Հայաստանը Ռուսաստանի հետ Երևանում կքննարկի ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հետ կապված հարցը
ՀասարակությունԲարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը խոսեց Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման շուրջ բանակցությունների մասին՝ նշելով, որ հայկական կողմը շարունակում է քննարկումները Մոսկվայի հետ երկկողմ համաձայնագրի որոշ դրույթների վերանայման նպատակով։
Հայրապետյանի խոսքով՝ հայկական կողմի նպատակն այն է, որ ձևավորվի համաձայնագիր, որը կհասցեագրի առաջացած խնդիրները և կբացառի նախկինում խնդրահարույց համարված կոնտենտը։
«Մեր առաջարկները միտված են նրան, որ ունենանք այնպիսի համաձայնագիր, որտեղ որևէ բաց չի լինի, և բոլոր խնդիրները իրենց հետևանքներով հասցեագրված կլինեն»,-նշեց նա։
Հարցին, թե ինչո՞ւ չի քննարկվում ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից ընդհանրապես հանելու հարցը, նախարարը պարզաբանեց, որ 2020 թվականի վերջից Հայաստանը յոթ տարով լիցենզիա է տրամադրել, և գոյություն ունի երկու կառավարությունների միջև ստորագրված փաստաթուղթ։

