«Թերթ». Արման Թաթոյանի ուշացածության սինդրոմը
Մամուլի տեսություն«Թերթ» օրաթերթը գրում է. «Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, որն իր պաշտոնավարման տարիներից այդքան էլ վատ հիշողություններ չի թողել, հիմա որոշել է մտնել քաղաքականություն։ Թաթոյանի նման ցանկության մասին մենք գրել էինք դեռ ամիսներ առաջ՝ նաև տեղեկացնելով, որ բանակցություններ է վարում տարբեր կուսակցությունների հետ:
Հայաստանյան քաղաքական դաշտի համար ամենացավոտ խնդիրներից մեկը մնում է ուշացածության սինդրոմը: Եվ այս դեպքում էլ ամենակարևոր հարցը մնում է նույնը՝ ինչո՞ւ հենց հիմա։ Թաթոյանը տարիներ շարունակ խուսափում էր քաղաքական հայտարարություններից, իրեն մաքսիմալ հեռու էր պահում ընդդիմադիր հարթակներից. խուսափում էր նույնիսկ իր՝ քաղաքական դաշտ մտնելու մասին տեղեկությունների մասին հարցերին ուղիղ պատասխան տալուց։ Եվ ահա, նրա այս ակտիվությունը համընկավ երկրի ներսում ուժեղացող նոր ընտրական ցիկլի սպասումների հետ։ Բնական է, որ հասարակության շրջանում հարց է առաջանում՝ սա գաղափարակա՞ն ընտրություն է, թե՞, ավելի շուտ, իրավիճակային շանսի օգտագործում։
Թաթոյանը հիմա ներկայանում է «հասարակական պահանջով», սակայն չի պարզաբանում, թե ովքեր են կազմում իր թիմը, ինչ փորձ ունեն նրանք, ովքեր են իր թիկունքում և ինչ իրական ծրագրեր են առաջարկելու։ Առանց հստակ թիմի և քաղաքական պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամության՝ բոլոր հավակնություններն ու հայտարարությունները մնում են ընդհանուր բնույթի կարգախոսների մակարդակին։ Ամենախնդրահարույցն այն է, որ Թաթոյանը փորձում է պահպանել «անկախ» գործչի իմիջը, բայց քաղաքական դաշտ մուտք գործելիս այդ պատրանքը փլվում է։ Հասարակությունը իրավունք ունի իմանալու, թե ում հետ է նա պատրաստվում կառուցել իր ծրագիրը։ Այս ամենը հիշեցնում է ոչ թե այլընտրանքային ուժի կամ գործչի հայտ, այլ ուշացած մուտք քաղաքական լաբիրինթոս, որտեղ դիրքերն արդեն վաղուց զբաղված են։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

