«Փաստ». Հայաստանի համար հարյուրավոր միլիոն դոլարների հասնող տույժեր են լինելու
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության խլման փաշինյանական ծրագիրը հանդիպեց Ստոկհոլմի արբիտրաժի որոշմանը, որը, սակայն, իշխանությունները, կարծես, չեն շտապում կատարել: «Փաստը» փորձել է ստանալ տարբեր փորձագետների գնահատականները ստեղծված վիճակին:
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ ՀԷՑ-ի հետ կապված իշխանությունների կազմակերպած գործընթացն ամբողջությամբ կատարվել է հակաիրավական, անօրինական ճանապարհով ու քաղաքական դրդապատճառներով։ Նա կանխատեսում է, որ թեպետ արբիտրաժի որոշումը Հայաստանի կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման, այդուամենայնիվ, իշխանությունները «ոչ թե ուղղակի չեն կատարելու, այլ արհեստական խոչընդոտ են ստեղծելու»։
Անդրադառնալով տնտեսական հետևանքներին՝ նա ընդգծեց, որ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող այս արշավը բացասաբար է ազդելու ներդրումային միջավայրի վրա։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ասում է՝ եթե կառավարությունը չկատարի այս որոշումը, առնվազն երեք հետևանք է լինելու Հայաստանի համար. «Առաջին՝ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող տույժեր են լինելու։ Երկրորդ՝ հնարավոր է, որ սառեցվեն Հայաստանի Հանրապետության՝ արտերկրում գտնվող ակտիվները։ Երրորդ՝ սա հանգեցնելու է Հայաստանի ներդրումային վիճակի վատթարացմանը և Հայաստանի քաղաքական «իզգոյացմանը»։ Ժամանակ շահելը ոչինչ չի տալու Փաշինյանին։ Ժամանակ կարող է շահել, բայց դա երկրի քաղաքական իմիջի և ներդրումային գրավչության հաշվին է լինելու։ Միևնույնն է, արբիտրաժն իր որոշումից չի հրաժարվելու, որովհետև Նիկոլ Փաշինյանը պրոցեսը սկսել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի խախտումով։ Սա շատ ակնհայտ է։ Բացի այդ, գոյություն ունի Հայաստանի և Կիպրոսի միջև ներդրումների պաշտպանության պայմանագիր, որը միջպետական պայմանագիր և միջազգային պարտավորություն է։ Սա ևս խախտել են»:
Քաղաքագետ Թևան Պողոսյանն էլ նշում է, որ արբիտրաժի գործողությունները շատ կանխատեսելի էին.«Եթե հանկարծ այլ որոշում կայացնեին, ուրեմն պատկերացրեք, թե որքան է աշխարհում իրավիճակը վատացել։ Աշխարհում շատ դատավորներ աշխատում են անբիծ պահել իրենց անունը՝ առաջնորդվելով հենց այդ սկզբունքով՝ քաղաքական գործիչները գալու և գնալու են, իսկ իմ անունը պետք է մնա։ Մարդկանց թվում է, թե այնտեղ էլ նստած՝ օրվա իշխանությունների հրահանգներին են սպասո՞ւմ, ինչպես այստեղ» ։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից այս կողմ այս իշխող ուժի կողմից պետականության մասին մտահոգություն եղե՞լ է։ Ոչ։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք հիմա զարմանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։ Պարզապես մաղթում եմ, որ Սամվել Կարապետյանը շատ արագ ազատվի բոլոր այս անարդար երևույթներից, և արդարությունը վերականգնվի։ Հետո կարող են երկխոսել ՀԷՑ-ի հետ և փորձել հասկանալ՝ կա՞ նրա կողմից պարտականությունների չկատարման խնդիր և այլն, ինչպես իրենք են հիմա նշում։ Բայց եթե խորացնելու են այն վիճակը, որը հիմա կա, ի՞նչ ասեմ, թող շարունակեն։ Բայց վնասը ոչ թե Սամվել Կարապետյանին են հասցնելու, այլ իրենք իրենց և ամենակարևորը՝ հայ ազգին»,-եզրափակում է Թևան Պողոսյանը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

