Կոնջորյանի տունը չի՞ տեղավորվում մաթեմատիկայի մեջ
ՎերլուծությունՀայաստանի իշխանությունը վերջին տարիներին անդադար խոսում է «թափանցիկ պետական ծառայության» մասին։ Սակայն հենց այդ կարգախոսի կրողներից մեկն այսօր հայտնվել է մի պատմության կենտրոնում, որը որքան շատ է բացվում, այնքան ավելի շատ հարցեր է առաջացնում։
Խոսքը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մասին է, որի՝ Առինջ Բ թաղամասում գտնվող առանձնատունը, պարզվում է, ոչ միայն բնակելի հասցե է, այլեւ իրավապահների ուշադրության առարկա։
«Հետք»-ի եւ «Ժողովուրդ»-ի հրապարակած տվյալները պարզ են ու չափազանց կոնկրետ։ 2024 թվականի հուլիսին Հայկ Կոնջորյանը եւ նրա կինը ձեռք են բերել երկհարկանի առանձնատուն՝ ավտոկայանատեղիով, դեսպանատների հարեւանությամբ, 54 միլիոն դրամով։ Թիվ, որը բառացիորեն մի քայլ պակաս է հարկային արտոնության շեմից:
Բայց մաթեմատիկան, ի տարբերություն քաղաքական խոսքի, հույզ չի ճանաչում։ Նույն կառուցապատող ընկերության կողմից նույն թաղամասում առաջարկվող գների հաշվարկը ցույց է տալիս՝ տվյալ առանձնատան շուկայական արժեքը մոտ 75,6 մլն դրամ է։ Առնվազն շուրջ 21,6 մլն դրամի «անհետացում» կա, որը որեւէ տրամաբանական բացատրություն մինչ օրս չի ստացել։
Այս պատմությունը դառնում է ոչ թե պարզապես տնտեսական, այլ` քաղաքական։ Առանձնատունը վաճառող ընկերությունը՝ «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն, կապվում է մի գործարարի հետ, որի մյուս ընկերության տնօրենը… Հայկ Կոնջորյանի եղբայրն է։ Իսկ եթե դրան գումարենք հրապարակային լուսանկարներով հաստատված ընկերական հարաբերությունները, ապա «պատահականության» վարկածը սկսում է լուրջ ճաքեր տալ։
Եվ հենց այս կետում է, որ գործին միջամտում է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ պաշտոնապես հաստատելով, որ կատարվում են օպերատիվ-հետախուզական ստուգողական գործողություններ։
ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՐԶԱՊԵՍ «ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԶԵՂՉ»
Կոնջորյանի արձագանքը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը, նույնպես խոսուն է։ Հարցին, թե ինչպես է ստացվել նման էական գնային տարբերություն, իշխանական խմբակցության ղեկավարը նախընտրում է հղում անել օրենքի հոդվածին եւ իր հայտարարագրին։ Ոչ մի բառ՝ գնի ձեւավորման, զեղչի հիմքերի կամ փոխկապակցվածության մասին։ Իսկ լռությունը, հատկապես քաղաքականության մեջ, երբեք չեզոք չէ։
Այս պատմության ամենավտանգավոր շերտը նույնիսկ կոնկրետ առանձնատունը չէ։ Խնդիրը շատ ավելի խորքային է. ինչպե՞ս է իշխանությունը ստուգում սեփական առանցքային դեմքերին, ո՞րն է քաղաքական պատասխանատվության չափանիշը,եւ արդյոք կոռուպցիայի հանդեպ «զրո հանդուրժողականությունը» տարածվում է միայն նախկինների վրա։
Այսօր Հայկ Կոնջորյանը ոչ թե շարքային պատգամավոր է, այլ իշխող խմբակցության ղեկավարը՝ քաղաքական համակարգի առանցքային ֆիգուրներից մեկը։ Եվ եթե այս գործն ավարտվի հերթական «ոչինչ չհաստատվեց»-ով, ապա դա կլինի ոչ թե իրավական, այլ քաղաքական դատավճիռ ամբողջ իշխանական նարատիվին։ Թեպետ ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը լավագույնս բնութագրել է հենց Հայկ Կոնջորյանին: «Պարոն Կոնջորյանը պաշտոնը պահելու համար կապացուցի, որ, օրինակ, 5 երեխաների մայրը կույս է», - մի առիթով նշել է Խամոյանը:
Ակնհայտ է, որ պաշտոնը պահելու համար այսօր ՔՊ-ականներից պահանջվում է անհնարինը։ Այնուհանդերձ, իշխանական ճամբարի ներկայացուցիչը ստիպված է լինելու ապացուցել, որ թվերը չեն խաբում, կապերը կապեր չեն, իսկ 54 միլիոնը պարզապես հաջող զեղչ է:
Իսկ քաղաքական իրականությունն ունի մի պարզ կանոն. երբ հարցերը շատ են, իսկ պատասխանները՝ զրո, իշխանական վարկանիշը սկսում է հալվել նույնիսկ ամենաթանկ առանձնատան պատերի ներսում։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՈՅԿՈՏ ԿԱՄ ՄԻԱՎՈՐՎԱԾ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Իսկ ընդդիմադիր դաշտում թիվ մեկ հարցը դարձել է «միավորվե՞լ, թե՝ ոչ»: Երեկ թե՛ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, թե՛ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունները ցույց տվեցին, որ Հանրապետականը ընդդիմության միավորման թեման դիտարկում է ոչ թե որպես ինքնանպատակ գործընթաց, այլ՝ որպես քաղաքական պատասխանատվության եւ ազնվության խնդիր։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած «հակաքարոզչական հրադադարի» գաղափարին այս առումով բացահայտիչ է։ Աշոտյանը, ընդունելով երկրորդ նախագահի առաջարկի տրամաբանությունը, կենտրոնանալ բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարի վրա, միաժամանակ մատնանշում է լուրջ ներքին հակասություն. եթե մի կողմից հնչում են միավորող հայտարարություններ, մյուս կողմից նույն քաղաքական ճամբարի ներկայացուցիչները հանրային հարթակներում շարունակաբար հարվածում են Հանրապետականին, ապա սա խոսում է կա՛մ քաղաքական կառավարման բացակայության, կա՛մ թիմային անկարգապահության, կա՛մ էլ՝ անկեղծության պակասի մասին։
Աշոտյանի կատարած երեք հետեւությունները, ըստ էության, ախտորոշում են ընդդիմադիր դաշտի ներկա վիճակը։ Առաջին՝ եթե քաղաքական առաջնորդի խոսքը չի աշխատում իր թիմի ներսում, ապա ինչպե՞ս կարող է աշխատել հասարակության լայն շերտերի վրա։ Երկրորդ՝ եթե թիմակիցները չեն լսում կամ չեն հասկանում առաջնորդի հնչեցրած ուղերձները, ապա խոսքը ոչ թե միասնական ռազմավարության, այլ ձեւական հայտարարությունների մասին է։ Եվ երրորդ՝ երբ հրապարակային ասվածն ու գործնական քայլերը չեն համընկնում, քաղաքական վստահության հարցն ինքնաբերաբար կասկածի տակ է դրվում։
Այս համատեքստում Սերժ Սարգսյանի՝ ընդդիմության միավորման վերաբերյալ զգուշավոր ձեւակերպումները լրացնում են ընդհանուր պատկերն ու ավելի հստակեցնում ՀՀԿ դիրքավորումը։ Երրորդ նախագահը փաստում է, որ ցանկությունը կարող է լինել, սակայն իրադարձությունները ցույց են տալիս՝ միավորումը չափազանց բարդ խնդիր է։ Այս ձեւակերպումը թերեւս թաքնված քննադատություն է այն ուժերի հասցեին, որոնք միավորման մասին խոսում են, բայց պատրաստ չեն ընդհանուր օրակարգի, ընդհանուր պատասխանատվության եւ փոխադարձ զսպվածության։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

