«Հրապարակ». ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիանում ներիշխանական գզվռտոց է սկսվել։ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, ով իր ազգական Արմեն Հակոբջանյանին մեկ տարի առաջ մի կերպ համայնքապետ դարձրեց, այժմ ուզում է ազատվել նրանից։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ազգականների միջով սեւ կատու է անցել այն բանից հետո, երբ Հակոբջանյանը փորձել է չենթարկվել Կարեն Համբարձումյանին՝ ասելով, որ ինքն այսուհետ միայնակ է որոշումներ կայացնելու։
Ավագանու ՔՊ-ական անդամ Նախշուն Յազլունյանին հարցրինք՝ ինչո՞ւ չեն մասնակցել նիստին, ասաց, որ չի ուզում այդ մասին խոսել․ «Հարցեր կան, հետո կիմանաք»։ Ճի՞շտ է, որ դժգոհ եք համայնքապետից եւ ուզում եք, որ հեռանա։ «Ո՞վ է ձեզ նման բան ասել»։ Դժգոհ չե՞ք։ «Հարցեր կան, բայց դա ի՞նչ կապ ունի․․․ բոլոր հարցերն էլ կարելի է ինչ-որ ձեւով լուծել»։ Ուզում եք Հակոբջանյանը հեռանա, ուրի՞շը փոխարինի նրան։ «Ես առայժմ այդ հարցերին չեմ պատասխանի»։

