10 ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՄԵԾ ՀԱՅ ՊԵՐՃ ՍՈՂՈՅԱՆԻ
ՀասարակությունԱյսօր, նոյեմբերի 22-ը, մեծ հայ, ՀՀ Ոստիկանության վաստակաշատ սպա, պաշտոնաթող գնդապետ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից ՊԵՐՃ ԹԱԴԵՎՈՍԻ ՍՈՂՈՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 10 տարի է անցել։ Նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Հայրենի գյուղի դպրոցում Հայոց լեզու էր դասավանդում, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը։ Սակայն, նա գրիչը փոխարինեց զենքով։ Թիֆլիսի կրտսեր հրամկազմի դպրոցում սովորելուց հետո մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Ուկրաինայի, Բելառուսի, Մերձբալթյան հանրապետությունների ազատագրման համար մղվող մարտերին։ Երկու անգամ վիրավորվել է, սակայն ապաքինվելուց հետո կրկին մեկնել ռազմաճակատ։ Նա եղել է լեգենդար մարշալ Հովհաննես Բաղրամյանի զինվորը։ Սողոյանը կռվել, հասել է մինչև Բեռլին ու Ռայխստագի մատույցներում պարել հայկական Քոչարին։ Պատերազմից հետո, տարիներ շարունակ աշխատել է պետանվտանգության համակարգում։ Պատերազմում ցուցաբերած բացառիկ խիզախության համար, արժանացել է բազմաթիվ մեդալների, շքանշանների, դիպլոմների։ Հաջորդ տարին հոբելյանական է մեծ հայի համար, քանի որ մարտի 15֊ին, կլրանա նրա ծննդյան 100 ֊ամյակը։ Պերճ Սողոյանի պայծառ հիշատակը վառ է հարազատների, ընկերների, նրան ճանաչողների սրտերում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

