«Հրապարակ». Ադրբեջանը չի կարողանա կատարել Թրամփի պահանջը եւ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օգոստոսի 30-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ալիեւի խորհրդական Հիքմեթ Հաջիեւի միջեւ, ընդ որում՝ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Խոսակցություն է գնացել Բաքվում գտնվող հայ գերիների մասին։
Ըստ ամենայնի, հեռախոսազանգի պատճառը եղել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում արտաբերած մեկ արտահայտությունը, երբ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց․ «Ասում եք, որ 23 քրիստոնյա հայե՞ր կան, ես պատրաստվում եմ խնդրել, որ դա անեն (ազատ արձակեն), կարծում եմ՝ հանուն ինձ կանեն դա»։ Հավանաբար, այդ խնդրանքը հնչել է, եւ Հաջիեւը զանգահարել է ՀՀ պաշտոնյային, որ ոչ թե Թրամփին մերժեն, այլ՝ «անողնաշար հայերին»։
Մեր տեղեկություններով, նա ուղիղ տեքստով ասել է, որ Ադրբեջանը չի կարողանա կատարել Թրամփի պահանջը եւ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին եւ ռազմագերիներին։ Նա նաեւ դժգոհություն է հայտնել, որ Հայաստանի ներկայացուցիչը Վաշինգտոնում օգտագործել է «քրիստոնյա բանտարկյալներ» արտահայտությունը։ Հայտարարել է, որ «դա վնասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»։

