Գյումրիում հասկանում են, որ Փաշինյանը կանգ չի առնի, եւ պատրաստ են դրան
Մամուլի տեսությունԳյումրիի մեր միանգամայն տեղեկացված աղբյուր հայտնում է, որ «հայրաքաղաքում» լավ գիտակցում են, որ Նիկոլ Փաշինյանից եկող ներկա ճնշումները կանգ չեն առնելու, ավելին՝ սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դրանք միայն սրվելու են: Պատճառը եւս հասկանում են՝ Փաշինյանի համար Գյումրին ունի խորհրդանշական իմաստ, եւ ներքուստ այն համոզմունքին է, որ այնտեղ պարտվելով, կպարտվի նաեւ ողջ Հայաստանում: Եվ եթե չտիրի քաղաքի վարչական ռեսուրսին, ապա քիչ արժեք եւ հեղինակություն ունեցող մարզպետարանի միջոցով ոչինչ անել չի կարողանա: Ըստ այդմ էլ՝ մնում է մեծացնել ճնշումը՝ քաղաքի կառավարման համակարգն իրենով անելու համար:
Բայց նաեւ, ըստ աղբյուրի, այդ փաստը գիտակցելով հանդերձ, Գյումրիի իշխանությունները (խոսքը քաղաքի իշխանության մեջ ներգրավված բոլոր ուժերի մասին է), նաեւ հասկանում են, որ Փաշինյանի հնարավորությունները բավականին սահմանափակ են: «Եղած բոլոր տարբերակներն արդեն ուսումնասիրվել կամ փորձարկվել են, բայց արդյունք չկա»,- նշում է աղբյուրը: Ըստ այդմ` շարունակելու է հիմնական շեշտը դնել Գյումրիի երկու ավանդական թեւերի՝ Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի հին հակասությունները խորացնելու վրա: «Հենց դա էլ Սրբազանին բանտ տանելու հիմնական իմաստն էր: Ժամանակին նա կարողացավ մեկ հայտարարի բերել Ղուկասյանի եւ Գրիգորյանի թիմերին, եւ վերեւներում մտածում են, որ նրան բանտում պահելով` կարող են, այսպես ասած, Սրբազանի այդ էֆեկտը «դուրս գրել», որը կտանի Ղուկասյանի եւ Գրիգորյանի միջեւ նոր պառակտումների: Իսկ դրանից հետո քաղաքային իշխանությունը խլելը կդառնա «տեխնիկայի խնդիր»: Բայց այդ երկու թիմերում էլ լավ հասկանում են խաղի ողջ իմաստը: Նաեւ, որ պառակտման դեպքում երկուսն էլ հայտնվելու են պարտվողի վիճակում, եւ կան փոխադարձ խոստումներ, որ ոչ միայն չեն բախվելու, այլ ցանկացած ճնշման դեպքում բոլոր միջոցներով իրար աջակցելու են»:
Բայց աղբյուրը նաեւ կարծում է, որ Նիկոլը եւս կարող է փոխել սխեման: «Այսինքն, Գյումրիում սպասում են անգամ Փարաքարի պատմության պես մի բանի, բայց դրան եւս պատրաստ են»,- կարծում է աղբյուրը: Նաեւ նշելով, որ պասիվ պաշտպանվողների դերում չեն մնա, եւ ՔՊ-ականների հետ կապված վերջին սկանդալային պատմությունները պարբերաբար կրկնվելու են:

