Այ՛ո, այս փուլում Թուրքիան կարող է գնալ հայ-թուրքական սահմանի բացմանը․ «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիրը փակագծեր է բացում
ՀանդիպումԹուրքական մամուլը գրում է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացի շրջանակում արագացել են սահմանային անցակետերի բացման ուղղությամբ աշխատանքները։ Այդ համատեքստում երկու երկրների միջև կարևոր անցումային կետերից մեկում՝ Ալիջանի սահմանային անցակետում, սկսվել են տեխնիկական ուսումնասիրություններ և նախապատրաստական միջոցառումներ։ Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ 2026-ի տարեսկզբից Հայաստանի հետ հարաբերություններում կձեռնարկվեն «խորհրդանշական քայլեր»։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում էլ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ հույս ունի՝ հայ-թուրքական սահմանի՝ գոնե մասնակի բացում կտեսնենք եկող օրերի, շաբաթների ընթացքում, այնուհետեւ լրիվ կբացվի սահմանը։
Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է իրատեսական վերը նշվածը․
-Այս փուլում Թուրքիան կարող է գնալ հայ-թուրքական սահմանի բացմանը։ Ադրբեջանից արդեն ապրանքներն են տեղափոխվում դեպի Հայաստան, իսկ Թուրքիան տակավին շրջափակման մեջ է պահում Հայաստանը։ Հետեւաբար, այո, ես էլ եմ սպասում, որ զարգացում կլինի, բայց այդ ուղղությամբ հայտարարությունները բացակայում են։ Ես մշտապես ասել եմ, որ այդ հարցը կապված է Ալիեւի դիրքորոշումների հետ։ Եթե Ալիեւը համաձայնի, այո, Թուրքիան պետք է ցանկանա հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ։ Անցյալում դեպքեր եղան, երբ մենք պարզ տեսանք Ալիեւի մեսիջները։ Օրինակ՝ որոշ ընկերություններ ուզեցին Ստամբուլ-Երեւան կամ Վան-Երեւան չվերթներ կազմակերպել, բայց Ալիեւը հակազդեց, եւ դա չիրականացավ։ Հետեւաբար, այդ գործոնը կա, եթե Ալիեւը համաձայնի, Թուրքիան ավելի հանգիստ կշարժվի այդ ուղղությամբ։
Մինչեւ այսօր Թուրքիան տակավին որոշում չի կայացրել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին: Թուրքիայի նախագահը բազմիցս սահմանի բացման համար որպես պայման է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության դաշինքի ստորագրումը։ Իսկ մենք նաեւ գիտենք Ալիեւի առավելապաշտական քաղաքականությունը, թե ինչ պահանջներ է ներկայացնում, հետեւաբար, այս խնդիրը սառած մնացած խնդիր է:
-Իսկ հնարավո?ր է սահմանը բացվի ոչ թե ամբողջությամբ, այլ միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես կողմերն ավելի վաղ պայմանավորվել են:
-Այդ պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահման բացելը, ինքնին անիմաստ է։ Սահմանը երկու անկախ պետությունների միջեւ գիծ է, եթե այդ գիծը պետք է բացվի, նախ տվյալ երկրների քաղաքացիների շահագործման համար պետք է բացվի։ Ովքե՞ր են երրորդ երկրների քաղաքացիները, Հայաստան-Թուրքիա սահմանը պետք է բացվի, որպեսզի ադրբեջանցինե՞րն անցնեն, բուլղարնե՞րն անցնեն: Սահմանը բացելու իմաստն այն պետք է լինի, որ Հայաստանն ապաշրջափակվի։ Ապաշրջափակման հարցում Ադրբեջանի հետ որոշակի առաջընթաց կա՝ բենզինի, հացահատիկի փոխադրում տեղի ունեցավ։ Հետեւաբար, անիմաստ է Հայաստան-Թուրքիա սահմանի փակ մնալը, բայց, կրկնում եմ, Ալիեւը պետք է համաձայնի, որպեսզի սահմանը բացվի:

