Ծիծեռնակաբերդի քանդո՞ւմ, թե՞ վերանորոգում

Վերլուծություն

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այս օրերին տեղի ունեցողը պետական անփութության, մասնագիտական անգրագիտության եւ քաղաքական կամքի բացակայության դասագրքային օրինակ է։ Տարածքում տեղի ունեցող «վերանորոգում» անվան տակ փաստացի ականատես ենք լինում ավերման՝ թե՛ ֆիզիկական, թե՛ խորհրդանշական իմաստով։

Վերանորոգման աշխատանքները, ըստ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, սկսվել են դեռեւս 2024-ին եւ կշարունակվեն մինչեւ առնվազն 2026 թվականը։ Այսինքն՝ հուշահամալիրի բուն հատվածը՝ Հավերժության տաճարը, կդիմավորի ցեղասպանության 111-րդ տարելիցը՝ բացարձակապես ոչ պատշաճ, նույնիսկ աղետալի տեսքով։ Ոչ ոք չի կարողանա զերծ մնալ հարցից. իսկ ինչո՞ւ այս աշխատանքները չսկսվեցին ամիսներ շուտ՝ գարնան սկզբին։ Ամառը շինարարական ակտիվ սեզոնն է. ինչո՞ւ հենց այդ ամիսներին չեղավ աշխատանքների հիմնական անելիքը։ Արդյոք պատահակա՞ն է, որ նորոգումը վերածվում է քանդման, իսկ պետական հիմնարկներն ընդամենը արձանագրում են՝ քարերը վատն էին, իբրեւ այլընտրանք չկար:

Թվում է, որ գործընթացը կա՛մ դիտավորյալ ձգձգվում է, կա՛մ կառավարությունն այլ նպատակներ է հետապնդում՝ քողարկված վերանորոգման պատրվակի տակ։ Համենայնդեպս, այս մասին է հուշում այն, որ համալիրի վերանորոգման աշխատանքների ընթացքում չի կազմվել մասնագիտական հանձնաժողով, չեն ներգրավվել ճարտարապետության կամ մշակութային ժառանգության ոլորտի անկախ եւ փորձառու ներկայացուցիչներ։ Այս հանգամանքը բարձրաձայնում են ոչ թե միայն լրագրողներ կամ ընդդիմադիրներ, այլ հենց հուշահամալիրի հեղինակների ընտանիքի անդամները։ Ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը՝ Անահիտ Թարխանյանն է անգամ քննադատում կատարվող աշխատանքներն ու նույնիսկ խոսում է դատախազություն դիմելու անհրաժեշտության մասին։

ԻՆՉՈՒ ՁԵՌՔՆԵՐԸ ՀԱՍԱՎ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻՆ

Ծիծեռնակաբերդը զուտ հուշարձան չէ։ Այն խորհրդանիշ է՝ պահանջատիրության, պայքարի, հիշողության եւ ազգային արժանապատվության։ Նման հուշարձանների նորոգումը, միջազգային փորձի համաձայն, կատարվում է բացառապես ճշգրիտ ու արժանապատիվ ռեստավրացիոն մոտեցումներով, ոչ թե սղոցով, պերֆերատորով ու բյուջետային փողերի կասկածելի օգտագործմամբ։

Այն, որ հուշահամալիրի երեք մույթերն արդեն քանդվել են, եւ դրանց փոխարեն տեղադրվելու են նոր քարեր՝ ոչ հստակ սկզբունքներով ու ոչ հստակ հաշվետվությամբ, կասկածներ է առաջացնում։ Դա այլեւս վերանորոգում չէ, խմբագրում է: Խմբագրում՝ ոչ թե ճարտարապետական, այլ քաղաքական դաշտում։

Եվ եթե այս գործընթացն ընթանում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի լռությամբ, եթե մասնագիտական համայնքը հրապարակավ քննադատում է, իսկ իշխանությունը շարունակում է նույն կերպ, ապա անհնար է սա չդիտարկել քաղաքական ենթատեքստում։

Այսքանից հետո լիովին տեղին է այն վարկածը, որ սա համապատասխանում է իշխանությունների՝ վերջին տարիներին ցեղասպանության թեմայի հանդեպ որդեգրած՝ հիշողության ջնջման մոտեցմանը։ Չէ՞ որ իշխանության առաջնորդը բազմիցս ակնարկել է, որ ցեղասպանության միջազգային ճանաչումը այլեւս արտաքին քաղաքական օրակարգ չէ։ Իսկ գուցե հուշահամալիրի քանդված տեսքն այն վիզուալ ուղե՞րձն է, որով ներկայիս կառավարությունը փորձում է այդ «օրակարգի» էջը փակել՝ քարերով, փոշով ու բահերով։ Իսկ այդ ընթացքում հանրության մոտ օրեցօր խորանում է համոզմունքը, որ տեղի է ունենում ոչ միայն պետական անգործություն, այլ՝ հուշարձանի նկատմամբ կանխամտածված, քաղաքական դրդապատճառներով առաջնորդվող վանդալիզմ:

Եթե մի ամբողջ կառավարություն աչք է փակում մի պատմական, ազգային հուշարձանի հանդեպ նման վերաբերմունքի վրա, ապա ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ վաղը չեն քանդելու նաեւ հիշողության այլ սրբավայրեր։ Քանզի եթե ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կենտրոնական հուշարձանն այսքան հեշտությամբ կարող է վերածվել քաղաքական շահարկման գործիքի, ուրեմն՝ որեւէ սրբություն արդեն այս պետության համար արժեք չէ։ Այո՛, Ծիծեռնակաբերդի սալահատակի փոշու մեջ այսօր թաքնված է մի ամբողջ ազգի անպատասխան հարցը՝ ի՞նչ են անում մեր հիշողության հետ…

ԱՐԴՅՈՔ ՍԵՎ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ ԱՐԱՄ ԶԱՎԵՆԻՉԻ ԳԼԽԻՆ

Այլ ուշագրավ զարգացումների պակաս եւս չկա ներքաղաքական դաշտում: Վերջին շրջանում «Հանրապետության» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանի անունը նորից հայտնվել է քաղաքական ու մեդիա ուշադրության կենտրոնում, սակայն ոչ այնքան իր քաղաքական նախաձեռնություններով կամ ելույթներով, որքան շուրջը տեղի ունեցող առեղծվածային ու շեշտված «վտանգներով» ուղեկցվող դեպքերով։ Մեկ՝ մահափորձի կասկած, մեկ՝ ռումբ՝ իր մերձավորներին պատկանող գործարանում։ Եվ այս ամենը՝ սենսացիոն ու բացահայտ քաղաքական ենթատեքստերով զուգորդված։

Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Մեր առջեւ երկու հնարավոր սցենար կա՝ հակադիր ենթատեքստերով, բայց անբաժանելի քաղաքական տրամաբանությամբ։

Սցենար առաջին՝ արհեստական հալածյալի կերպարի ստեղծում.

Վերջին տարիներին Արամ Զ. Սարգսյանի քաղաքական գործունեությունը աչքի է ընկել ընդգծված արեւմտամետ դիրքորոշմամբ՝ եվրոպական ինտեգրացիա, մերժում ռուսական ներկայության՝ թե՛ անվտանգային, թե՛ քաղաքական տիրույթում, եւ կոշտ քննադատություն ընդդիմադիր ու պահպանողական բեւեռների հասցեին։ Բայց այդ դիրքավորումը, ի տարբերություն այլ արեւմտամետ գործիչների, նրան գրեթե երբեք չի դարձրել զանգվածային հանրային աջակցության կամ ինքնաբուխ համակրանքի շահառու։ Ընդհակառակը՝ նրա կերպարը հաճախ ասոցացվել է ոչ թե ինքնուրույն ընդդիմադիրի, այլ իշխանությանն ուղեկից դերակատարի հետ։

Այս ֆոնին «սենսացիոն վտանգները», որոնք ուղղվում են թե՛ իր անձին, թե՛ մերձավորների (գործարան, ռումբ, մահափորձի վարկած), կարող են գործել որպես քաղաքական ծանրության մեծացման գործիք։ Այլ կերպ ասած՝ փորձ է արվում հանրային գիտակցությունում ամրացնել «վտանգված արեւմտամետ քաղաքական գործչի» պատկերը, ով պայքարում է հանուն ինչ-որ արժեքների, դրա համար ենթարկվում է ճնշումների եւ հալածանքի։ Եթե դա արհեստական կերպով է արվում, ապա դրա նպատակը հստակ է՝ ստեղծել համակրանքի ֆոն, ընտրությունների ժամանակ ստանալ մի քիչ ավել ձայն, իսկ իշխանության ներսում՝ մի փոքր ավել կշիռ։

