Հույս ունենալ, որ դու գիշերվա 11-ին ուղերձով դիմեցիր ժողովրդին, ու ահա կիրակի օրը քո կազմակերպած հանրահավաքին շատ մարդ կգա, ռոմանտիկ պատկերացում է
ՆերքաղաքականԱսել, որ այս հանրահավաքը ստրատեգիական տեսանկյունից էականորեն տարբերվող էր, ելույթները՝ ևս, ճիշտ չէ, հերթական ստանդարտ հանրահավաքն էր։ Ինչ վերաբերում է Հ1 գնալուն, եթեր պահանջելուն, ես իմաստը չհասկացա։ Հանրայինով ուղերձը հետաքրքիր կլիներ և կարևոր կլիներ 90-ականների վերջերին կամ 2000-ականներին, երբ համացանցը այսքան լայն տարածում չուներ, ու հեռուստաընկերության դերն իսկապես մեծ էր,- անդրադառնալով Սրբազան շարժման հանրահավաքին, նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, ընդգծելով.
-Բայց հիմա, երբ ՀՀ գրեթե ողջ շրջաններում կա ինտերնետ հասանելիություն, ո՞րն էր Հ1-ով ուղերձ հղելու հույժ կարևորությունը։ Հույս ունենալ, որ դու գիշերվա տասնմեկին ուղերձով դիմեցիր ժողովրդին, ու ահա կիրակի օրը քո կազմակերպած հանրահավաքին շատ մարդ կգա, մեղմ ասած, ռոմանտիկ պատկերացում է։ Տեխնոլոգիապես էլ սա չազդող քայլ է, որովհետև զանգվածներին շահագրգռելը բարդ գործընթաց է, ու մեկ անգամվա ուղերձով հարց չես լուծի։ Նաև պետք է իմանալ, թե ո՛ր ժամին ես ուղերձ անում, այդ պահին լսարանը որքան է կազմում։ Քաղտեխնոլոգիայի մեթոդները թույլ չեն տալիս, որ մեկ ուղերձով դու կարողանաս էական գործընթաց իրականացնել, դրա համար էլ այդ ուղերձն ինձ համար անհասկանալի մնաց, որովհետև զուտ մասնագիտական տեսանկյունից անիմաստ էր։

