,063,095 մլն դրամ։ ՀՀ պետբյուջեի հարկերը գոյացել են շահութահարկից, մաքսատուրքից, ակցիզային հարկից, շրջանառության եւ եկամտային հարկերից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ՀՀ 2023թ. պետբյուջեի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթում նշել էր.
«Թե՛ կառավարության անդամները, թե՛ պատգամավորներն անդրադարձել են ամենատարբեր հարցերի, եւ ես կուզենայի ընդամենը մի քանի ընդգծումներ անել: Առաջին ընդգծումը հետեւյալն է, որ մենք 2023 թվականի բյուջեի հարկային եկամտային մասը պլանավորում ենք, ինչպես արդեն ասվեց, 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը, ուզում եմ ընդգծել, որ 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: Ես ուզում եմ՝ մենք այս փաստն ընդգծենք. 4.5 տարի անց, անցած լինելով պատերազմի եւ COVID-ի միջով՝ մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով: Ընդ որում՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 մլրդ դրամ. աճը 2018 թվականի նկատմամբ 113 տոկոս է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի, եւ 2022 թվականի նկատմամբ 47 տոկոս է. բայց այս թվերի հետեւում գոյություն ունեցող բովանդակությունը նույնքան կարեւոր է», -ասել էր Փաշինյանը։