Ոչ պակաս կարեւոր է նաեւ այս մեդիա-բեմադրության ժամանակացույցը։ Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվ նախապատրաստություններ են գնում՝ թե՛ հնարավոր արտահերթ ընտրությունների, թե՛ նոր կոալիցիոն խաղերի, եւ այդ գործընթացներում Արամ Սարգսյանի կուսակցությունը կրկին փորձում է հաստատվել որպես հարմարավետ կոալիցիոն գործընկեր՝ իշխանության համար։ Իսկ դրա համար պետք է ոչ միայն լոյալություն, այլ նաեւ քաղաքական «բիոգրաֆիա»՝ ընդդիմադիր տեսքով։ Դե ինչ, երբ չունես իրական հալածանքի պատմություն, կարելի է ստեղծել՝ սցենավորմամբ կամ ուղղորդված վտանգներով։

Սցենար երկրորդ՝ իրական սպառնալիքներ Արեւմուտքի «աշուղին».

Ինչ խոսք, իրականություն է, որ Արամ Զ. Սարգսյանը վերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական դաշտում դարձել է արեւմտյան քաղաքական դիսկուրսի հիմնական կրողներից մեկը։ Թե՛ նրա հռետորաբանությունը, թե՛ կուսակցության դիրքորոշումները, թե՛ կառույցների ներսում նրա ազդեցությունը համապատասխանում են արեւմտյան լոբբիների շահերին։

Եվ հենց այս տեսանկյունից չի կարելի բացառել, որ ռումբը գործարանում կամ այլ «զգուշացումներ» կրում են սիմվոլիկ բնույթ։ Այսօր Հայաստանում իրականում թեժանում է բիզնես-քաղաքական ուժերի բախումը՝ հատկապես էներգետիկ, շինարարական ու լոգիստիկ ոլորտներում։ Երբ Արամ Զ. Սարգսյանի մերձավորները հայտնվում են այդ ոլորտներում, երբ սկսում են մասնակցել ՀԷՑ-ի սեփականաշնորհման հնարավոր գործընթացին, երբ պետական ու կիսապետական խոշոր նախագծերի հետեւում սկսում են հայտնվել ծանոթ ազգանուններ՝ դա արդեն խանգարող հանգամանք է որոշ այլ տնտեսական խմբերի համար։ Եվ Հայաստանի պայմաններում նման բախումները հաճախ «կարգավորվում» են ոչ թե դատարանով, այլ ահաբեկման, զսպման կամ նախազգուշացման լեզվով։ Այսինքն՝ եթե ռումբ է հայտնաբերվում նրա հետ ասոցացվող գործարանում, դա կարող է նշանակել, որ ինչ-որ տեղ ինչ-որ ուժ կամ բիզնես շահ զգուշացնում է՝ «գերիշխող դիրք մի փորձիր վերցնել, հետեւանքները ձեր վրա կզգաք»։

Ի դեպ, ներկայացված տարբեր ենթադրություններին, կա մեկ ընդհանրություն․ Արամ Զավենի Սարգսյանը՝ անկախ իր իրական համոզմունքներից, դարձել է այն համակարգի բաղադրիչը, որի ներսում փեսաները գնում են էներգետիկ ընկերություններ, որդիները ներմուծում են մաքսազերծումից ազատ ապրանքներ, կուսակիցները հայտնվում են առանց հաշվետվողականության բարձր պաշտոններում, իսկ վարչական շրջանի նախկին ղեկավար, հայտնի բռնարարը, որն իր կուսակցությունից է, չի պատժվում:

Արդյունքում՝ նրա կերպարը դառնում է ոչ թե հակաիշխանական պայքարի սիմվոլ, այլ այս իշխանության ու նրա համակարգային կոռուպցիայի կազմակերպված շահառու։ Եթե նրան փորձում են խփել՝ նշանակում է «ճիշտ տեղում է», բայց եթե ինքն է այդ պատկերը կառուցում՝ նշանակում է նոր քաղաքական կապիտալի կուտակում է։ Երկու դեպքում էլ շահում է նա։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում