Սիմվոլների պատերազմ
ՎերլուծությունՕրացույցում կան օրեր, որոնք մեզ համար պարզապես թվեր չեն. դրանք նյարդային հանգույցներ են, հիշողության խաչմերուկներ, որտեղ պետությունը կա՛մ հարգում է իր անցյալը, կա՛մ փորձում է այն վերախմբագրել: Հունվարի 27-ն ու 28-ը հենց այդպիսի օրեր են դարձել՝ ոչ թե պատմական տրամաբանությամբ, այլ քաղաքական կամքով: Եվ այդ կամքը, ինչպես միշտ, բախվել է հասարակական արդարացված ցասմանը:
Որեւէ հայ չի կարող դեմ լինել Հայրենիքի համար նահատակների հիշատակը հարգելու գաղափարին: Սա քննարկման առարկա չէ: Քննարկման առարկա է օրը: Քննարկման առարկա է սիմվոլիկան: Քննարկման առարկա է՝ ո՞ւմ, ինչպե՞ս եւ ինչի՞ հաշվին է իշխանությունը փորձում սրբագրել ազգային հիշողությունը:
«Հայաստան» խմբակցությունը եւ ՀՅԴ-ն հստակ արձանագրեցին իրենց դիրքորոշումը. հունվարի 27-ը՝ որպես նահատակների հիշատակի օր, ընդունելի չէ, քանի որ այն անմիջապես նախորդում է Հայոց բանակի օրվան՝ հունվարի 28-ին: Մի իրավիճակում, երբ վերջին տարիներին Բանակի օրը պետական մակարդակով գրեթե մոռացության է մատնվում, այս որոշումը ոչ թե անմեղ համընկնում է, այլ քաղաքական ուղերձ: Ուղերձ, որ բանակի գաղափարը, բանակի սիմվոլը, բանակի արժանապատվությունը այլեւս առաջնահերթություն չեն:
Իշխանությունը, ինչպես միշտ, «չլսեց»: Քննարկեց միայն իր տարբերակը: Ընդունեց միայն իր օրը: Եվ շտապեց օրենքն ուժի մեջ մտցնել անմիջապես՝ առանց հասարակական իրական քննարկման: Այսօր ունենք ոչ աշխատանքային օր, ձեւական միջոցառումներ եւ վերջ:
Բայց սիմվոլներն այստեղ ամենաուշագրավն է: Հունվարի 27-ը աշխարհում ճանաչված է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի օր: Սա փաստ է: Եվ այստեղ հարցն այլեւս քաղաքական չէ, այլ՝ բարոյական ու խորհրդանշական. ինչո՞ւ է հայ նահատակների հիշատակը կապվում մի օրվա հետ, որը պատմականորեն, քաղաքակրթականորեն, կրոնականորեն մեզ չի պատկանում: Վերոնշյալի մասին հասարակական գործիչ, հրապարակախոս Զաքար Խոջաբաղյանի բարձրաձայնած հարցը պատահական չէր. սիմվոլների այս խառնաշփոթը պարզապես համընկներումներ չէ, դա ինքնության հետ հաշվեհարդար է:
44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, շատ ավելի պարզ է ձեւակերպում այն, ինչ անում է իշխանությունը. «Մեր տղաների հիշատակի օրը պետք է լինի սեպտեմբերի 27-ը, այդ օրը մենք կորցրինք նրանց՝ խաբվելով այս Բելի զավակներին… Ոչ թե բանակի տոնի նախորդ օրը բոլոր Հայկի զավակներին խաբելով՝ խոնարհեցնել տալ Հոլոքոստի զոհերի հիշատակին… Մտածե՛ք, հայե՛ր... »:
ԲԱՆԱԿԻ ՕՐՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԼՈՒՐՋ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՎ
Հայ Առաքելական Եկեղեցին վաղուց ունի Վարդանանց օր: Երկնային եւ երկրային բանակների սիմվոլիկան մեր ավանդույթում արդեն կա: Բայց այստեղ էլ իշխանությունը փորձում է «նորարարություն» անել՝ բաժանել ու խառնել: Ավելին՝ անգամ ավանդական մտածողությամբ՝ նախ տոնն է, հետո՝ հիշողաց օրը: Այստեղ ամեն ինչ գլխիվայր է:
Հունվարի 28-ը` Բանակի օրը, այսօր անցնում է լուրջ փորձությունների միջով: Ոչ միայն արտաքին վտանգների, այլ ներքին վերաբերմունքի պատճառով: Բանակի ողնաշարը կոտրվել է, սպաները՝ նվաստացվել, զինվորական գաղափարը՝ արժեզրկվել: Եվ բանակի հետ կապված օրերը սահմանում են մարդիկ, որոնք իրենց ողջ կյանքում փախել են բանակից, ատել են այն, եւ այսօր էլ օբյեկտիվորեն չեն կարող դրական բան նախաձեռնել այդ կառույցի համար:
Սրան զուգահեռ՝ Ազգային ժողովում քննարկվում են տարկետումներ, գումարով ազատումներ, «ընտրովի ծառայություն»: Մինչ զոհվածների մայրերը սպասում են ոչ թե օրացույցային նոր օրվան, այլ` արդարության: Իսկ արդարությունը օրացույցում չի ապրում:
Եկեղեցու հուշարձանների, հավատքի շուրջ ընդունվող օրենքներն էլ նույն շղթայի օղակներն են: Քայլ առ քայլ՝ տնօրինում, վերահսկում է իրականացվում: Այսօր՝ եկեղեցու գույքը փորձում խլել, վաղը՝ հավատքը, իսկ պատմության վերախմբագրումը վաղուց էին սկսել: Եվ ամեն ինչ «օրինական» է՝ «քվեարկված», Ազգային ժողովի «առաջին ու երկրորդ ընթերցմամբ՝ ընդունված»:
Այո՛, սիմվոլների պատերազմը վաղուց սկսված է: Եվ այս պատերազմում պարտվում է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ՝ ազգային հիշողությունը: Իսկ հիշողության պարտությունն ամենաթանկն է արժենում:
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՆՈՐ ԽՈՒԹԸ
Մինչ մենք խճճվել ենք տոների ու հիշատակների մեջ, վերջին շաբաթներին ռուսական մեդիա դաշտը բառացիորեն ողողված է Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի թեմայով։ Դաշնային հեռուստաալիքներ, քաղաքական թոք-շոուներ, փորձագիտական հարթակներ եւ անգամ կիսապաշտոնական տելեգրամյան ալիքներ ակտիվորեն քննարկում են ոչ միայն կոնկրետ գործը, այլեւ այն ավելի լայն քաղաքական համատեքստը, որի մեջ հայտնվել է Հայաստանը։ Ղուկասյանի գործը Մոսկվայում այլեւս չի դիտարկվում որպես ներքին իրավական վեճ․ այն ընկալվում է որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ։
Ռուսական մեդիայի ուշադրության կենտրոնում հատկապես հայտնվեց Ղուկասյանի՝ ԱԱԾ մեկուսարանից տարածած դիմումը, որը հուզական, կոշտ եւ ուղիղ ուղերձ էր ոչ միայն հայ հասարակությանը, այլեւ արտաքին լսարանին։ Այդ դիմումը ռուսական մի շարք պարբերականներ եւ քաղաքական վերլուծաբաններ բնութագրեցին որպես «քաղբանտարկյալի մանիֆեստ»՝ շեշտելով, որ խոսքը միայն ազատազրկման մասին չէ, այլ` մարդու հիմնարար իրավունքների համակարգային խախտման։
Ղուկասյանն իր ուղերձում խոսում է անմարդկային պայմանների, բժշկական օգնության կանխամտածված արգելափակման, կրոնական ազատությունների խախտման մասին՝ իրավիճակը որակելով որպես «դանդաղ մարդասպանություն»։ Ռուսական մեդիան հատկապես ընդգծում է այն հանգամանքը, որ այս հայտարարությունները չեն մնացել միայն տեղեկատվական դաշտում. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թվականի հունվարի 22-ին հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը՝ Ղուկասյանի կալանավայրում պահման պայմանների եւ բժշկական օգնության վերաբերյալ։ Սա, ըստ ռուս վերլուծաբանների, գործը տեղափոխում է մաքուր իրավական հարթակից դեպի միջազգային քաղաքական դաշտ։
Հետաքրքիր է իշխանությունների վարքագիծը այս ֆոնին։ Երբ ռուսաստանցի քաղաքական մեկնաբան Վլադիմիր Սոլովյովը իր եթերներում կոշտ քննադատության էր ենթարկում հայաստանյան իշխանությանը, ՔՊ-ական քարոզչամեքենան գործի էր դրվում ամբողջ հզորությամբ։ Պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանամետ փորձագետներ, հերթ չտալով, հակադարձում էին Սոլովյովին՝ նրան մեղադրելով Հայաստանի ներքին գործերին միջամտելու մեջ։
Սակայն նույն եռանդը կարծես թե անհետանում է, երբ խոսքը հասնում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Լավրովի հունվարի 20-ի հայտարարությունը, ըստ որի՝ «մարդուն կալանավորել քաղաքական հայացքների արտահայտման համար, որոնք ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ, լուրջ մտահոգություն է առաջացնում», փաստացի նշանակում է մեկ բան՝ Մոսկվան Ղուկասյանին դիտարկում է որպես քաղբանտարկյալ։ Սա արդեն ոչ թե մեդիա մեկնաբանի կարծիք է, այլ Ռուսաստանի պետական դիրքորոշման արտահայտում։ Պատահական չէ, որ պաշտոնական Երեւանն այս դեպքում ընտրել է զսպվածության ճանապարհը: Լավրովին պատասխանելը նույնը չէ, ինչ Սոլովյովին հակադարձելը:
Հատկանշական է, որ ռուսական վերլուծական շրջանակներում Ղուկասյանի ձերբակալությունը կապվում է նրա հրապարակային կոչերի հետ՝ քննարկելու Հայաստանի ինտեգրումը Ռուսաստան-Բելառուս դաշինքի կամ ավելի խորքային դաշնակցային ձեւաչափերի մեջ։ Այս ֆոնին Ղուկասյանի կալանքը Մոսկվայում ընկալվում է ոչ թե որպես իրավական անհրաժեշտություն, այլ որպես արտաքին քաղաքական կողմնորոշման համար պատժիչ քայլ։ Այս առումով ՌԴ կողմից Վարդան Ղուկասյանի փաստացի քաղբանտարկյալի որակումը լուրջ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ։ Առաջին հերթին՝ սա խորացնում է անվստահությունը Երեւանի գործող իշխանությունների նկատմամբ ռուսական քաղաքական էլիտայի շրջանակներում։ Երկրորդ՝ Հայաստանը հայտնվում է միջազգային հարթակներում ոչ թե որպես ժողովրդավարական բարեփոխումների առաջամարտիկ, այլ որպես քաղաքական հետապնդումներ իրականացնող պետություն։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

