Ջրի վիշապը

Վերլուծություն

«Իրավունք»-ի «Ու՞մ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող, տարեցտարի անգամներով բարձրացվող գումարները» վերնագրված հոդվածից հետո, որտեղ նկարագրվում էր Նիկոլի իշխանության գալուց հետո ոռոգման ջրի գինը դե յուրե մեկ տոննայի համար 11 դրամ պահած, բայց դե ֆակտո անգամներ թանկացնելու արատավոր մեխանիզմը, ըստ որի, մատակարարված ջուրը լիտրերով չափելու փոխարեն պահանջում են ըստ հեկտարի՝ 130 000 դրամ (նախկինում՝ Նիկոլից առաջ՝ 70 000 դրամ), ահազանգ ստացանք, որ այդ մախինացիայի հետեւանքով ջրօգտագործողների վրա կուտակված անհասկանալի պարտքի համար ծանուցագրեր են ուղարկվել՝ «ավետիսով», որ նշված գումարները չմուծելու դեպքում ստիպված կլինեն հարկադիր մուծել։

Ու սա եզակի դեպք չէ․ մասնավորապես Կոտայքի մարզի Բջնի գյուղում նախկինում ուղարկված 400-ից ավել ծանուցագրերին այս տարեսկզբին արդեն ավելացել է շուրջ 150-ը։ Նկատի ունենալով, որ հողագործությամբ զբաղվում են հիմնականում թոշակառուները, ու նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվողներ չեն լինի, նրանց ստացած թոշակից, նիկոլական ամենաթողության այս սոդոմ-գոմորի մեջ, իր փայն է քերում նաեւ Ջրային պետական կոմիտեն՝ թերեւս խրախուսվելով թոշակառուներին «կեղեքելու» Նիկոլի երկիմաստ հայտարարություններից։ Դե թոշակառու, արի ու Նիկոլի ասած բիզնեսով զբաղվի…

Նշենք նաեւ, որ ՋՕՄ-երի որդեգրած վերոնշյալ գնային քաղաքականության արդյունքում տարեցտարի անգամներով կրճատվել է հողագործությունը այդ տարածաշրջանում, իսկ այս վերջին ակորդից հետո հողագործությամբ զբաղվելու հավանականությունը գրեթե ձգտում է զրոյի։ Այս նյութը պատրաստելիս ականատես եղանք նաեւ, որ Սեւանից հոսող ջուրը, որից հողագործը օգտվում է ամռանը, ձմեռվա կեսին հոսում է դեպի Գյումուշ ՀԷԿ-ով՝ Հրազդան գետ, այնտեղից էլ՝ Ադրբեջան, ու անվճար։

Դե կասեն՝ հոսում է, թող հոսի, բայց այդ ջրի համար էլ հայրենի սպառողների կաշին կքերթեն։ Իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, այս ուղղությամբ մուկ է տշում։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԺԺՈՒՄ Է ՎԱՐՉԱԲԵՆԴԻ ՏԱԿ

Հայաստանում ձեւավորվել է մի իշխանական մոդել, որտեղ կառավարումը աստիճանաբար զիջում է տեղը տժժոցին։ Պետական ինստիտուտները չեն աշխատում համակարգային բարեփոխումների ռեժիմով, այլ ծառայում են մեկ մարդու հոգեվիճակին, օրակարգի քմահաճույքներին ու պահի էմոցիաներին։ Երբ երկիրը կանգնած է անվտանգային, ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական խոր ճգնաժամերի առաջ, իշխանությունը զբաղված է փարթիների կազմակերպմամբ, դիսկոտեկային «քաղաքականությամբ» եւ սելֆի-կառավարմամբ։

Վարչապետի վարքագիծը վաղուց դուրս է եկել պետական գործչի տրամաբանությունից։ «Սաղ երգերը երգել ենք, մնացել է սարի սմբուլը» մտածողությամբ ղեկավարը, ըստ էության, ինքն իրեն է նշանակել թամադա՝ պետական միջոցներով ու պետական ռեսուրսով։ Երբ երկրի թիվ մեկ պաշտոնյան, ըստ շրջանառվող լուրերի, անձամբ զբաղվում է միջոցառման հյուրերի ընտրությամբ, արտաքին տեսքի վերահսկմամբ, տրամադրության ապահովմամբ, սա այլեւս զավեշտ չէ, այլ՝ կառավարման ախտաբանություն։

Այս ամենի ֆոնին առանձնապես խորհրդանշական է նախարարների վարքագիծը։ Ոմանք իրենց պաշտոնը շփոթել են սոցցանցային բոտի, մյուսները՝ պարուհու, երրորդները՝ լուռ սպասողի դերի հետ։ Երբ ոլորտային ամենախորը խնդիրները մնում են չլուծված, իսկ նախարարները զբաղված են շրջիկ պատարագների ու իշխանական շոուների սպասարկմամբ, ակնհայտ է՝ համակարգը չի կառավարում երկիրը, այլ սպասարկում է մեկ անձի։

Սակայն իշխանության իրական դեմքը առավել բացահայտվում է այն պահին, երբ այն բախվում է արժեքների հետ։ Եվ հենց այստեղ է սկսվում ամենավտանգավոր փուլը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված պետական ճնշումը։

ԵԿԵՂԵՑԻՆ՝ ՈՐՊԵՍ ԹԻՐԱԽ

Բանակից գնդերեցների ինստիտուտի վերացումը պարզապես վարչական որոշում չէ։ Դա գաղափարական պատերազմ է։ 20 տարի գործող համակարգը, որը ստեղծվել էր զինվորական միջավայրում բռնության, ինքնասպանությունների, բարոյահոգեբանական քայքայման դեմ պայքարելու համար, լուծարվում է մեկ ստորագրությամբ։ Ո՛չ քննարկում, ո՛չ մասնագիտական գնահատում, ո՛չ հանրային բացատրություն։

Իշխանությունը փորձում է ջնջել այն ամենը, ինչ չի կարող ենթարկեցնել։ Եկեղեցին չծնկեց, չդավաճանեց, չլռեց, եւ դրա համար ընտրվեց դասական ռեւոլյուցիոն մեթոդը՝ դուրս մղել հանրային կյանքից։ Դպրոցից՝ դուրս, բանակից՝ դուրս, հանրային խոսքից՝ դուրս։ Ճանաչելի ձեռագիր է։

Պատահական չէ, որ այս գործընթացը հիշեցնում է Յակոբինյան Ֆրանսիայի մոդելը։ Երբ պետությունը հայտարարում է իրեն գերագույն արժեք, իսկ հավատքը՝ խանգարող հանգամանք, ավարտը միշտ նույնն է լինում։ Ռոբեսպիերը նույնպես կարծում էր, թե կարող է վերաձեւել մարդուն՝ հրամաններով, երդումներով ու վախով։ Վերջը հայտնի է։

Եկեղեցու դեմ այս գրոհը նաեւ հաշվարկված քաղաքական քայլ է։ Իշխանությունը հստակ գիտակցում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին միակ ինստիտուտն է, որը չի ձեւավորվել այս իշխանության կողմից, չի ֆինանսավորվում նրա քմահաճույքով եւ չի ենթարկվում վարչական ճնշման դասական մեխանիզմներին։ Սա այն վերջին կառույցն է, որն ունի հազարամյակների հիշողություն եւ չի մոռանում իշխանությունների ժամանակավոր լինելը։

Իշխանական քարոզչությունը փորձ է անում Եկեղեցին ներկայացնել որպես «հնացած», «հետադիմական», «քաղաքականացված» կառույց՝ մոռանալով կամ դիտավորյալ լռեցնելով այն փաստը, որ հենց Եկեղեցին է դարերով եղել հայ պետականության բացակայության պայմաններում ազգային ինքնության հիմնական պահապանը։ Երբ չկար պետություն, կար Եկեղեցի։ Երբ չկար բանակ, կար հոգեւորական, որ կանգնած էր ժողովրդի կողքին։ Եվ այսօր այդ ժառանգությունը փորձում են վերացնել ոչ թե գաղափարական բանավեճով, այլ վարչական հրամաններով։

Ակնհայտ է նաեւ մեկ այլ հանգամանք. Եկեղեցու թուլացումը իշխանության համար ոչ թե նպատակ է ինքնին, այլ` միջոց։ Թուլացնելով Եկեղեցին՝ նրանք փորձում են թուլացնել հասարակության դիմադրողականությունը, կտրել մարդուն իր հոգեւոր արմատներից, դարձնել ավելի կառավարելի, ավելի հարմարվող, ավելի լուռ։ Հավատքից զրկված մարդը ավելի հեշտ է հաշտվում անարդարության, պարտության ու նվաստացման հետ։

Եվ հենց այստեղ է վտանգի ամենաբարձր կետը. երբ պետությունը սկսում է պատերազմել հավատքի դեմ, դա այլեւս աշխարհիկության հարց չէ, այլ արժեքային բռնապետություն։ Սա արդեն փորձ է ոչ թե կառավարել հասարակությունը, այլ վերաձեւել նրան՝ ըստ մեկ խմբի գաղափարական պատկերացումների։ Իսկ նման փորձերը պատմության մեջ երբեք չեն ավարտվել խաղաղ ու անարյուն։

Եկեղեցին կարող են փորձել դուրս մղել պաշտոնական փաստաթղթերից, ծրագրերից, հրամաններից, բայց այն անհնար է հանել ժողովրդի կյանքից։ Որովհետեւ Եկեղեցին քար չէ, շենք չէ, կանոնակարգ չէ։ Եկեղեցին հավատքն է։ Իսկ հավատքի դեմ ստորագրություն չի գործում։

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԵՆՔԻ

Գնդերեցները բանակում պարզապես քահանաներ չէին։ Նրանք հոգեբան էին, հայր էին, եղբայր էին։ Նրանք այնտեղ էին, որտեղ պետությունը հաճախ չի կարողանում հասնել։ Նրանք կանխել են ինքնասպանություններ, հարթել կոնֆլիկտներ, փոխել միջավայր։ Եվ հենց դա է խնդիրը. նրանք փոխում էին մարդուն ոչ թե վախով, այլ` հավատքով։

Այսօր իշխանությունը փորձում է վերադարձնել բանակը դեպի անզուսպ բնազդների, կոպտության ու ցինիզմի դաշտ։ Որովհետեւ արժեք ունեցող զինվորին ավելի դժվար է կառավարել։ Իսկ հավատ ունեցող զինվորը չի դառնում կույր գործիք։

Սա պայքար չէ կոնկրետ մարդկանց դեմ։ Սա պատերազմ է ինքնության դեմ։ Երբ իշխանությունը պատերազմում է Եկեղեցու, բանակի, մտավորականի, թոշակառուի, հողի վրա աշխատողի դեմ, դա արդեն իշխանություն չէ, այլ՝ վարչախումբ, որը ժամանակավորապես զբաղեցրել է պետությունը։

Պատմությունը բազմիցս ապացուցել է՝ տժժացող իշխանությունները երկար չեն տեւում։ Պետությունը դիսկոտեկ չէ, բանակը՝ փորձադաշտ, իսկ հավատքը՝ խանգարող հանգամանք։ Եվ որքան շուտ սա հասկանան իշխանության ներսում, այնքան քիչ ցավով կավարտվի այս փուլը երկրի համար։ Բայց եթե չհասկանան՝ պատմությունն արդեն գրել է սցենարը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում