«Փաստ». Դպրոցներում պարզապես քաոսային վիճակ է
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ, ծանր մթնոլորտ է հանրապետության հանրակրթական դպրոցներում: Ի մասնավորի, գնալով մեծանում է դժգոհությունը, այսպես կոչված, «նոր չափորոշիչներից», որոնք, ըստ մանկավարժների, իսկական պատուհաս են դարձել թե՛ ուսուցիչների, թե՛ աշակերտների, թե՛ ծնողների համար: «Փաստ» թերթի հետ զրույցում շատ տնօրեններ և ուսուցիչներ նշում էին, թե այնպիսի տպավորություն է, որ ԿԳՄՍ նախարարությունն ամեն ինչ անում է կրթական համակարգը հիմնավորապես ավերելու համար: Ասում են, որ չնայած համակարգը ներդրվում է աստիճանաբար, տարբեր դասարաններում, բայց ամեն անգամ այնպիսի «նորամուծություններ» են մոգոնում, որ ոչ ոք ոչինչ լիարժեք չի հասկանում՝ ինչ պետք է անել ու ինչպես:
Մեծ դժգոհություն կա դասագրքերի մեծ մասի բովանդակության հետ կապված: Ավելին, մենք տեղեկություններ ունենք, որ դրանք այնքան խայտառակ են, որ շատ ուսուցիչներ դասագրքերի որոշակի հատված պարզապես բաց են թողնում և թեման անցնում են առանց այդ դասագրքերի: Խնդիրներ են առաջանում նաև գնահատման նոր համակարգի ներդրման առումով: Մի խոսքով, ԿԳՄՍՆ-ն պարզապես քաոս է ստեղծել դպրոցներում:

