Ծաղրածու չլինելու խոստումը՝ որպես պետական ծրագիր

Վերլուծություն

Երբ քաղաքական դաշտում գաղափարների պակաս կա, սկսվում է ժանրային խաղը՝ «ես Նիկոլից լավն եմ, որովհետեւ Նիկոլ չեմ» սկզբունքով։ Իսկ թե ի՞նչ ծրագիր ունեն, ո՞րն է իրենց տեսլականն ու առաջարկած քաղաքականությունը հին դեմքերով, բայց նորաթուխ քաղաքական գործչի հայտ ներկայացրածները շրջանցում են: Սա նշանակում է կա՛մ խաբում են ժողովրդին ու վաղն ավելի վատ ծուղակն են գցելու, կա՛մ, պարզապես, այնքան քաղաքականապես հասուն չեն, որ ծրագիր ու տեսլական ունենան: Ուղղակի, իրենց քաղաքական դաշտ նետածները, ասենք՝ Արեւմուտքից, կթելադրեն ինչ անել, իրենք էլ կանեն՝ Երեւանի քաղաքապետ Ավինյան Տիգրանից ապառիկով վերցնելով «Ասեք, կանենք» կարգախոսը:

«Միասնության թեւեր» կոչվող, բայց իրական քաղաքական թռիչք չունեցող նախաձեռնության ղեկավար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հերթական անգամ հայտնվել է հանրության առաջ՝ ինքն իրեն արդեն վարչապետ պատկերացնելով ու ժողովրդին ֆեյսբուքյան իր էջով վստահեցնելով, թե՝ «երբեք» թմբուկ չի նվագի, կրկեսում ծաղրածու չի խաղա եւ եկեղեցին չի ծաղրի։ Ե՞վ… այստեղ պետք է հոտնկայս ծափահարեի՞նք, թե՞ շնորհակալություն հայտնեինք: Փաստորեն, միայն այսքանը բավարա՞ր է, ըստ Թաթոյանի, հաջորդ ՀՀ վարչապետը լինելու համար:

Թաթոյանի հայտարարությունը կառուցված է նույն պոպուլիստական ոճով, որով տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը հասավ իշխանության. բարձրագոչ բառեր՝ «ազգային ինքնություն», «եկեղեցի», «ժողովրդի ցավ» եւ զրո կոնկրետ ծրագիր։ Ճիշտ ինչպես Փաշինյանը՝ Թաթոյանն էլ կարծում է, որ բավական է բարձրաձայնել խնդիրները, որպեսզի դրանք ինքնաբերաբար լուծվեն։ Մինչդեռ խնդիրները թվարկելը քաղաքականություն չէ:

«Ես մտադիր եմ լինել վարչապետ ու ոչ դրանից ավելին»,- հայտարարում է Թաթոյանը՝ ակամա կրկնելով Փաշինյանի հայտնի «ես սուրճ խմող վարչապետ չեմ լինելու» ժանրի խոստումները։ Տարբերությունը միայն նրանում է, որ Փաշինյանը գոնե իշխանության եկավ, իսկ Թաթոյանը դեռ ճանապարհին է՝ իր միկրո-վարկանիշի թեւերով փորձելով բարձրանալ քաղաքական օդ։ Օրինակ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Միայն թե, քաղաքական եղանակը բարենպաստ չէ, օդում եթե չթեւածեցին, հօդս են ցնդելու:

Արման Թաթոյանը քննադատում է Փաշինյանին՝ եկեղեցու, անվտանգության, թոշակների, կրթության թեմաներով։ Ճիշտ է ասում։ Բայց ի՞նչ է առաջարկում փոխարենը։ Ոչի՛նչ։ Բացարձակապես ոչինչ՝ բացի այն, որ ինքը «կրկեսի ծաղրածու» չի լինելու։ Ներողություն, բայց դա էլի ենք կրկնում՝ քաղաքական ծրագիր չէ:

Ավելին, Թաթոյանի ամբողջ խոսույթը կառուցված է նույն արեւմտյան փաթեթավորմամբ պոպուլիզմի վրա, որը տարիներ շարունակ մեզ հրամցվում է որպես «նոր որակ»։ Նույն բարոյախոսական տոնն է, նույն վերամբարձ «ես ձեզանից լավն եմ» մոտեցումը, նույն կտերը, որոնց համն արդեն ժողովուրդը գիտի եւ այդ «կերածից» ստամոքսի խանգարում ունի։

Երբ Թաթոյանը Փաշինյանին մեղադրում է երկիրը կրկես սարքելու մեջ, ակամա հարց է ծագում․իսկ ինքը ի՞նչ է անում՝ վարչապետի դեր խաղալով, երբ անգամ քաղաքական թիմ, ծրագիր կամ հանրային վստահություն չունի։ Սա նույն քաղաքական թատրոնն է, պարզապես դերասանը փոխված է, սցենարը՝ ոչ։

Ի վերջո, եթե խնդիրը միայն նրանում է, որ Նիկոլ Փաշինյանը թմբուկ է նվագել, ապա կարելի է հանգիստ շունչ քաշել․ Թաթոյանը խոստանում է՝ թմբուկ չի նվագի։ Իսկ ո՞վ է պատասխանատվություն վերցնելու երկրի անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսության համար, այ դա ոչ ոք չգիտի:

«Հինգ տարիների ընթացքում այս իշխանությունը չի կարողացել այդպես էլ ամրապնդել մեր անվտանգությունը, ուժեղացնել մեր բանակը, որպեսզի մենք կարողանանք պաշտպանվել բոլոր նրանցից, որոնք սպառնում են ամեն օր մեզ ֆիզիկական բնաջնջմամբ: Նիկոլ Փաշինյանն ուզում է, որպեսզի մենք խոսենք ոչ թե մեր պետության գոյության, այլ պատարագների, իր անօրինականությունների, շանտաժի ենթարկված եպիսկոպոսների ու նրանց անձնական կյանքի մասին», - նոր-նոր գլխի է ընկել Թաթոյանը։

Լավ, վաղն էլ կարող է Նիկոլ Փաշինյանի սիրտը թթու վարունգ ուզել, իսկ ի՞նչ է ուզում Թաթոյանը՝ վարչապետի աթոռից բացի: Եվ ընդհանրապես, ի՞նչ է ստացվում՝ թունդ ընդդիմադիր կերպար հագած Թաթոյանն, այնուամենայնիվ, խնայո՞ւմ է Փաշինյան Նիկոլին: Հինգ տարիների ընթացքում այս իշխանությունը, փաստորեն, ոչ թե քանդել ու քայքայել է բանակն, այլ ընդամենը չի կարողացել ուժեղացնե՞լ: Իսկ գուցե Թաթոյանը դեռ շնորհակա՞լ է Փաշինյանից 2018-ին իրեն Մարդու իրավունքների պաշտպան թողնելու համար եւ հիմա ֆեյք ընդդիմադիր խաղալով՝ փորձում է վարձահատո՞ւյց լինել: Դե եթե ընտրություններին էլ դառնա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ասած՝ «Աստծո պարգեւ» խորհրդարանական ընդդիմադիր, մի հատ էլ կասի՝ փառքդ շատ, Փաշինյան Նիկոլ:

Ասում են՝ պատմությունը կրկնվում է՝ առաջին անգամ որպես ողբերգություն, երկրորդ անգամ՝ որպես ֆարս։ Արման Թաթոյանի քաղաքական հայտը, ցավոք, երկրորդի դասական օրինակն է։ Նույն բառերը, նույն պոպուլիզմը, նույն դատարկությունը։ Պարզապես այս անգամ՝ առանց իշխանության, բայց նույն հավակնությամբ։

Եվ, այո՛, պարոն Թաթոյան, եթե ձեր ամբողջ քաղաքական «ծրագիրը» սահմանափակվում է միայն նրանով, որ դուք Նիկոլ Փաշինյանը չեք, ապա այսպիսի քաղաքական մուտքով հաստատում եք՝ բեմը նույնն է, լուսարձակները՝ եւս, դե սցենարն էլ արդեն անգիր ենք արել, մինչդեռ հանդիսատեսը վաղուց հոգնել է այդ ներկայացումից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում