Танцуют все!

Վերլուծություն

Տարածաշրջանը կրկին կանգնած է պատերազմի շեմին. Մերձավոր Արեւելքում իրավիճակը սրվում է ժամ առ ժամ, Իրանի շուրջ կուտակվող ամպերը վաղուց այլեւս դիվանագիտական բառապաշարի մաս չեն, իսկ մեծ խաղացողները հաշվարկում են ոչ թե «եթե», այլ «երբ» տարբերակը։ Այս ֆոնին Հայաստանի իշխանության վարքագիծը հիշեցնում է ոչ թե պետական կառավարման փորձ, այլ բեմականացված պարահանդես՝ իհարկե, վատ բեմադրությամբ ու աղմկոտ թմբուկներով։

Երբ ամբողջ տարածաշրջանը շունչը պահած սպասում է ցնցումների, մեզ մոտ քաղաքական օրակարգը փոխարինվել է հարվածային գործիքներով։ Վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հրապարակեց տեսանյութ, որտեղ փայտիկներով թմբուկ է ծեծում եւ դա ներկայացնում որպես «հունվարի 30-ի պարահրապարակի» նախապատրաստություն։ Քաղաքական ուղերձը պարզ է՝ այլեւս ոչ թե պետական կառավարում, այլ ռեակցիայի կառավարում, ոչ թե ռազմավարություն, այլ՝ ռիթմ։

Այսպես ծնվեց «Վարչաբենդը»՝ իշխանության նոր ինքնանվանումը, որը շատ ավելի ճշգրիտ է, քան իրենք կուզենային։ Որովհետեւ սա այլեւս վարչակազմ չէ, այլ՝ վարչաբունտ. աղմուկ, շարժում, էֆեկտ, բայց առանց բովանդակության։ Երբ պետությունը վերածվում է տիկտոկյան ժապավենի, իսկ քաղաքական պատասխանատվությունը՝ սրտիկների ու սոցցանցային ռիլսերի, պետք չէ զարմանալ, որ իրական որոշումները կա՛մ բացակայում են, կա՛մ կայացվում են խավարում։

Ի դեպ, այստեղ հետաքրքիր մանրուք կա, որը կարծես աննկատ են թողնում իշխանական էյֆորիայում գտնվողները։ «Վարչաբենդի» երաժշտական «շլյագերը» չափազանց ծանոթ հնչողություն ունի։ Այն աստիճան ծանոթ, որ ակամա հիշում ես 1980-ականների շվեդական դիսկո խումբ Secret Service-ին եւ նրանց հայտնի «Ten O'Clock Postman» երգը։ Հնչերանգը, ռիթմիկ կառուցվածքը, անգամ ընդհանուր տրամադրությունն այնքան «համընկնող» են, որ հարց է առաջանում՝ սա ստեղծագործական ներշնչո՞ւմ է, թե՞ հերթական քաղաքական պլագիատը։

Ստացվում է՝ քաղաքական մտքի դեֆիցիտը լրացվում է փոխառված դիսկոյով։ Եթե արդեն «վարչաբենդ», ապա գոնե կարելի էր անկեղծ ասել, որ «շլյագերը» թխված է մի խմբից, որի անունն ինքնին խորհրդանշական է՝ Secret Service («Գաղտնի ծառայություն»)։ Ի՞նչ իմանաս, գուցե այստեղ էլ ենթագիտակցական ճշմարտություն կա. ամեն ինչ արվում է փակ, գաղտնի, առանց հաշվետվության, բայց բարձր ձայնով:

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՄ ՉԷ, ԻՍԿ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍ

Փաշինյանի վարքագիծը պարզապես էքսցենտրիկ ինքնանպատակ չէ։ Սա քաղաքական վարքագծի պատմականորեն հայտնի փուլ է։ Երբ իշխանությունն այլեւս չունի ապագայի տեսլական, քաղաքականությունը վերածվում է շոուի։ Հին Հռոմի «հաց եւ տեսարաններ» բանաձեւը պարզապես արդիականացվել է՝ դառնալով ալգորիթմ, լայք եւ դիտում սոցցանցում: Բայց պատմական փորձը ցույց է տալիս, որ այս փուլերը երբեք երկար չեն տեւում։ Թմբուկը կարող է ժամանակավորապես խլացնել աղմուկը, բայց չի կարող փոխարինել պետական ինստիտուտներին։

Այս ամենի վրա իշխանական շրջանակները փորձում են հեգնանքով արձագանքել քննադատությանը՝ հայտարարելով, թե մենք չենք նկատում «միջազգային դիվանագիտական նոր թռիչքները»։ Ասում են՝ պատմական հաջողություն է, երբ ԱՄՆ նախագահը «աչքով է անում» Հայաստանի ղեկավարին, ավելին՝ ձեռքն էլ դնում է ծնկին։ Վարչապետ ունենք աշխարհը չունի, որը հասցնում է թմբուկ նվագել, տարածաշրջանում խաղաղություն կառուցել, համաշխարհային խորհուրդների մասին երազել, եկեղեցի «բարեկարգել» եւ միաժամանակ սիրո սրտիկներ բաժանել։

Բայց եթե սա է դիվանագիտության չափանիշը, ապա իսկապես պետք է պատրաստվել դիսկոտեկային քաղաքականության երկար շրջանի։ ՔՊ-ում թող պարեն, արեւմտամետ պրոպագանդիստները թող հաշվեն ակնկալվող դրամաշնորհները, իսկ «Վարչաբենդը» թող շարունակի իր փորձերը։ Միայն թե չմոռանան, որ պետությունը բեմ չէ, իսկ ժողովուրդը՝ հանդիսատես, որը պարտավոր է ծափահարել։

ՔՈՉԱՐՅԱՆԻ «ԿԱԼԻՆԿԱ»-Ն՝ ԹՐԱՄՓԻ ՈՒՂՈՒ ՎՐԱ

Իսկ մինչ Փաշինյանն այսօր դիսկոտեկ է կազմակերպում, երեկ «գաստրոլներով» հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Եթե փորձենք տարբեր ժամանակներում նրա հնչեցրած մտքերը կարդալ ոչ թե առանձին-առանձին, այլ` մեկ շարքում, պատկերն ավելի շուտ քաղաքական մանեւրների խճանկար է հիշեցնում, քան սկզբունքային աշխարհաքաղաքական գիծ։

2025-ի հոկտեմբերին Քոչարյանը վստահաբար ասում էր՝ Հայաստանը կարող էր ԱՄՆ-ից պահանջել, որ Թրամփի ճանապարհը 42 կմ-ի փոխարեն ձգվեր մինչեւ Երասխ, 4-5 անգամ ավելի երկար՝ նույն պայմաններով։ Այդ դեպքում, ըստ նրա, ամբողջ պատասխանատվությունը կդրվեր ԱՄՆ-ի վրա, Ալիեւը կդառնար «դեկորացիա», իսկ Վաշինգտոնի շահը՝ «ակնհայտ»։ Այսինքն՝ ամերիկյան ներգրավվածությունը ոչ միայն վտանգ չէր, այլ նույնիսկ քաղաքականապես շահավետ գործիք էր:

Սակայն անցնում է ընդամենը մի քանի ամիս, եւ 2026-ի հունվարին՝ երեկ, նույն Քոչարյանը նույն ամերիկյան ներգրավվածության մասին խոսում է որպես Հայաստանի համար «ամենամեծ անվտանգային սպառնալիք»։ ԱՄՆ-ն, պարզվում է, Հարավային Կովկասում տնտեսական «զրոյական շահ» ունի, ծրագիրը միտված է Իրանի սահմանը վերահսկելուն, իսկ Հայաստանը հայտնվում է խոշոր աշխարհաքաղաքական բախման կետում։ Այն, ինչ երեկ կարելի էր երկարացնել ու դարձնել ամերիկյան պատասխանատվության գոտի, այսօր պետք է «ընդլայնվի», ներգրավի Չինաստանին կամ Ռուսաստանին, որպեսզի գուցե վտանգավոր չլինի։

Այս կտրուկ շրջադարձի մեջ ամենամեծ հարցը ոչ թե TRIPP-ի տեխնիկական մանրամասներն են, այլ քաղաքական հետեւողականության բացակայությունը։ Եթե այս ծրագիրը, Քոչարյանի խոսքով, «մեր անվտանգային ամենամեծ սպառնալիքն է», ապա ինչո՞ւ իր առաջնորդած խորհրդարանական խմբակցությունը հինգ ամիս շարունակ սահմանափակվեց միայն հայտարարություններով: Ինչո՞ւ մանդատները վայր չդրվեցին։ Ինչո՞ւ իմպիչմենթի գործընթաց չսկսվեց։ Եթե վտանգը էքզիստենցիալ է, ապա քաղաքական արձագանքը ինչո՞ւ էր կիսատ ու հաշվենկատ։

Սա անխուսափելիորեն բերում է մեկ այլ կասկածի. արդյոք այսօր հնչող կոշտ գնահատականները տրվում են իրական վտանգի գիտակցումից, թե՞ արդեն կայացած իրողության վրա կառուցված խոսք են՝ հասցեագրված ոչ թե հայկական հանրությանը, այլ ընտրություններից առաջ «ռուսական ականջների» համար: Երբ երեկ ԱՄՆ շահը «ակնհայտ» էր, իսկ այսօր՝ «չկա ընդհանրապես», դժվար է չմտածել, որ խնդիրը ոչ թե աշխարհաքաղաքական վերլուծության խորության, այլ լսարանի փոփոխության մեջ է։

Արդյունքում մնում է մի անպատասխան հարց, որը Քոչարյանի խոսքում կախված է օդում. այս նախագիծը ի վերջո պիտի ավելի երկար լինե՞ր, թե՞ ընդհանրապես չպիտի լիներ։ Իսկ եթե չպիտի լիներ, ապա ինչո՞ւ ընդդիմությունը, իր առաջնորդի գլխավորությամբ, այդպես էլ չգնաց մինչեւ վերջ։ Վերջիվերջո, իշխանության վտանգավոր քայլերը չեն չեղարկում վտանգավոր լռությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում