Դոլչե և Գաբբանայի հայազգի մոդել Աշոտ Գրիգորյանը Փարիզում կներկայացնի Շերոյանի հեղինակային կոստյումը
ՄշակութայինՓարիզում սեպտեմբերի 13-15-ն անցկացվելու է «OMC Hairworld 2025» խոշոր եւ հեղինակավոր մրցույթը, որի շրջանակներում մասնակիցները կմրցեն «Աշխարհի գավաթ»-ի համար: Արդեն իսկ 44 երկրից 500 մասնակից հաստատել է իր մասնակցությունը: «Լիովին նորաձեւ տղամարդ»՝ «Full fashion man» անվանակարգում ներկայացված է նաեւ հայազգի դիզայներ ԳԵՂԱՄ ՇԵՐՈՅԱՆԸ, ինչի մասին էլ «Իրավունք»-ը զրուցեց նրա հետ:
— Ինչպե՞ս ստացվեց Ձեր մասնակցությունն այս մրցույթին: Հայաստանը երբեւէ մասնակցություն ունեցե՞լ է OMC-ին: Ի՞նչ կազմով եք պատրաստվում ներկայացնել երկիրը:
— Մասնակցության հրավերը ստացել եմ իմ ընկերոջից՝ Ռոման Յանից: Այո, բավականին երկար տարիներ է, ինչ արդեն Հայաստանը մասնակցում է այս մրցույթին: Այս տարի Հայաստանից մրցույթին մասնակցության շուրջ 40 հայտ է ներկայացվել: Ամեն մեկս մեր առանձին թիմն ունենք: Մեր թիմի գլխավոր մարզիչը հենց Ռոման Յանն է, ով նաեւ այս տարի լինելու է ժյուրիի կազմում։ Մեր պատվիրակության կազմում են՝ Արտյոմ Դիլանյանը, Անի Ina Fashion-ը, Հասմիկ Մայիլյանը, Վարդան Գրիգորյանը, Եվա Մարտիրոսյանը։
— Ո՞վ է պոդիումում ներկայացնելու դիզայներ Գեղամ Շարոյանի հեղինակային աշխատանքը:
— Մոդելս հայ երիտասարդ է, ով ապրում է Փարիզում: Խոսքն Աշոտ Գրիգորյանի մասին է, որը վերջերս մասնակցել է Հռոմի պատմական եւ խորհրդանշական վայրում՝ Կաստել Սանտ Անջելո ամրոցի բակում, կազմակերպված «Դոլչե եւ Գաբբանա» հանրահայտ մոդայի տան տղամարդկանց հավաքածուի «Alta Sartoria» ցուցադրությանը:
— Հեշտությա՞մբ համաձայնեց: Ինչպե՞ս ստացվեց Ձեր համագործակցությունը:
— «Դոլչե եւ Գաբբանա»-յի ցուցադրությունից հետո՝ գրեցի իրեն, ողջունեց եւ համաձայնեց, չնայած նրան, որ իր պաշտոնական ներկայացուցիչները թույլ չէին տալիս մասնակցել ցուցադրությունների ուրիշ բրենդի տակ: Աշոտը բավականին հայրենասեր տղա է, պնդել է եւ ասել, որ իր հայրենակիցն է մասնակցում, չի կարող մերժել:
— Իսկ արդեն որոշե՞լ եք, թե Աշոտ Գրիգորյանն ի՞նչ կոստյումներով է հանդես գալու մրցույթին:
— Մասնակիցներից ամեն մեկս ներկայացնում ենք մեկ հագուստ: Մրցույթի հիմնական խնդիրն այն է, թե ինչ նորամուծություն կմտցնես նորաձեւության մեջ։ Թե ինչ նորամուծություն կլինի, դեռ փակագծեր չեմ բացի:
— Իսկ ընդհանրապես նորաձության նորամուծությունների միտումների մասին ի՞նչ կասեք: Մենք հաճախ նույն տղամարդկանց նորաձեւության մեջ տեսնում ենք անհասկանալի սեռի խեղված կերպարներ: Մինչդեռ Ձեր հավաքածուներում շարունակում է գերակշռել կոստյումների ավանդական դասական ոճը: Այս անգամ այդ շրջանակներից դո՞ւրս եք գալու, թե՞, այնուհանդերձ, տղամարդուն ներկայացնելու եք տղամարդու հագուստով:
— Միանշանակ տղամարդուն ներկայացնելու եմ տղամարդու հագուստով: Ինքս պնդել եմ, որ չպետք է լինի որեւէ շեղում իմ ձեռագրից: Եվ այս առումով կարծում եմ, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով: Միայն ասեմ, որ փորձել եմ որոշ դետալներ ավելացնել հագուստի վրա, այսինքն՝ հիմնական շեշտը դրել եմ աքսեսուարների վրա: Բայց ընդհանուր առմամբ՝ Աշոտ Գրիգորյանը ներկայանալու է smoking tuxedo-ով՝ պաշտոնական երեկոյան կոստյումով: Նշեմ, որ հատուկ Աշոտի համար կարվել են կոշիկներ, ինչի համար շնորհակալ եմ Խաչիկ Խաչատրյանին: Վերնաշապիկները կրկին հայկական արտադրանք է:
— Իսկ ցուցադրությունից հետո՝ կոստյումը կմնա Ձեր հավաքածույում, թե՞ կնվիրեք մոդելին:
— Այո, թողնելու եմ Աշոտին:
— Կա՞ լարվածություն մրցակիցների միջեւ: Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս մրցութային միջավայրը։
— Լարվածության մասին չեմ կարող ասել, քանի որ առաջին անգամ եմ մասնակցում եւ չգիտեմ, թե նախորդ տարիներին ինչպես է եղել: Կարեւորը, որ ունեմ հոյակապ թիմ, որտեղ տաղանդավոր մարդիկ են: Կարծում եմ՝ այս առումով ավելորդ լարվածություն չի լինի ու չկա։ Բոլորին մաղթում եմ լավ ելույթ:
— Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս մրցույթի արդյունքներից:
— Ես միշտ լավատես եմ եւ մտածում եմ, որ պետք է «Աշխարհի գավաթը» մերը լինի՝ նույն անվանակարգում ներկայացված 7 երկրներից։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

