ՈԻՂԻՂ. Ֆիդանը Սոլովյովին պատասխանեց, Թուրքիան Հայաստանը չի տալու. Հայկ Բաբուխանյան
ՏեսանյութերՆերքաղաքական վերջին զարգացումների եւ արտաքին մարտահրավերների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:
«ԳՈՌԳՈՌԱՑԻՆ, ԲՐԹԲՐԹԵՑԻՆ ՄԻՄՅԱՆՑ, ԲԱՅՑ ԴՐԱՆԻՑ ՈՉԻՆՉ ՉՓՈԽՎԵՑ ԵՐԿՐԻ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ»
— Արդեն իսկ նախընտրական տրամադրություններ են տիրում, մի քանի քաղաքական ուժ շտապել են հայտարարել ԱԺ ընտրություններին իրենց մասնակցության մասին: ՀՅԴ-ն ասաց, որ դաշինքով է մասնակցելու, ՀԱԿ-ն ունի վարչապետի թեկնածու՝ ի դեմս Լեւոն Զուրաբյանի: Փաստորեն, ընդդիմադիր միասնական ճակատ ձեւավորելու հնարավորությունն այլեւս սպառվա՞ծ է: Ընտրություններին առանձին-առանձին մասնակցելով՝ հնարավոր լինելո՞ւ է այս իշխանությանը հեռացնել։
— Մեր կուսակցությունը երկու ամիս առաջ հանդես եկավ պաշտոնական կոչով՝ դիմելով բոլոր ընդդիմադիրներին ստեղծել նախընտրական մեկ միասնական ուժ, որը կկոչվի «Ո՛չ Նիկոլ Փաշինյանին, այո՛ Հայաստանի Սահմանադրությանը»: Ասացինք՝ թող չլինի ուրիշ ո՛չ մի լոզունգ, ո՛չ մի ծրագիր, ո՛չ մի նախընտրական թեզ, բոլորս մոռանանք տարաձայնությունները: Ցավոք սրտի, քաղաքական դաշտում գործող եւ իրենց ընդդիմադիր անվանող բազմաթիվ ուժեր անտեսեցին մեր այդ կոչը եւ որոշեցին, որ նրանք ավելի լավ է մասնակցեն ընտրություններին առանձին, վերցնեն իրենց այդ երազելի ու երանելի մանդատը եւ 5 տարի գնան ու աշխատեն ընդդիմություն Նիկոլի մոտ, պարգեւավճար ու 13-րդ աշխատավարձ ստանան:
Հավանաբար, սա այն նույն ճանապարհն է, որը եղավ 2021 թ.-ին, երբ սկզբից Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ «Հայաստան» դաշինքի ընտրություններին մասնակցելու մասին, ապա մնացածն ընկան այդ ջրերը, եւ ունեցանք այն, ինչ ունեցանք: Այդ, այսպես կոչված, ընդդիմադիր աշխատող ընկերները շատ լավ աշխատեցին՝ գոռգոռացին, հրմշտեցին, բրթբրթեցին միմյանց, բայց դրանից բացարձակապես ոչինչ չփոխվեց երկրի քաղաքականության եւ կործանման ընթացքի մեջ: Եվ հիմա պատմությունը կրկնվում է:
Չեմ ասի, որ ընտրություններով հնարավոր չէ փոխել ներկայիս իշխանություններին, բայց եթե այսպես գնաց, տարբեր մանր-մունր քաղաքական գործիչներ հերթով հայտարարեցին, թե՝ ես էլ, ես էլ եմ գնալու ընտրությունների, դա լինելու է, իհարկե, Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Իհարկե, կարող են լինել խոշոր դաշինքներ, որոնք կհաղթահարեն նախընտրական շեմը եւ խորհրդարանում կկազմեն մեկ ընդհանուր կոալիցիա` Նիկոլին դուրս մղելով իշխանությունից։ Բայց դրա համար չպետք է լինեն այդ պուճուր-մուճուր քաղաքական ուժերը, որոնք ձայներ փոշիացնող են` հօգուտ Նիկոլի։ Դուք հիշո՞ւմ եք, թե անցած ընտրություններին քանի կուսակցություն էր մասնակցում. տասնյակներով առաջադրվեցին, ամեն մեկը ստացավ մեկ տոկոս, կես տոկոս եւ այդ տոկոսները, ի վերջո, անցան հիմնականում Նիկոլին։
«ԹՈՒՐՔԻԱՆ ՆԻԿՈԼԻՆ ՈՒ ՆՐԱ ՇՈՒՐՋ ՀԱՎԱՔՎԱԾՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԷՐ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՎԱՂՈՒՑ, ՔԱՆ 2018-ԻՆ ԷՐ»
— Նիկոլ Փաշինյանն առաջիկա ընտրություններին ունի Թուրքիայի աջակցությունը, ինչի մասին հայտարարեց արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Ի՞նչ կասեք այս մասին՝ արդյոք սա առաջին աջակցությունն է Փաշինյանին Թուրքիայի կողմից, թե՞ դեռ 2018-ից սկսած աջակցում էին այս իշխանությանը։
— Կարծում եմ` Թուրքիան Նիկոլին ու նրա շուրջ հավաքված այդ անձնավորություններին աջակցում էր շատ ավելի վաղուց, քան 2018 թվականին էր: Իրենք պատահական չեկան իշխանություն եւ պատահական չհավաքվեցին իրար շուրջ։ Վերցնենք, օրինակ` Ռուբեն Ռուբինյանին (ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց)։ Նա այն եզակի մարդն է, որը սովորել է Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատությունում, ստացել է թուրքական գիտելիքներ եւ այլն։ Հասկանալի է չէ՞, որ դա պատահական չէր կարող լինել: Այսօր անգամ՝ պրոթուրքական կառավարության պայմաններում, դժվար է պատկերացնել, որ հայ երիտասարդը գնա Թուրքիայի բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու։ Պատկերացրեք, ասենք, 20 տարի առաջ դա ֆանտաստիկայի ժանրից էր, հնարավոր չէր, եթե չլիներ կոնկրետ ծրագիր, որը պլանավորվել էր այն ժամանակ եւ իրականանում է հիմա: Իհարկե, հասկանալի է, որ Թուրքիան չէր կարող երազել անգամ այսպիսի Հայաստան ունենալու մասին, որն ունի այսօրվա իշխանության օրոք: Բայց նրանց երազանքները դարձան իրականություն, ինչի համար հետեւողական աշխատանք են կատարել:
Թուրքիայի համար նման իշխանություն ունենալ Հայաստանում, մեծ դիվանագիտական առավելություն է եւ հաղթանակ, որովհետեւ այն պահից, երբ Հայաստան մտավ 11-րդ Կարմիր բանակը՝ 1920 թվականի նոյեմբերի 29-ին, հռչակվեց Հայաստանում Սովետական կարգեր, վռնդվեցին այն մարդիկ, ովքեր Հայաստանը վաճառում էին թուրքերին: Ավելին՝ արդեն վաճառել, ավարտել էին. թուրքական զորքերը կանգնած էին Ալեքսանդրապոլում, Հայաստանի բազմաթիվ վայրերում։ Հայաստանի կառավարությունը ստորագրել էր Ալեքսանդրապոլի պայմանագիրը, ըստ որի, երկիրն ամբողջությամբ նվիրվում էր, անցնում էր Թուրքիային՝ որպես թուրքական վերահսկողության տակ գտնվող մի տարածք։ Այդ պահից, այսինքն` 1920 թվականի նոյեմբերի 29-ից մինչեւ Նիկոլենց իշխանություն գալը Հայաստանը Թուրքիային որեւէ ձեւով չէր պատկանում։ Թուրքիան չուներ այստեղ վերահսկողություն, այո՛, ուներ գործակալներ, բայց չուներ ազդեցություն։ Իսկ հիմա Թուրքիան կամաց-կամաց Հայաստանը վերցնում եւ դնում է իր գրպանը:
Այո՛, Հաքան Ֆիդանն ասաց, որ Նիկոլը լավ, ուժեղ տղա է ու պիտի շարունակի մնալ ընտրություններից հետո։ Բայց կարեւոր հարցն այն է, թե ինչո՞ւ Թուրքիան հանկարծ բացահայտեց դա։ Չէ որ սրանով շատ-շատերի համար ակնհայտ դարձավ, որ այս իշխանությունը, կարծես թե, թուրքական դրածո է, եւ մարդիկ կհրաժարվեն նորից ընտրել: Ըստ էության, Ֆիդանն այնքան վստահ է, որ իրենց գործակալներով, ազդեցությամբ կարող են պահել այս իշխանությանն ընտրություններից հետո, որ ասաց դա՝ ի պատասխան Սոլովյովի հայտարարության: Սոլովյովն ասում էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում հանձնել Հայաստանը Թուրքիային, իսկ Ֆիդանն արձագանքում է՝ մենք չենք վերադարձնելու Հայաստանը ձեզ, արդեն գրեթե վերցրել ենք, դրել ենք գրպաններս: Հայաստանում, ըստ Ֆիդանի ասվածի ենթատեքստի, լինելու են պրոթուրքական իշխանություններ, եւ այն դառնալու է իրենց սեփական տարածքը, որտեղ ինչ կուզեն, կանեն: Կրկնում եմ՝ Ֆիդանը սա չասաց ՀՀ ընտրողներին, ոչ էլ Նիկոլին, որն առանց այդ հայտարարության էլ գիտեր, որ Թուրքիան իրեն աջակցում է։ Նա ասաց ռուսներին, որ իրենք Հայաստանը չեն վերադարձնի, մոռացե՛ք:
