Վտանգված է հերոսների կատարած սխրանքների իսկությունը. Արփինե Սարիբեկյան
Մշակութային«ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՈՐ 6 ՏԱՐԻ ՀԵՏՈ ՈՐՈՇՎԵՑ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵԼ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, ԲԱՅՑ ԱՅՆ ԹԵՐԻ Է, ԱՆԳԱՄ՝ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ»
Պատերազմից հետո լռությունը միշտ էլ խաբուսիկ է. դրա տակ ապրում են անուններ, ճակատագրեր ու չմարող հիշողություն։ Այդ լռությունը բառի է վերածում բանաստեղծ, արձակագիր ԱՐՓԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ, ով արդեն տարիներ շարունակ իր ստեղծագործություններով պահում է հայ զինվորի ու սպայի անմահության շունչը։ «Քաջերի երթը», «Պարոնայք սպաներ»… մոտ չորս տասնյակ իր հեղինակած գրքերը մերօրյա մտավորականի խոստովանությունն են հերոսներին՝ անուն առ անուն, ճակատագիր առ ճակատագիր։ Հայոց բանակի կազմավորման օրվան՝ հունվարի 28-ին ընդառաջ, «Իրավունք»-ը զրուցել է նրա հետ։
— Տիկին Սարիբեկյան, հունվարի 28-ը Բանակի օրն է․ ի՞նչ խորհուրդ ունի այս օրը Ձեզ համար հիմա, երբ բանակի գաղափարը հասարակության մեջ անցնում է լուրջ փորձությունների միջով։
— Արդեն 25 տարի է` Հայաստանի Հանրապետությունում հունվարի 28-ը նշվում է` որպես Հայոց բանակի օր: 2020 թվականից այս կողմ Հայոց բանակն, իսկապես, անցնում է լուրջ փորձությունների միջով, քանի որ կոտրվեց բանակի ողնաշարը։ Բազմաթիվ սպաներ, հազարավոր զինվորներ ընկան հանուն հայրենիքի։ Ունենալ հզոր բանակ, դա հայրենիքի ամուր հենասյունն է, որն այսօր մեր հանրապետությունում, ըստ իս, խարխլված է:
— Հունվարի 27-ն Ազգային ժողովը սահմանեց՝ որպես հիշատակի օր՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին։ Ձեր կարծիքով՝ սա ուշացա՞ծ, թե՞ անհրաժեշտ քայլ էր: Ըստ Ձեզ, այն կապրի՞ ոչ թե օրացույցում, այլեւ հանրային գիտակցության մեջ, երբ ընտրված օրը չի արտացոլում ո՛չ պատերազմի սկիզբը, ո՛չ ավարտը:
— Նախ սկսեմ նրանից, որ հունվարի 27-ը ոչ միայն 44-օրյա պատերազմում անմահացած տղաների հիշատակի օր պետք է լիներ, այլեւ` Արցախյան առաջին պատերազմի, Քառօրյա պատերազմի, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի, ինչու չէ նաեւ սեպտեմբերի 19-ին Արցախում ընկած տղաների հիշատակի օր։ Ընդհանրապես շատ ուշացած որոշում է: 44-օրյա պատերազմից 6 տարի է անցել, իհարկե, շնորհակալ եմ, որ 6 տարի հետո որոշվեց հարգանքի տուրք մատուցել հերոսներին, բայց այն թերի է, անգամ սեպտեմբերյան 13-ի եւ Արցախյան վերջին պատերազմում ընկած տղաների ծնողների համար՝ վիրավորական։ Իսկ օրացույցում այդ օրը կապրի այնքան, որքան որ այդ օրը սահմանողները կլինեն իշխանության ղեկին։
«ԵՐԿՐԱՅԻՆ ՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ԲԱՆԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՕՐԵՐԸ ԱՅՍՊԻՍԻ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ, ԱՅՈ՛, ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵԻՆ»
— Ընդհանրապես, որքանո՞վ էր ճիշտ բաժանելը երկրային ու երկնային բանակներին՝ մի օր սահմանելով հիշատակի օր, հաջորդ օրը՝ տոն:
— Միգուցե շատերն իմ խոսքը քննադատեն, բայց ընդհանրապես տոնից հետո է լինում հիշողաց օր։ Իսկ երկրային ու երկնային բանակին նվիրված օրերը այսպիսի հաճախականությամբ, այո՛, չպետք է լինեին։
