«Հրապարակ». Թուրքիայում ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնազերծվում են
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ երկու շաբաթ առաջ Փաշինյանի` Թուրքիա կատարած այցի վերաբերյալ կողմերը ոչինչ չասող հայտարարություն տարածեցին, որից տպավորություն ստեղծվեց, թե այցը եղել է «անպտուղ», որեւէ համաձայնություն չի կայացվել։ Սա ինչ-որ առումով ուրախալի լուր էր մեզ համար, քանի որ մինչ հանդիպումը խոսվում էր, որ փաստաթուղթ է ստորագրվելու, որում ներառված կլինի նաեւ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցը։
Սակայն վերջին օրերին թուրք-ադրբեջանական մամուլը գաղտնազերծում է այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ըստ հրապարակումների՝ նշվում է, թե Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը համաձայնության են եկել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի հարցում, ինչը հնարավոր է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության եւ տրանսպորտային ցանցերի զգալի տեղաշարժ առաջացնի։ Ըստ այդ համաձայնության՝ Ռուսաստանը զրոյական վերահսկողություն կունենա միջանցքի նկատմամբ:
Երեկ նաեւ լուր տարածվեց, որ Ալիեւն ու Փաշինյանը հուլիսին հանդիպելու են Դուբայում։ Փաշինյանի մամուլի խոսնակը չհերքեց այդ տեղեկությունը՝ հին, ծեծված միտքը կրկնելով. «Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