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ԿԱՄ ԱՅՆ, ՈՒՐ ՏԱՆՈՒՄ Է ՆԻԿՈԼԸ»
— Ռուս քաղաքական մեկնաբան Սոլովյովի հայտարարությունը՝ Հայաստանում հատուկ ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ, բավականին ցավոտ ընդունեց ոչ միայն իշխանությունը, այլ նաեւ ընդդիմադիր ներկայացող մի շարք գործիչներ, թե՝ մենք ինքնիշխան ենք, անկախ, չի կարելի խառնվել մեր ներքին գործերին։ Ի՞նչ կասեք այս մասին:
— Էլի եմ ասում` ո՛չ Սոլովյովի ասածն էր հայերին ուղղված, ո՛չ էլ` Ֆիդանինը: Այսօր Հայաստանը, հայ ժողովուրդը, հայաստանյան իշխանությունները, ցավոք սրտի, արդեն քաղաքականության մեջ սուբյեկտ չեն։ Նիկոլն այնքան իջեցրեց մեր ինքնիշխանությունը, մեր ուժը, մեր հզորությունը, որ մենք այլեւս քաղաքական այս անցուդարձի մեջ սուբյեկտ չենք։ Հայաստանն ունի երկու ճանապարհ` կամ այն, ուր տանում է Նիկոլը, այսինքն՝ պետք է կատարենք Թուրքիայի, նրա թիկունքում կանգնած գլոբալիստների, Անգլիայի բոլոր պահանջները: Ընդ որում՝ դրանց մի մասը Թուրքիան արտահայտում է ուղիղ, մի մասն արտահայտում է Ադրբեջանի բերանով, մի մասն էլ Անգլիան է արտահայտում Թուրքիայի բերանով: Սա նշանակում է, որ 10-15 տարի հետո, հայկական Հայաստան, որպես այդպիսին, չի լինելու: Լինելու է տարածք, որը կոչվելու է Հայաստան, գուցե ունենալու իր դրոշը, գերբը եւ այլն, բայց չի լինելու հայկական։ Լինելու է թուրքական, այսպես ասած, խամաճիկային մի տարածք, որտեղ Թուրքիան է կառավարելու եւ ասելու` ինչ անել:
Կամ կա երկրորդ տարբերակը՝ լինել Ռուսաստանի հետ, ինչպես վերջին 250 տարին ապրել ենք որպես ազգ եւ վերակենդանացել այս տարածքում։ Չմոռանանք, որ արդեն ազգային փոքրամասնություն էինք, երբ վերակենդանացանք եւ ստեղծեցինք մեր պետականությունը։ Ի դեպ, օրերս Գրիբոյեդովի ծննդյան օրն էր, նա այն մարդկանցից է, ով կանգնած է եղել Հայաստանի պետականության վերականգնման ակունքներում: Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որով վերականգնվեցինք որպես ազգ, ստեղծեցինք մեր պետությունը, վերակենդանացրինք ազգային երաժշտությունը, մշակույթը, կրթությունը, սպորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, գիտությունը եւ այլն։ Եվ դա մենք արեցինք բացառապես շնորհիվ Ռուսաստանի: Նայեք, թե 250 տարի առաջ ինչ էինք եւ հիմա ինչ ենք, 250 տարի առաջ որտեղ էինք եւ հիմա որտեղ ենք։ Ճիշտ է, մենք աճեցինք-աճեցինք, հետո սկսեցինք կորցնել-կորցնել, իսկ Նիկոլի օրոք ուղղակի անկում եղավ։ Բայց նույնիսկ հիմա մենք դեռեւս պահպանում ենք պետականությունը։ Փաստ է չէ՞, որ պատմական զարգացումները, բացի դրանից՝ գիտական, քաղաքագիտական վերլուծությունն ապացուցում է, որ պետք է լինես Ռուսաստանի հետ։
Բոլոր դեպքերում, պետք է ասել, որ Սոլովյովը նախ մասնավոր անձ է, եւ չի կարելի ասել, որ դա Ռուսաստանի պետական դիրքորոշումն է, բայց այդտեղ կա նաեւ շատ պարզ տրամաբանություն՝ Ռուսաստանը 300 տարի կռիվ է տվել այս տարածքի համար Թուրքիայի եւ Իրանի դեմ, կորցրել է այստեղ 200 000 ռուս զինվոր, որոնք զոհվել են ՀՀ կամ մերձակա տարածքում, Արեւմտյան Հայաստանում։ Եվ այսօր, երբ աշխարհը փոխվում է, եւ ամեն մեկն ասում է, որ իր կողքի տարածքներն իրենն են, օրինակ` ԱՄՆ-ն ասում է` Վենեսուելան իր տարածքն է, ամբողջ Լատինական Ամերիկան՝ եւս, Կանադան, Մեքսիկան, Գրենլանդիան էլ են իրենը, նույնն էլ Ռուսաստանն է ասում: Հատկապես, որ Ռուսաստանն այն ամենը, ինչ ունեցել է, պատմական փաստ է, իսկ ԱՄՆ-ն երբեք չի ունեցել Գրենլանդիա, Մեքսիկա, Լատինական Ամերիկա, բայց ասում է` քանի որ իմ կողքն է, պետք է տիրապետեմ։ Ռուսաստանը 300 տարի է, ինչ ունեցել է Հայաստանի տարածքը, Անդրկովկասը, Միջին Ասիայի տարածքը եւ այլն: Մեկը 300 տարի, մեկը 250 տարի, մեկը 200 տարի, դարեր շարունակ պահել է, պաշտպանել է, կռվել է, զոհվել է, դրա համար ասում է` ես էլ այդ դեպքում իմն եմ վերցնում, ինչու՞ պետք է տամ Թուրքիային:
Օրինակ` ինչո՞ւ պետք է Ռուսաստանը կամովին հրաժարվի Հայաստանից, Վրաստանից, անգամ Ադրբեջանից եւ ասի` լավ, Թուրքիա՛, կարողացե՞լ ես հեղաշրջում կատարել, կարողացե՞լ ես քո գործակալներին բերել իշխանության, դե վերցրու: Ինչո՞ւ պետք է Ռուսաստանն այդպիսի տրամաբանությամբ աշխատի։ Այսպիսով, ստացվում է, որ Ռուսաստանն այսօր Թուրքիային է ասում` մի՛ մտիր իմ հետաքրքրությունների եւ շահերի տարածք, Թուրքիան էլ պատասխանում է, որ արդեն վերցրել է եւ պետք է մնա այդպես:
Նույնը տեղի ունեցավ Ուկրաինայում, որտեղ գլոբալիստները, եվրոպական, ամերիկյան ուժերը կատարեցին պետական հեղաշրջում 2014 թ.-ին: Իշխանության բերեցին եւ դրեցին գլոբալիստական, անգլիական, ամերիկյան իրենց խամաճիկներին։ Այդ խամաճիկներին ստիպեցին, որ Ուկրաինան դառնա հակառուսական պետություն։ Հիշում եք չէ՞ , թռնում էին եւ ասում` ով չի թռչկոտում, պրոռուսական է: Այսինքն` ստիպեցին Ուկրաինան դարձնել հակառուսական տարածք, հետո գցեցին պատերազմի մեջ, սկսեցին ռմբակոծել ռուսներով բնակեցված տարածքները, ոչնչացնել այդ մարդկանց կյանքերը, երեխաներին սպանել եւ այլն՝ Դոնբասում, Դոնեցկում, Լուգանսկում… Ռուսաստանը այդտեղ հատուկ ռազմական գործողություն հայտարարելուց առաջ մի քանի անգամ ասաց` մի՛ մտեք այն տարածքները, որոնք իմ համար կենսական են, ՆԱՏՕ-ն չպետք է գա հասնի, ասենք, Սմոլենսկի, Կուրսկի, Բրյանսկի, Բելգրադի սահմանին կանգնի: Զգուշացրեց՝ չի լինելու այդպիսի բան, մի՛ մտեք, Ուկրաինայի ժողովրդին էլ հանգիստ թողեք, մեզ էլ մի՛ հասցրեք այն վիճակին, որ ստիպված լինենք ուժով լուծել հարցերը։ Բայց իրենց պետք էր, որ Ռուսաստանին ներքաշեն պատերազմի մեջ, իրենք դա արեցին, թե հիմա Ուկրաինայից ինչ մնաց՝ այդ ամենի հետեւանքով, տեսնում ենք: Ժամանակին 52-53 միլիոն բնակչություն ունեցող Եվրոպայի ամենաուժեղ պետությունն այսօր կործանված է, փլատակների մեջ է, իսկ բնակչության թիվն իջել է եւ դարձել մոտ 20 միլիոն:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

