«Առավոտ». «Ազգային հպարտության տրիբունալը» և նրա աղմկահարույց որոշումը մի շարք հարցեր են առաջացնում
Մամուլի տեսություն«Առավոտ» թերթը գրում է. «Այդքան տարփողված «Ազգային հպարտության տրիբունալը» և նրա աղմկահարույց որոշումը մի շարք հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները, թերևս, լավ կլիներ լսել մասնագետ իրավաբաններին և այդ տրիբունալը նախաձեռնող, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանից։
Արշակ Կարապետյանը նաև խոստանում էր, որ տրիբունալին Հայաստանի և արտերկրի հայտնի իրավաբաններ են մասնակցելու։ Գրեթե կես տարի անց նախկին պաշտպանության նախարարը հրապարակեց տրիբունալի կայացրած որոշումը։ Բովանդակության հետ որևէ խնդիր չկա։ Ակնհայտ է, որ իրավական փաստաթղթի վրա մասնագետներ են աշխատել, որոնք լավ տիրապետում են իրենց գործին։ Մասնավորապես, նշված են ՀՀ Սահմանադրության բոլոր այն կետերը, որոնք իր պաշտոնավարման ընթացքում խախտել է Նիկոլ Փաշինյանը, համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ, ինքնակամ հանձնելով Արցախը, արցախցիներին զրկելով տնից ու ընտանեկան օջախից, դատապարտելով տառապանքի ու թափառման։
Տրիբունալը նաև մեկ տասնյակ առաջարկներ է անում, որոնք ձևով ու բովանդակությամբ կարևոր են։ Բայց առնվազն սխալ է ենթադրել, որ գործող վարչապետը կանսա որոշման 5-րդ կետին ու կամավոր հրաժարական կտա։ Փաշինյանի բոլոր գործողությունները այսօր միտված են ամեն գնով իշխանությունը պահելուն։
Պաշտպանության նախկին նախարարը նաև չի հրապարակում տրիբունալի կազմը, ինչը ևս կասկածելի է։
Իհարկե, կազմված փաստաթուղթը իրավական առումով անխոցելի է, բայց հայ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ովքեր են հավաքվել, փաստեր հավաքել ու քննել, նման որոշում կայացրել։ Եվ, ի վերջո, ո՞րն է լինելու այս որոշման իրավական ու քաղաքական հետևանքը, ինչպե՞ս պետք է հասնել դրա կատարմանը։ Հարցեր են, որոնք պարզաբանման կարիք ունեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