— Դուք տարիներ շարունակ Ձեր գրքերում խոսում եք անմահ հերոսների մասին, գիտեք նրանցից շատ- շատերի ընտանիքների ճակատագրերը: Ի՞նչ են այսօր հերոսների ընտանիքները սպասում պետությունից եւ հասարակության վերաբերմունքից:
— Շուրջ 39 անուն գիրք եմ գրել մինչ օրս՝ նվիրված անմահ հերոսներին, իսկ իմ «Քաջերի երթ» ֆեյսբուքյան էջով լուսաբանել եմ հազարավոր հերոսների. անձամբ զրուցելով նրանց հարազատների հետ։ Եվ այսօր ցավում եմ, որ անգամ հունվարի 27-ին ոչ բոլոր հերոսներին նվիրված հարգանքի օր է։ Գոնե կարող էր լինել, բոլոր ժամանակներում հանուն հայրենիքի նահատակվածների օր։ Հերոսների հարազատները պարզապես ուզում են, որ հիշեն իրենց զավակներին՝ թե՛ դպրոցներում, թե՛ այլ կրթական հաստատություններում լինեն փառքի անկյուններ, որ մեր գալիք սերունդները ճանաչեն մեր հերոսներին։
«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ՈՒ ՄԻՇՏ ԿՄՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ»
— Կարծես, գաղափարական եւ արժեքային հաշվեհարդար է սկսվել՝ հոգեւորից մինչեւ հայրենասիրություն։ Ո՞րն է բանաձեւը՝ չուրանալու, դիմակայելու:
— Այո, ցավով պետք է նշեմ, որ այսօր վտանգված են թե՛ մեր հոգեւոր արժեքները, թե՛ հերոսների կատարած սխրանքների իսկությունը, իսկ դա կարող է բերել հայի գենի, ինքնության ոչնչացման։ Ինչքան էլ դժվար լինի ընկալելը եւ պահելը մեր հոգեւոր եւ մարդկային արժեքները, երբեք չպետք է գայթակղվենք այն ախորժելի առաջարկներից, որոնք ստանում ենք ու դեռ շատ կստանանք։
— Ձեր ստեղծագործություններում հերոսը սպան ու շարքային զինվորն է՝ իր ցավով, ընտանիքով, հավատով։ Այս օրերի իրադարձությունները Ձեզ նոր գրական խոսք պարտադրո՞ւմ են, թե՞ դեռ սպասում եք մի պահի, երբ հասարակությունը պատրաստ կլինի լսել ճշմարտությունը։
— Իմ ստեղծագործական մտքում ոչ մի փոփոխություն չի եղել ու չի լինի, քանի որ ես գրում եմ մեկ գաղափարի շուրջ, ու դա ինձ համար անբեկանելի է. «Տղերքը կռվեցին հաղթանակը շուրթերին, կռվեցին ու ընկան հաղթանակած, բայց Արցախը ընկավ, ցավոք, դավաճանված»։ Ոչինչ ու ոչ ոք չի կարող ազդել իմ մտքի ու գաղափարի վրա, քանզի ինձ համար հայրենիքը եղել է, կա ու միշտ կմնա Հայաստանն ու Արցախը:
«ԵՐԲԵՔ ՉԵՄ ԼՌԻ ԱՅՆ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋ, ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՏՂԱՆԵՐԻՆ»
— Դուք հաճախ խոսում եք մտավորականի պատասխանատվության մասին։ Այս օրերին արդյո՞ք հայ մտավորականը իր տեղում է, եւ ի՞նչ գին ունի ոմանց լռությունը:
— Գիտեք, ցավոք, այսօր շատ մտավորականներ լռում են, լռում են նրա համար, որ հանրությունը բաժանվել է երկու մասի։ Իրենք չեն ցանկանում հանրության մի մասի առաջ վատ մարդու տպավորություն թողնել։ Ինքս լինելով հայ մտավորականության մի մասնիկ՝ երբեք չեմ լռի այն անարդարությունների առաջ, ինչ վերաբերում է հայրենիքին եւ նահատակված տղաներին։
— Ի՞նչ ուղերձ կհղեիք բանակի զինվորին, անմահ հերոսի եւ ապագա զինվորի ծնողներին:
— Հանոց աշխարհին ցանկանում եմ խաղաղություն՝ արժանապատիվ խաղաղություն։ Թող խաղաղ լինեն հայոց սահմանները, թող բոլոր հայ մայրերը գրկաբաց, դհոլ- զուռնայով ընդունեն իրենց զավակներին։ Իսկ հերոսամայրերիս միմիայն ցանկանում եմ համբերություն, Աստծով մխիթարվեն, լինեն հպարտ, քանզի հայրենիքին տվել են ամենաթանկը։ Ինքս էլ լինելով 3 ապագա զինվորի մայր՝ միմիայն ցանկանում եմ՝ որդիներս ծառայեն հպարտ ու հաղթանակած Հայաստանում։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

