«Ժողովուրդ». Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով խարդավանքները շարունակվում են. Փաշինյանը հիմնավորման է սպասում
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության շուրջ ՔՊ-ում նոր խմորումներ են տեղի ունենում։
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ ՔՊ խմբակցության պատգամավորները ստորագրահավաք են իրականացնում Գրիգոր Մինասյանին հեռացնելու համար, սակայն 71 պատգամավորներից 27-ն է միայն միացել նախաձեռնությանը։ Ավելի վաղ հայտնել էինք նաեւ, որ Գրիգոր Մինասյանի դեմ այս արշավի կազմակերպիչն է ՔՊ-ական Արփի Դավոյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ։
Ստորագրահավաք նախաձեռնողներն էլ, որպես պատճառ, նշել են նախարարի եղբոր՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործոնը։ Ներկա ՔՊ-ակաները, սակայն, ասել են, որ Գրիգոր Մինասյանն արդեն երկու տարի է պաշտոնավարում է, ու ամենեւին նորություն չէ, որ Միքայել Մինասյանի եղբայրն է. ուստի չի կարող դա պաշտոնանկության համար լուրջ հիմք ընդունվել, ավելին՝ կարող է ծիծաղելի դիտարկվել։
Կարճ ասած՝ նախարարի պաշտոնանկության մասով ներիշխանական խարդավանքները դեռ շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը հիմնավորումների է սպասում:
Հավելենք նաեւ, որ երեկ՝ երեկոյան, ԱԺ քառօրյա նիստից առաջ ՔՊ խմբակցության նիստ է հրավիրվել, որի ժամանակ Արփի Դավոյանը դիմել է Հայկ Կոնջորյանին՝ տեղեկանալու՝ արդյոք կա նորություն ստորագրահավաքի փաստաթղթերից, Կոնջորյանն արձագանքել է, որ փաստաթղթերը փոխանցել է Նիկոլ Փաշինյանին, ու հաջորդ քայլը կքննարկեն արդեն վարչությունում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

