«Ժողովուրդ». Նախարար Գևորգ Պապոյանը 4 տարում 2 բնակարան է գնել
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի ներկայիս նախարար Գեւորգ Պապոյանը, ով փորձում է թաքցնել մինչեւ 2018 թվականն ուենցած իր ՀՀԿ-ական անցյալը, ՔՊ-ի օրոք դարձավ ոչ միայն նախարար, այլ նաեւ մի շարք կառույցների խորհրդի անդամ կամ նախագահ: Նա ՔՊ վարչության կազմում հայտնվեց եւ դարձավ առաջամարտիկ` փոխնախագահ, եւ այս ընթացքում կուտակեց կապիտալ։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Գեւորգ Պապոյանը 2018 թվականին գնել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում, հետո եւս մեկը գնել է 2022 թվականին. երկու բնակարաններն էլ Երեւանում են:
Որպես տրանսպորտային միջոց՝ նախարար Պապոյանը հայտարարագրել է 1992 թվականի արտադրության VAZ մակնիշի ավտոմեքենա, բայց նա ծառայողական ավտոմեքենայով է երթեւեկում:
Տեղեկացնենք, որ Գեւորգ Պապոյանի՝ 2024 թվականի տարեկան եկամուտները կազմել են 25 մլն 414 հազար դրամ, որից 16 մլն 191 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, 2 մլն 984 հազարը՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Նախարարը 3 մլն 594 հազար դրամ աշխատանքի վարձատրություն է ստացել նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից։ Պապոյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է եկամտահարկի վերադարձ 1 մլն 729 հազար դրամի չափով։ Նրա եկամուտների մյուս մասը վարկեր են տարբեր բանկերից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն 386 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գեւորգ Պապոյանը հանդիսանում է «Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» բաժնետիրական ընկերության եւ «Համաշխարհային Առեւտրի Կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի անդամ։
Գեւորգ Պապոյանը, լինելով նախկինների քաղաքականության կրողը, հանդիսանում է «Էնթերփրայզ Արմենիա» («Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ Սա այն նույն ընկերությունն է, որը ղեկավարում է Արարատ Միրզոյանի կինը, իսկ խորհրդի կազմում է ամբողջ ՔՊ վերնախավը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Արդեն կանխատեսումներ կան, որ այս հիմնադրամը դառնալու է ԱՆԻՖ-ի նման ձախողված մի հիմնարկ, որը պետբյուջեի համար արժեցավ 5 մլն դրամ:
Նկատենք նաեւ, որ Պապոյանը թաքցնում է մինչեւ 2018 թվականի իր քաղաքական անցյալը. նա 2005-ից 2018 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթեւի անդամ, սակայն Կառավարության կայքում տեղադրված կենսագրականում այդ մասին ոչինչ չկա: Նա խնամքով թաքցնում է «նախկին թալանչի ռեժիմ»-ի մասը կազմած իր անցյալը՝ կատաղի պայքարելով իր իսկ անցյալի դեմ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

