«Հրապարակ». Հետողորմյա. Դասագրքի այրվող դրոշի նկարը փոխում են
Մամուլի տեսությունՀրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, հանրակրթական դպրոցների տնօրեններին հանձնարարական է տրվել՝ հավաքել երրորդ դասարանցիների մայրենիի աղմուկ բարձրացրած դասագրքերը, որպեսզի գրքի կազմի վառվող դրոշի նկարը փոխեն նորով: Տեղեկացրել են, որ ինքնակպչուն նկարներ են ուղարկելու դպրոցներ, որպեսզի վրայից փակցվեն վառվող դրոշով լուսանկարի վրա։ Հիշեցնենք․ դեռեւս ամռանն այս թեմայի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, սոցիալական ցանցում օգտատերերը հրապարակում էին «Մայրենի 3» դասագրքի կազմի վերջին էջը, որում Հայաստանի դրոշը կարծես այրվելիս լինի։
Հիմա որոշել են հետողորմյա անել եւ, ըստ էության, ցույց տալ, թե դասագրքի վրա մտածված չեն տեղադրել նման ապազգային նկար։ Ակնհայտ է, որ գալիք ընտրություններին ընդառաջ իշխանությունը որոշել է խմբագրել աղմկոտ եւ զգայուն թեմաները, տպավորություն ստեղծել, որ իրենք հայոց պետականությունը քանդելու համար դրսից ներդրված ապազգային տարրեր չեն»:

