ԵԽԽՎ-ն տեղյա՞կ է, թե ում է դարձրել փոխնախագահ. ԶԱՐՄԱՆՔ
ԶարմանքՀայաստանին անցած քվոտայով ԵԽԽՎ փոխնախագահ է դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց, ԱԺ փոխնախագահ ՌՈՒԲԵՆ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ, եւ սա դեռ ամենազարմանալին ու զարհուրելին չէ: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբինյանն այնքան է ոգեւորվել հակաեկեղեցական արշավով, որ չի էլ ընկալում` ինչ է ասում նույն ԵԽԽՎ-ն: Անգամ ԵԽԽՎ-ի պես երկակի ստանդարտներ ունեցող ու անատամ կառույցում բանաձեւ է ընդունվել, որում հստակ արձանագրված է, որ Վեհաժողովը մտահոգված է պետության եւ եկեղեցու առճակատմամբ: Իսկ այս ֆոնին ի՞նչ է անում Ռուբինյանը, ամենօրյա ռեժիմով Մայր Աթոռի եւ Վեհափառ Հայրապետի դեմ գրառումներ է անում, թեմի առաջնորդներ նշանակում, աջ ու ձախ զրպարտում բարձրաստիճան հոգեւորականներին: Եվ այս ամենից հետո մնում է միայն զարմանալ՝ արդյո՞ք ԵԽԽՎ-ն տեղյակ է, թե ում է դարձրել փոխնախագահ, թե՞ այստեղ էլ, ինչպես միշտ, «ժողովրդավարության» անվան տակ պարզապես աչք են փակել ամեն ինչի վրա:
Իսկ ահա ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում ելույթի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ՝ պատասխանելով ՀՀ իշխանությունների եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ հարաբերությունների մասին Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին, առանց ամաչելու հայտարարել է. «Հայաստանում հոգեւորականների նկատմամբ հալածանք չկա, իսկ նմանօրինակ խոսակցությունները պարզապես բամբասանքներ են»։ Անդրադառնալով «մի՞թե Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված՝ ՀՀ իշխանությունների քայլերը ժողովրդավարական, կրոնական եւ խոսքի իրավունքի ազատությունների խախտում չեն» պատգամավորի հարցին՝ Արարատ Միրզոյանը ափսոսանք է հայտնել, որ պատգամավորի տեղեկատվությունն ամբողջապես ճշմարիտ չէ։ «Հայաստանում հոգեւորականների նկատմամբ հալածանք չկա, պարզապես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու չորս եպիսկոպոսները ապօրինի կալանքի տակ են, Կաթողիկոսի եղբայրն ու նրա որդին կալանավորված են, մեկ եպիսկոպոսի գործակալ լինելու կեղծ փաստաթուղթ հրապարակելով զրպարտում են, ութ եպիսկոպոսների վարչապետի կեցավայրում կոմպրոմատների ներքո ստիպում են վարչապետի հետ ապօրինի թուղթ ստորագրել... «Всё хорошо, прекрасная маркиза», - լիովին տեղին նկատում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
Քննչական կոմիտեի նախագահ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ օրոք իրավական բեսպրեդելը ոչ միայն չի դադարում, այլ՝ նոր «ստանդարտներ» է սահմանում։ Երբ թվում էր, թե քրեական արդարադատության համակարգը հատել է ողջամտության վերջին կարմիր գիծը, պարզվեց՝ սխալվել ենք։ Գիծը դեռ շատ հեռու է։ 2026 թվականի հունվարի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 46-507-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ինչի՞ համար։ Ոչ թե կոռուպցիայի, ոչ թե պետական դավաճանության, ոչ թե միլիարդների անհետացման, այլ այն «սարսափելի» փաստի առթիվ, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ տիրադավներից Արման Սարոյանին կարգալույծ են արել։ Այո՛, դուք ճիշտ կարդացիք։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել եկեղեցական ներքին կարգապահական որոշման համար։ Սա արդեն ոչ թե իրավական կամ քաղաքական, այլ թատրոնի ժանրից է՝ սեւ հումորի լավագույն ավանդույթներով։ Երբ եկեղեցականին կարգալույծ անելը դառնում է «հատկապես կարեւոր գործ», իսկ իրական հանցագործությունները մնում են ստվերում, այլեւս հարցեր չեն մնում։ Մնում է միայն արձանագրել՝ իրավական բեսպրեդելը շարունակվում է։ Եվ, ցավոք, դեռ վերջը չի երեւում։
ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

